«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»․Միրզոյան
Սլովենիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման փորձով։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Թոմ Կայզերը։
Նա նշել է, որ ԵՄ անդամ դառնալու համար երկիրը երկար ճանապարհ է անցել, իրականացրել է մի շարք բարեփոխումներ․«Նման պետության առանցքն օբյեկտիվ դատական համակարգն է։ Բայց ամեն ինչի հիմքում ժողովրդի կամքն է, պետք է լսել ժողովրդին»։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ այսօր ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիրն իր ուրույն դերը կունենա և կօգնի մեզ առաջ մղել մեր օրակարգը։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստան-Եվրոպական միություն ուղղությամբ Հայաստանը վայելում է Սլովենիայի լիակատար աջակցությունը՝ բոլոր հնարավոր նախաձեռնություններում։
Միրզոայանը Կայզերի հետ քննարկել է տարածաշրջանային իրողությունները, ներկայացվել է խաղաղության օրակարգը հարևան պետությունների հետ․«Եթե մոտ հարևանությամբ նայենք՝ ոչ անմիջական սահմանով, նաև Ռուսաստանի հետ մեր՝ այս պահին եղած գործընթացները, համագործակցության զարգացումը, և որտեղ ևս ունենք Սլովենիայի աջակցությունը»։
Ասուլիսում լրագրողները Միրզոյանից հետաքրքրվել են, թե ինչպես կարձագանքի ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու մասին հայտարարությանը։
Ի պատասխան Միրզոյանն ասել է․«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամությունը սառեցրել ենք։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը ինչ-որ մեկնաբանություններ են անում, իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց շարունակում է մնալ լիիրավ անդամ։
Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, հետևաբար Հայաստանի դիրքորոշումը նույնպես պետք է հաշվի առնվի։ Ըստ Բորդյուժայի՝ Երևանի ներկայիս դիրքորոշումը հակասում է կազմակերպության գործունեությանը․«Ես կհեռացնեի նրանց։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ գործընկերներ են, պետք է պարզապես դուրս գան։ Բայց քանի որ երկակի դիրքորոշում ունեն՝ չեն հեռանում, չեն աշխատում և չեն մասնակցում, նրանց պետք է հեռացնել»։
Հիշեցնենք նաև , որ Հայաստանը 2024-ին սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին մեղադրում է Հայաստանի անվտանգության հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
