Ծանրամարտի ԱԱ. Գառնիկ Չոլաքյանի արդյունքը | Region

Ծանրամարտի ԱԱ. Գառնիկ Չոլաքյանի արդյունքը

Հոկտեմբեր 28,2026 19:08

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը: Հատկանշական է, որ այս ստուգատեսն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։

Հայ ծանրորդը հանդես եկավ B խմբում և երկամարտի 285 կգ արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում Չոլաքյանը նախ հաջողությամբ գլխավերևում պահեց 125 կգ, ապա՝ 130 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցումը (134 կգ) անհաջող ստացվեց։ Այս վարժությունում նա գրանցեց 8-րդ տեղը։

Հրում վարժությունը Չոլաքյանը սկսեց 155 կգ-ից և վստահորեն ֆիքսեց այն, բայց հաջորդ երկու մոտեցումներում չկարողացավ բարձրացնել 161 կգ ծանրաձողը՝ այստեղ բավարարվելով 14-րդ տեղով։

Նշենք, որ այս քաշային կարգի B խմբում լավագույն արդյունքը գրանցեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ռիկո Սապուտրան, որը երկամարտում գրանցեց 299 կգ (պոկումում՝ 135 կգ, հրումում՝ 164 կգ)։

armsport.am

Նորություններ