Ռուսական կոնցեսիան՝ Արևմուտքի ու TRIPP-ի ճանապարհին. Հայաստանը՝ «ոչ բարեկամական» դառնալու շեմին
2022 թվականից հետո Ռուսաստանը, այսպես ասած, երկրները բաժանեց «բարեկամականի» և «ոչ բարեկամականի»: Մոսկվայի այս աշխարհաքաղաքական վերադասակարգումը, մասնավորապես՝ «բարեկամ» և «ոչ բարեկամ» պետությունների տրոհումը, անկանխատեսելի միջավայր է ստեղծում նրա հարևանների համար: Ներկայումս Հայաստանը բարեկամ երկիր է: Սակայն, ըստ ռուսական տրամաբանության, եթե Հայաստանն ամրապնդի համագործակցությունը Եվրոպական միության հետ, ապա կդառնա ոչ բարեկամական։ Այս կարծիքին է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:
REGIONSTV-ի հետ զրույցում Պողոսյանն ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները վերջին կես տարվա ընթացքում շարունակում են վատթարանալ, և առայժմ առևտրատնտեսական խնդիրների կարգավորման որևէ նշան չկա: Գլխավոր պատճառն այն է, ինչպես նկատում է վերլուծաբանը, որ ՀՀ կառավարությունը ձգտում է ընդլայնել կապերը Եվրոպական միության հետ՝ ընդհուպ մինչև երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը, ինչն էլ հարուցում է Մոսկվայի դժգոհությունը, քանի որ այսօր ԵՄ-ն Ռուսաստանի հիմնական արտաքին քաղաքական մրցակիցն է:
Պողոսյանն ասում է, որ առաջիկա մի քանի տարիներին Ռուսաստանի և Եվրոպական միության միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունն ակտիվորեն է քննարկվում․Կրեմլի տեսանկյունից՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը և անգամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության տեսական հնարավորությունը որոշակի իմաստով վկայում են այն մասին, որ Հայաստանն անցել է Ռուսաստանի թշնամիների ճամբար․«Մոսկվան ուզում է հստակ պատասխան ստանալ հիմա և մոտ ապագայում՝ Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է մոտենալ Եվրոպական միությանը, թե՞ ոչ: Եթե այո, ապա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը կլինի նույնը, ինչ մյուս ոչ բարեկամական երկրների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ այդ ժամանակ բոլորովին այլ կլինեն, թեև ներկայումս Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես դե-յուրե բարեկամական երկիր»:
Ըստ Պողոսյանի, դժվար է վերլուծել Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որն ուզում է լիարժեքորեն օգտվել ԵԱՏՄ արտոնություններից և միայն դրանից հետո անդամակցել Եվրոպական միությանը: Նա նկատում է՝ կառավարությունն այժմ ասում է, որ Հայաստանին այլընտրանքներ են պետք ու այդպիսի այլընտրանքներից մեկը ԵՄ-ն է, ՀՀ կառավարությունը նաև հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց դժվար թե հաջողվի երկար ձգձգել այս իրավիճակը․ «Վերջին 30 տարում Հայաստանը եղել է Ռուսաստանի դաշնակիցն ու բարեկամը: Նա գտնվում էր ռուսական ազդեցության ոլորտում: Եթե Հայաստանն այժմ ցանկանում է դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից և մերձենալ ԵՄ հետ, ապա պարզ է, որ դա չի կարող բավականին զգալի բացասական փոփոխություններ չբերել հայ-ռուսական հարաբերություններում: Այլ կերպ ասած՝ անհնար է ասել՝ լավ, մենք փոխում ենք մեր հարաբերությունները Մոսկվայի հետ, այլևս չենք ուզում լինել ՌԴ ազդեցության տակ, մենք ուզում ենք հարաբերություններ ունենալ ուժային այլ կենտրոնների, այդ թվում՝ ԵՄ հետ»։
Ըստ Պողոսյանի՝ հազիվ թե Մոսկվան փոխի իր դիրքորոշումը, այսինքն՝ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման իր քաղաքականությունը, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև այս տարվա վերջ կամ 2027 թվականի սկիզբ Հայաստանը Կրեմլի համար կդառնա ոչ բարեկամական երկիր՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի և եվրոպական այլ երկրների նման: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կանցնի Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ճամբար։
Խորհրդարանական ընտրություններից հետո հուլիսի 27-ին առաջին անգամ հեռախոսազրույց ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հետ ընդունած համատեղ հայտարարությունը՝ ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Պուտինը մասնավորապես ընդգծել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Պուտինի այս պահանջը՝ ՀՀ-ում հանրաքվե անցկացնելը, Բենիամին Պողոսյանի կարծիքով, կարելի է որակել որպես միջամտություն ՀՀ ներքին քաղաքականությանը. հանրաքվե անցկացնել-չանցկացնելը մեր ներքին գործն է:
