Մեր նպատակն ի վերջո ոչ թե Փաշինյան ունենալն էր, այլ առողջ պետական համակարգ
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով իր գործունեության մեկ տարին, մամլո ասուլիսի ժամանակ թվարկեց 100 փաստ, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո և որոնք նոր կառավարության հաջողություններն են: Փաշինյանի 100 կետերը, ինչ խոսք, կարևոր են, ցանկության ու ժամանակի դեպքում հնարավոր է հիշել էլի մի շարք դրական փոփոխություններ: Սակայն կառավարության մեկամյա գործունեության արդյունավետությունը չափելու համար կարևոր է այդ փաստերին նայել ոչ թե քանակական, այլ որակական տեսանկյունից: Հարյուր փաստերից քանիսն են արդյոք, որ նպաստում են Հայաստանում համակարգային զարգացումներ ապահովելուն:
Կոռուպցիայի վերացումը, մենաշնորհի դեմ պայքարը, զինծառայողներին ներքնազգեստի կանոնավոր մատակարարումն ու մյուս դրական փոփոխություններն, իհարկե, շատ կարևոր են, բայց դրանք համակարգաստեղծ փոփոխություններ չեն: Դրանք դրական փոփոխություններ են, որոնք իրենց արձանագրումը գտել են անձի, քաղաքական կամքի, ասել է թե՝ կոնկրետ հրահանգի արդյունքում:
Մինչդեռ այդ ամենը պետք է տրամաբանական հետևանք լիներ երկրում պետական առողջ համակարգի կայացման: Կոռուպցիան պետք է մերժելի լինի Հայաստանում ոչ թե այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ասում, այլ որ պետական համակարգն ինքը այնպես է գործում, որ արդյունքում ինքնաբերաբար մերժվում է կոռուպցիան:
Այդ իսկ պատճառով նախ և առաջ պետք է կառուցել այդ համակարգը: Ժողովրդավարական աշխարհն այդ համակարգի բանաձևը վաղուց է տվել: Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն առանձին հստակ սահմանազատված ճյուղերով պետք է վերահսկի ինքն իրեն, անհրաժեշտ է պետական այնպիսի ինստիտուտների կայացում, որտեղ հակակշիռների, փոխադարձ զսպման և վերահսկողության մեխանիզմներով հնարավոր է դառնում թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Այս ամենն իհարկե մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր ստանալ: Բայց մեկ տարվա ընթացքում հնարավոր էր իրագործել այդ փոփոխություններին միտված փոքրիկ դրական քայլեր կամ գոնե կիսաքայլեր, որոնք հույս կներշնչեին, որ երկիրը պատրաստվում է լուրջ փոփոխությունների, որ գցվում են գոնե նախահիմքեր, որոնք կօգնեին հաղթահարելու երկիրը խոսքով ու հրահանգով, անհատի ցանկությամբ, մարդկային որակներով ու կամքով ղեկավարելու անորոշության վախը: Առայժմ նման քայլեր չեն մատնանշվում: Եվ չնայած որ Փաշինյանը վստահ հայտարարում է, որ սուպերվարչապետությունը Հայաստանում վերացել է, մենք անցած մեկ տարվա ընթացքում, հիմա էլ շարունակում ենք ապրել սուպերվարչապետական համակարգում: Եվ ամենակարևորը՝ անկախ բուրգի գլխին հայտնված անձից, նրա որակներից այս համակարգը չի կարող համապատասխանել իրական ժողովրդավարական պետության կայացման պահանջներին։
Սուպերվարչապետ Փաշինյանը
«Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում: Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինի գործը՝ քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ այս կերպ հիմնավորելով, թե Հայաստանում սուպերվարչապետությունը վերացել է:
Այսպիսով, Փաշինյանը փորձում է համակարգի տրամաբանությունը կապել անձերի հետ, ինչը եթե ոչ քաղաքական մանիպուլյացիա, ապա չտրամաբանված մոտեցման արդյունք է:
