ԱԱԾ-ն ու Դատախազությունը պիտի անմիջապես զբաղվեին Փաշինյանով. ԱԺ պատգամավոր | Region

ԱԱԾ-ն ու Դատախազությունը պիտի անմիջապես զբաղվեին Փաշինյանով. ԱԺ պատգամավոր

Նոյեմբեր 17,2024 13:05

«Հայաստանի թիվ մեկ ամբիոնից հնչեցին հակազգային, հակապետական  ու դավաճանական հայտարարություններ, նաև Հռչակագրի մասին, որը Հայաստանի երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է»,- Regions TV-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Անկախության հռչակագիրը կարդալիս՝ սարսափելի եզրահանգման է եկել, թե Հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ:

«Այդ հայտարարության երկրորդ վայրկյանին ես ակնկալում էի, որ  Հայաստանի Դատախազությունը, ԱԱԾ-ն պիտի անմիջապես զբաղվեին Նիկոլ Փաշինյանով՝ որպես պետական շահերի դավաճանի, որովհետև ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցին թուրք-ադրբեջանական նարատիվներ»,-ավելացրեց Գալստյանը:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը վերագրվող շրջաբերականին, որով իշխանության պնդմամբ՝ քաղաքական ուժը հրաժարվում է Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից, Գալստյանը նշեց՝ հրապարակ նետված փաստաթուղթը կեղծված է:

«Նրանք թիրախավորել են Դաշնակցությանը՝ որպես ազգային-գաղափարական քաղաքական ուժ, փորձում են իրական կործանարար օրակարգերից շեղել հանրությանը: Ուզում են, որ մենք ապացուցենք, որ բևեռային արջ չենք»,-ընդգծեց պատգամավորը:

Նորություններ