«Մենք տեսնում ենք, որ կառավարությունը փաստացի հրաժարվում է հանրաքվե կազմակերպելուց և հայտարարում է, որ մենք կարող ենք այն անցկացնել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի: Իսկ դա կարող է շուտ տեղի չունենալ: Ռուսական տեսանկյունից, որքան հասկանում եմ, իրենք հանրաքվե են պահանջում, որպեսզի իրենց համար հստակ պատասխան ստանան՝ Հայաստանը բարեկամակա՞ն, թե՞ ոչ բարեկամական երկիր է»,-նշում է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ եթե ՀՀ-ի ՌԴ-ի միջև տնտեսական հարաբերությունները խզվեն, առաջացող տնտեսական խնդիրները չեզոքացնելն անհնար կլինի ու այդ դեպքում Հայաստանը, յուրաքանչյուր բնակիչ կբախվի իսկապես ծանր ժամանակների։
«Եթե խոսենք ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի գրեթե ամբողջական խզման մասին, դա շատ ցավոտ կլինի Հայաստանի համար: ԵԱՏՄ-ն նշանակում է հասանելիություն ռուսական աշխատաշուկային, էժան ռուսական էներգակիրներին և այլ ոլորտներին: Հետևանքներն արդեն զգացվում են որոշ ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսությունում: Հույս ունենալ, թե երկրի յուրաքանչյուր քաղաքացի կամ բնակիչ չի զգա այդ ցավը, մեղմ ասած, միամտություն է: ԵՄ-ն կարող է մեղմել այդ ցավը: Եթե ցավը կարելի է արտահայտել բալերով, ապա ԵՄ-ն կարող է ապահովել, որ մենք զգանք ոչ թե 10-բալանոց ցավ, այլ, ասենք, 8-բալանոց: Շատ դժվար է ասել, թե որքան կտևի այդ ցավը՝ երեք տարի, հինգ տարի, թե տասը: Առայժմ Ռուսաստանն օգտագործում է տնտեսական ազդեցության լծակների միայն փոքր մասը, որոնք կարող է գործադրել Հայաստանի նկատմամբ»,-ասում է Պողոսյանը:
Ըստ նրա՝ եթե քաղաքական խնդիրները չլուծվեն, քիչ հավանական է, որ ռուսական շուկան բաց լինի Հայաստանի համար․« Ես առայժմ տնտեսական սահմանափակումները հանելու որևէ նախադրյալ չեմ տեսնում: Ընդհակառակը, եթե Հայաստանը հրաժարվի կազմակերպել այդ հանրաքվեն, ես նախադրյալներ եմ տեսնում այս տարվա վերջին կամ 2027 թվականի սկզբին նոր տնտեսական սահմանափակումներ մտցնելու համար»:
Ավելին, Մոսկվայի և Երևանի միջև հերթական կոնֆլիկտն է հասունանում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի (ՀԿԵ) շուրջ։ 2008-ին ՀՀ կառավարությունը Հայկական երկաթուղին հանձնեց Ռուսական երկաթուղիներին՝ 30 տարով կոնցեսիոն կառավարման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից երեք օր անց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքով անցնող երկաթուղուն, որն ըստ էության կապվելու է TRIPP-ին, հայտարարել է՝ ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու, երկաթուղին հայկական կողմը պետք է կառավարի․«Դա ՀՀ սեփականությունն է։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում, ես ուզում եմ հստակ լինել այս հարցով՝ այլընտրանք չկա այստեղ։ Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժում կքննարկենք»։ Նա նաև ասել է, որ կարող է Ռուսաստանից պահանջել 2 միլիարդ դոլար՝ երկաթուղիների կառավարման համար:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:
«Ռուսական երկաթուղիներ»-ում և ՌԴ կառավարությունում Փաշինյանի հայտարարությունները որակեցին անսպասելի և անհիմն՝ ընդգծելով, որ ընկերությունն ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները: 2008-2025 թվականների ընթացքում Հայաստանի ենթակառուցվածքներում ՌԵԴ-ի և ՀԿԵ-ի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 378 միլիոն դոլար (մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 396.3 միլիոն դոլար): Մոսկվան զգուշացրել է, որ Երևանի կողմից պայմանագրի միակողմանի լուծման կամ վերանայման դեպքում ռուսական կողմը պահանջելու է ներդրված միջոցների և պատճառված վնասի լիարժեք փոխհատուցում:
Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած պայմանագիր կարելի է բողոքարկել արբիտրաժում: Ցանկացած համաձայնագրում կողմերից մեկը կարող է միակողմանիորեն դուրս գալ դրանից․« Պարզ է, որ Ռուսաստանն ուզում է, որ այս կոնցեսիոն պայմանագիրը գործի մինչև 2038 թվականը, սակայն Հայաստանը համաձայն չէ և միակողմանիորեն լուծարում է համաձայնագիրը կամ հայց է ներկայացնում արբիտրաժ, անգամ արբիտրաժային դատարանի որոշումը նշանակություն չունի»:
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ խնդիրը թաքնված է ռուսական կոնցեսիայի մեջ, չէ՞ որ դա ԵՄ ԱՄՆ դիրքորոշումն է․«Որքան հասկանում եմ, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ եթե Հայաստանն ուզում է, որ ադրբեջանական և կենտրոնասիական բեռների մի մասը Նախիջևանից Հայաստանի տարածքով տեղափոխվի Թուրքիա, նա պետք է կամ մերժի, կամ չեղարկի «Ռուսական երկաթուղիներին» տրամադրված կոնցեսիան»։
Բենիամին Պողոսյանն ընդգծում է, որ «Մոսկվայի դիրքորոշումը հստակ է՝ պատճառ չի տեսնում կոնցեսիայից հրաժարվելու համար: Հայաստանի կառավարությունը նույնպես ունի հստակ դիրքորոշում, և այն չի փոխվի. երկաթուղու կառավարումը պետք է իրականացնի հայկական կողմը: Այսինքն՝ կողմերն ունեն բացարձակապես հակադիր ընկալում: Դժվար է ասել՝ կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը լուծել այս հարցը դիվանագիտական, այլ ոչ թե իրավական ճանապարհով»:
Զաբելա Ավագյան
