ԱԺ-ում ծեծկռտուքը սադրելու համար իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում․ ոչ մի զղջում | Region

ԱԺ-ում ծեծկռտուքը սադրելու համար իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում․ ոչ մի զղջում

Հոկտեմբեր 29,2026 15:57

Խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կողմերն իրար են մեղադրում ու ոչ ոք չի զղջում տեղի ունեցածի համար։

Խորհրդարանական ընդդիմադիրներն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ տեղի ունեցածը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության կողմից նախապես ծրագրված և հրահանգավորված գործողություն էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը լրագրողներին ասել է․«ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է․ սա ծրագրված գործողություն էր։  Իրենց ձախողումները քողարկելու և հանրային օրակարգը շեղելու համար, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։ Ըստ Ղահրամանյանի՝ սա նախապես պլանավորված քայլ էր՝ հանրության ուշադրությունը ԹՐԻՓՓ-ի վտանգներից շեղելու համար։

Նույն խմբակցությունից Նարեկ Կարապետյանը հայտարարել է․«Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու։ Տեսանք՝ ով ինչ արեց՝ տղայական հայկական նորմալ կռիվ էր։ Ոնց որ ուրախացել եք, որ կռվի մեջ եք ընկել, ժողովուրդ»։

ՔՊ-ական պատգամավորները տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում են ընդդիմադիր պատգամավորների պահվածքի և տեղից հնչեցվող արձագանքների ու միջամտությունների վրա։

ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը լրագրողներ հետ զրույցում պնդել է,  թե կրքերը մի պահ արդեն հանդարտվել էին, կարծիք կար, որ ամեն ինչ կհանդարտվի, այդ իսկ պատճառով Ռուբինյանը չի ընդհատել նիստն ու անվտանգության աշխատակիցներին ներս չի հրավիրել․ «Հետո նորից ընդդիմությունը շարունակեց»։ Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ է նետել պատգամավորների ուղղությամբ, Հակոբյանն այսպես է արձագանքել․ «Իսկ դուք նորմա՞լ եք համարում, երբ Նարեկ Կարապետյանը հարձակվում է ամբիոնում ելույթ ունեցող պատգամավորի վրա, հարվածում նրան։ Այնուհետև, երբ մեզ հարվածում են, հետո ծեծ են ուտելու, այո՛, իհարկե։ Այսինքն՝ իրենք պետք է մեզ հարվածե՞ն, մենք ոչինչ չանե՞նք։ Մեզ ծեծե՞ն, մենք բարեվարք կանգնե՞նք, նայե՞նք։ Անտրամաբանական հարցեր եք տալիս։ Եթե պոկում են ԱԺ-ի գույքը և մեզ փայտով փորձում ծեծել, աթոռով ու շշով էլ ծեծ են ուտելու»։

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հայտարարել է․«Ես այսօրվա ծեծկռտուքը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության չարդարացված, անտեղի ագրեսիվ պահվածքը երեկ շատ հանգիստ մթնոլորտում քննարկված ԹՐԻՓՓ համաձայնագրի և Հայաստանի ապաշրջափակման հեռանկարների հետ եմ կապում։ Այո, ես ունեմ նման կասկած և գնալով համոզվում եմ դրանում, որ այս ամենը կապված է երեկ մեր կողմից հնչեցված կառուցողական դիրքորոշումների հետ։ Եվ այսօր դուք փորձեցիք բալանսավորել»։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ողջունել է ԱԺ-ում իր կուսակից պատգամավորների գործողությունները, նշելով․ «Աթոռով է, ինչով է, համարժեք է և ճիշտ։ Եթե որևէ մեկը մտածում է, որ կարա պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»։

Նորություններ