Կա հնարավորություն, որ հանրային ճնշման ներքո ընդդիմությունը կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին․ Փաշինյան
«Ինձ համար ակնհայտ դարձավ, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել։
Ես ԱԺ երեկվա հարցուպատասխանից հասկացա, որ մենք ունենք հնարավորություն թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված կլինի հանրային ճնշման ներքո, իհարկե իր քաղաքական դիրքորոշման արձանագրմամբ կողմ քվեարկել նախագծին՝ ասելով, որ համաձայն չէ, բայց համաձայն է որ քաղաքական պրոցես սկսվի ու ժողովուրդը որոշի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի ընդունմանն ու ընդդիմության դիրքորոշմանը։
Ընդդիմությունը պնդում է, որ դեմ է քվեարկելու, քանի որ նոր Սահմանադրությունից հանվելու է Անկախության հռչակագիրը։ Իշխանությունն էլ հայտարարում է, որ փորձելու է նոր Սահմանադրության նախագծի ընդունման համար պակասող ձայներ ստանալ ընդդիմությունից, եթե չստացվի, ապա կգնան արտահերթ ընտրությունների։
«Ես բազմիցս իմ ուղերձներում ասել եմ՝ Անկախության հռչակագիրը հակապետական է, որովհետև այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն»,-ասաց Փաշինյանը։ Անկախության հչակագրից հրաժավելը, ինչպես ասաց Փաշինյանը, կապ չունի Բաքվի պահանջների հետ, դա ՀՀ պետական շահերից է բխում։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը մեր պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված․«Ես համոզված եմ, որ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարը»։
«Երկու տարի է՝ խաղաղություն ունենք, իմ խնդիրն է, որ երկու տարին դառնա քսան տարի, քսան տարին՝ երկու հարյուր տարի և այդպես շարունակ։ Այս պատմական առաքելության հետևից ես աննահանջ գնալու եմ, համոզված եմ, որ ժողովուրդը մեզ աջակցելու է»,-ասաց Փաշինյանը։