Որովհետև եթե սուպերվարչապետը փայ չի մտնում ու բիզնես չի բաժանում, դա ամենևին չի նշանակում, թե ինքը սուպերվարչապետ չէ: Ինքը դարձյալ շարունակում է մնալ սուպերվարչապետ՝ միգուցե գաղափարական այլ որակներով, քաղաքական այլ ճաշակով, բայց միևնույն է, նա շարունակում է մնալ սուպերվարչապետ, իսկ համակարգը՝ սուպերվարչապետական, ինչը մենք մեկ անգամ արդեն մերժել ենք: Ի վերջո, հեղափոխության տրամաբանությունը ոչ թե սուպերվարչապետին փոխելն էր կամ նրան փոխարինելը բարի մեկ ուրիշով, այլ համակարգն էր մերժելի:
Եվ մյուս կողմից, պետության մեջ սուպերվարչապետի կամքն օրենքի ուժ չի կարող ունենալ, կոնկրետ երաշխիքներ են պետք, այլապես Նիկոլ Փաշինյանի տված ազնիվ խոսքը կամ քաղաքական երդումը չի կարող երաշխավորել նոր ժողովրդավարական համակարգի կերտում: Եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, որ ինքը փայ չի մտնում, դա ամենևին էլ չի ապահովագրում վաղվա մեկ այլ հեռանկարից, կամ դա չի նշանակում, որ Փաշինյանին հաջորդողը ևս կունենա այդ բարի կամքը և կկանգնի կարմիր լույսի տակ:
Մեր նպատակն, ի վերջո, ոչ թե Փաշինյան ունենալն էր, այլ համակարգ, որ ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, չի կարողանա ո՛չ հատել փողոցը կարմիր լույսի տակ, ո՛չ խուսափել դատարանում ցուցմունք տալուց: Փաշինյանի ու նոր իշխանության առաքելությունը հիմա նման համակարգ կառուցելն է, առնվազն դրա հիմքերը գցելը: Իհարկե, լավ ավանդույթներ հիմնադրելը ևս ողջունելի է, բայց գլխավորն ինստիտուցիոնալ երաշխիքներն են:
Փաշինյանը եւ ուժայինները
Փաշինյանն այս մեկ տարվա ընթացքում առնվազն հնարավորություն ուներ հրաժարվել իր որոշ լծակներից, օրինակ ինչպես խոստացել էր ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը կարող էին լինել, ոչ թե վարչապետին առընթեր, այլ ՀՀ կառավարության ենթակա մարմիններ՝ դրանով իսկ ավելի հաշվետու դարձնելով ուժային կառույցները խորհրդարանին եւ ավելի հզորացնելով խորհրդարանի դերն ու նշանակությունը որպես իրապես վերահսկող մարմին: Սակայն նա այս ընթացքում գերադասեց փոխել խաղի կանոնները: Չնայած ԱԺ-ում հրապարակային խոստմանը, որ իր վարչապետ ընտրվելուց հետո ուժային կառույցները կդառնան նախարարություններ եւ մյուսների նմանությամբ ենթակա կլինեն ՀՀ կառավարությանը եւ հաշվետու ԱԺ-ին, վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն իր այս խոստումը չկատարեց՝ իր ձեռքում պահելով ուժային կառույցների լծակները: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Մի՞թեւ Փաշինյանը չի պատկերացնում, որ համակարգի կայացման համար պարզապես անհրաժեշտություն է հրաժարվել սուպերվարչապետությունից եւ գնալ իրապես խորհրդարանական երկիր կառուցելու ճանապարհով: Անշուշտ, պատկերացնում է: Սակայն իրավիճակը ստիպում է հետքայլ անել:
Հիմա պատկերացնենք, որ վարչապետը, ով այսօր ուժերի գերլարումով է պահում ուժայինների նկատմամբ հսկողությունը, որոշում է պահել իր խոստումը եւ թողնել դրանք: Կառավարական թիմը, խորհրդարանն ունե՞ն բավարար պրոֆեսիոնալ որակներ՝ վերահսկելու ուժայիններին, պահելու դրանց ղեկավարման լծակները քաղաքական ղեկավարության ձեռքում, թե՞ դրանք հեշտությամբ կփախնեն իշխանության տակից:
Հենց այս հեռանկարը ստիպեց Փաշինյանին նահանջել իր տված խոստումից: Իսկ ժամանակին արված ոչ ճշգրիտ քայլերը, ինչ -ինչ եղանակներով կադրերի ընտրությունը, պետական մտածողության տեսանկյունից անհեռանկարային հաշվարկները Փաշինյանի կառավարության առաջին նահանջն էր, ինչն էլ հենց նախապատրաստել էր այսօրվա հետքայլը:
Հասկանալի է նաեւ, որ այսօրվա նրա հետքայլը չուներ այլընտրանք՝ իշխանությունը կառավարելի պահելու տեսանկյունից, բայց մյուս կողմից այն նահանջ է, ինչն իր հետեւից բերելու է նոր «հետեւանք-նահանջներ»:
Քրիստինա Մկրտչյան