Ի՞նչ տարբերություն, թե ով է մեզ թալանում կամ ով է երկիրը հանձնում օտարներին | Region

Ի՞նչ տարբերություն, թե ով է մեզ թալանում կամ ով է երկիրը հանձնում օտարներին

Հուլիս 04,2017 14:10

«Պետք է ենթադրել, որ կա մի սահման, որն անցնելու դեպքում դժգոհությունը կարող է կրիտիկականի հասնել։

Վարչախումբը որքան էլ փորձի չհատել այդ սահմանը և ձևականորեն մնալ արդարադատության կանոնների շրջանակում, միևնույն է, նա գործ ունի ոչ սովորական ամբաստանյալների հետ, որոնք դատական դահլիճներում ոչ թե պաշտպանվելու են, այլ շարունակելու են պայքարել, հանդես են գալու հայտարարություններով և կոչերով, ըմբոստ և արհամարհական վերաբերմունք են դրսևորելու դատարանի և իշխող վարչախմբի հանդեպ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Աղայանը:

 

-Պարոն Աղայան, մի քանի օրից կլրանա հուլիսյան հայտնի իրադարձությունների մեկ տարին, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ու մոտ կես ամիս իր վերահսկողության տակ պահեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, այդ ընթացքում ժողովուրդը ոտքի կանգնեց, իր աջակցությունը հայտնեց խմբին, սակայն բոլորիս է հայտնի, թե ինչ ավարտ ունեցավ այդ ամենը: Այս մեկ տարվա ընթացքում արդյոք ինչ-որ բան փոխվել է երկրում:

-Դե ինչ-որ բաներ փոխվել են՝ ընտրություններ են անցել, Բաքվի ու Ռուսաստանի գործակցությունն է ավելի ծավալվել, ինչը զգում ենք շփման գծում։ Սակայն «Սասնա ծռերի» բարձրացրած հարցերին վերաբերող էական փոփոխություններ չկան։ Ժողովուրդն, իհարկե, զանգվածաբար սատարում էր Ծռերի գործողությանը, բայց այդ աջակցությունը մեծամասամբ պասիվ էր։ «Ոտքի կանգնածների» թիվը, որը նույնպես քիչ չէ, այնուամենայնիվ, «Սասնա ծռերի» սպասածի համեմատ, ակնհայտորեն անբավարար էր։ Այլապես չէին հանձնվի։

-Այս օրերին, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամների ու Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական նիստերն են ընթանում, որոնք ուղեկցվում են վիճաբանություններով, միջադեպերով, կա կարծիք, որ հասարակության շրջանում այն կարող է ընդվզման նոր ալիք բարձրացնել, որքանո՞վ եք հավանական համարում:

-Գուշակություն անել չեմ կարող։ Բոլոր դեպքերում դա չենք կարող բացառել։ Պետք է ենթադրել, որ կա մի սահման, որն անցնելու դեպքում դժգոհությունը կարող է կրիտիկական զանգվածի հասնել։ Վարչախումբը որքան էլ փորձի չհատել այդ սահմանը և ձևականորեն մնալ արդարադատության կանոնների շրջանակում, միևնույն է, նա գործ ունի ոչ սովորական ամբաստանյալների հետ, որոնք դատական դահլիճներում ոչ թե պաշտպանվելու են, այլ շարունակելու են պայքարել, հանդես են գալու հայտարարություններով և կոչերով, ըմբոստ և արհամարհական վերաբերմունք են դրսևորելու դատարանի և իշխող վարչախմբի հանդեպ։ Ուստի միջադեպերը շարունակվելու են, և ոստիկանները համապատասխան հրամանները կատարելիս պարբերաբար կորցնելու են ադեկվատությունը։ Այս ընթացքը կարող է անվերահսկելի դառնալ։ Բայց ես իսկապես պատրաստ չեմ կանխատեսումներ անել։

-Հատկապես վերջին ընտրական պրոցեսներից հետո իշխանությունները փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ իրենց դեմ խաղ չկա ու անգամ սկսեցին կոշտ հայտարարություններով պատասխանել ԵՄ դեսպանի գնահատականներին: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված նրանց այդ կեցվածքը, ինչո՞ւ են այդքան ինքնավստահ:

-Դեսպանին պատասխանելը նման չէր ինքնավստահության։ Ավելի շուտ վախի դրսևորում էր, նաև նեղացածության, թե իբր ձեր բոլոր պահանջները կատարեցինք, ընտրությունների արդարության ձևական կողմն ապահովեցինք, անգամ ընդդիմադիրներն ընդունեցին արդյունքները, էլ ի՞նչ եք ուզում։ Ինչ վերաբերում է ընդդիմությունը ոչնչացնելու հետ կապված ինքնավստահությանը, ապա այն նույնպես լիարժեք չէ։

