«Եթե որևէ մեկը մտածում է, որ կարա պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»․ Փաշինյան | Region

«Եթե որևէ մեկը մտածում է, որ կարա պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»․ Փաշինյան

Հոկտեմբեր 29,2026 14:47

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, երբ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև։

Լրագրողի հարցին՝ ի՞նչն եք ողջունում, այն, որ ԱԺ փոխնախագահը աթոռ է նետում ընդդիմադիրի վրա, որ մեկ այլ ՔՊ-ական հայհոյախառն սպառնալիք է հնչեցնում, այն, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անգործության էր մատնվել ու անվտանգության աշխատակիցներին չէր հրավիրել, Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ես տեսել եմ՝ միջադեպն ինչպես է սկսվել։ Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է պատգամավորին հարվածել կամ ձեռք բարձրացնել, այդ ձեռքը կջարդենք։ Շատ ուղիղ եմ ասում»։

Նա պնդեց, որ կադրերը տեսել է, ու հավելեց․ «Ձեռքը երակարացնում է, որ խփի։ Եթե որևէ մեկը մտածում է, որ կարա կոկորդից բռնի, կամ չգիտեմ ինչ անի, եթե որևէ մեկը մտածում է, որ կարա պատգամավորին խփի, որպես հետևանք, ասում եմ, այդ ձեռքը կջարդենք, չեմ ասում աթոռով, թե ինչով։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք, ուղիղ եմ ասում, թող իրենց տեղն իմանան։ Ամեն ինչ սահման ունի»։

«Երբ իրենց դուրսպրծուկը (նկատի ունի Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանին, խմբ․) դուրս էր տալիս ամբիոնից, և ՔՊ-ն 3 ամիս ասում էր՝ գնահատական տվեք տեղի ունեցածին։ Չտվին, դե հիմա թող ուտեն իրենց արածների հետևանքները, ու սրանից հետո միշտ լինելու է այդպես, ինչպես իրանց պահեն, ստանալու են էդ նույն արձագանքը»,- ասաց Փաշինյանը։

 

Նորություններ