Նախ այդ պյուռոսյան հաղթանակը ոչ միայն չի վերացնելու արտագաղթը, արտաքին պարտքը և պատերազմի վտանգը, այլև ահագնացնելու է այդ սպառնալիքները։ Եվ երկրորդ հանգամանքը, որը դեռ բավարար չի գիտակցվում՝ հին ու բավականին անարդյունավետ ընդդիմությունը ոչնչացնելով, վարչախումբն իր ձեռքով մաքրել է դաշտը նոր, ավելի արմատական և ավելի արդյունավետ ընդդիմության համար։ Ենթագիտակցական վախը սրա հանդեպ նույնպես մեծ է, և վարչախումբն անհամարժեք ուժ է փորձելու կիրառել իր դեմ պայքարի բոլոր նոր, անգամ ամենափոքր օջախների հանդեպ։

-Վերջերս շատ քննարկվեց նաև այն հարցը, թե 2018 թվականի ապրիլից հետո ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, խոսվեց նաև, որ այդ հարցում իշխանության ներսում կան լուրջ տարաձայնություններ: Ձեր գնահատմամբ՝ իրո՞ք իշխանությունը կիսելու հարցում խնդիրներ ունեն:

-Ունեն, թե չունեն՝ իրենք գիտեն։ Մեզ ՀՀԿ-ի ներքին խնդիրներն առանձնապես չպետք է հետաքրքրեն, քանի որ դրա բոլոր թևերն էլ հավասարապես հակազգային են ու մեզնից որևէ մանդատ երբեք չեն ստացել։ Ի՞նչ տարբերություն, թե ով է մեզ թալանում կամ ով է Երկիրը հանձնում օտարներին։ Մեր խնդիրը Հայաստանում Հայության ինքնիշխանության վերահաստատումն է։ Թեև ներպալատական պառակտումը դրան նպաստող հանգամանք կարող է լինել, սակայն նման պառակտումը հավանական կդառնա հանրային կազմակերպված ճնշման դեպքում միայն։ Մենք այդ ճնշումը մեծացնելու ձևերի մասին պետք է խորհենք, այլ ոչ թե սին սպասելիքներ ունենանք գաղութային վարչախմբի ներսում անունների փոփոխությունից։

— «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե ամեն բան պետք է անել՝ թույլ չտալու համար, որ 2018-ին Ս. Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ու եթե զբաղեցնի, ապա դա երկրում թավշյա հեղափոխության սկիզբ կարող է դնել: Ու ընդհանրապես նա կողմ է ընդդիմադիր դաշտի մոբիլիզացմանը: Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ հնարավոր համարո՞ւմ եք:

-Հին ձևերով ընդդիմադիր դաշտի մոբիլիզացիային, համախմբմանը ու մնացած ժամանակավոր ու անիմաստ ձևաչափերին անցյալում էլ երբեք չեմ հավատացել, առավել ևս հիմա դա հնարավոր չեմ համարում։ Բայց ես հավատում եմ այլընտրանքային ընտրությանը։ Եթե պետական, հիմքից անարդար և կեղծվող ընտրությունների միջոցով մենք չենք կարողանում ազգային առաջնորդներ ընտրել, ապա իմաստ ունի փորձել ընտրել նրանց պետական համակարգից դուրս։ Ազգային հեղափոխությունը կիրականանա միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ակտիվ հայ ինքն ընտրի և ճանաչի իր առաջնորդներին, ծանոթ լինի նրանց ծրագրին ու պատրաստ լինի վստահել նրանց ինքնիշխանության վերականգնման և ազգային պետականակերտման գործը։ Րաֆֆի Հովհաննիսյանին ու մյուս հայտնի գործիչներին կառաջարկեի մտածել այլընտրանքային խորհրդարանի և ստվերային կառավարության ընտրություն կազմակերպելու մասին։ Սակայն պարտադիր ընտրության մասին, այլ ոչ թե մի խումբ մարդկանց ինքնահռչակման, և ոչ մի դեպքում ձևական, այլ կատարյալին մոտ, լայն մասնակցությամբ ու բովանդակային նախընտրական քննարկումներով։

Իսկ Սերժ Սարգսյանը կլինի ինքը վարչապետ, թե վարչապետ նշանակող, հեչ կարևոր չէ։ Նա կամ նրա նման մեկը հարց լուծող կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր վարչապետին ու նրա նախարարներին չունենք։ 1989-ին ո՞վ էր Հայաստանի ղեկավարը՝ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ տեղական կոմկուսի կենտկոմի քարտուղարները։ Որ պահին որ ընտրեցինք մեր ապագա կառավարությունը՝ հավանություն տալով նրա ծրագրին, այդ պահից էլ կմիացնենք սարգսյանների ու կարապետյանների արտաքսման հետհաշվարկի ժամացույցը։ Իսկ եթե ուժով դիմադրեցին, այդ դեպքում, ենթադրում եմ, «սասնածռությունը» թե ավելի արդյունավետ կլինի, թե ավելի ծավալուն։

Հերմինե Մկրտչյան

Նորություններ