Քարոզարշավի օրը․Ով, ինչ է ասել | Region

Քարոզարշավի օրը․Ով, ինչ է ասել

Մայիս 11,2026 22:34

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն է․ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերը շարունակում են իրենց հանդիպումները թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

Քարոզչության օրն ամփոփում ենք, ներկայացնելով, որ ուժեից որոնք ինչ ուշագրավ հայտարարութուններ են արել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։

«Մեր ժողովուրդը դժգոհ է դատական իշխանությունից, ասում է, որ Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա, Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը։

Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է փոխի իշխանությունը, որովհետև չունի արդար, անկախ դատական համակարգ»,-հայտարարել է այս ուժի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Խոսելով Հայաստանը Եվրոպա տանելու մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ ոչ թե Հայաստանն են տանում Եվրոպա, այլ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան։ «Դա նրա մասին չի, որ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա, դա նրա մասին է, որ մանկապղծության դեպտքը չի կոծկվում»,-ասել է Մարուքյանը։

ԼՀԿ-ն ընտրողներին խոստանում է՝ եթե իրենց օգտին քվեարկերն, հնարավորություն կունենան ամբողջությամբ փոխել դատական համակարգը։

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն այսօր անդրադարձել է ՌԴ նախագահի Հայաստանին վերաբերող քաղաքականությանն ու ասել՝ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի հարցը, և դրանից օգտվելու է Ադրբեջանը։

«ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանություն չի փոխելու, և հիմա ազգային հույզեր վաճառելով՝ փորձում է ուժեղացնել նրանց»,-նշել է Սարգսյանը։

Նա կարծիք է հայտնել, որ Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, «քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը անդրադարձել է իրենց կողմից մշտապես հայտարարվող «խաղաղության երաշխավորներ» ունենալու հնարավորությանը։

«Երբ ասում ենք, որ պետք է երաշխավորված խաղաղություն, դրա հիմնական նպատակն այն է, որ բացի ԱՄՆ-ից, Իրանն էլ լինի խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Վերջին մեկ–երկու ամսվա ընթացքում տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին, ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն, և այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ»,-ասել է Կարապետյանը։

Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ Արարատի և Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ Արարատյան դաշտավայրի համար հատուկ ծրագիր են մշակել, ամբողջ աշխարհին պետք է մենք ցույց տանք, թե ինչքան համեղ մրգեր կան Արարատյան դաշտավայրում, խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի գյուղացիներն արտադրանքը էժան չվաճառեն, զարգացնելու են գյուղատնտեսությունը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքը չի ուզում վարչապետի պաշտոնը զբաղեցնել, թեև կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը որպես կուսակցության առաջնորդ։

Նա վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցության ԲՀԿ-ն չի գնա։

«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ ներկայացրել է նախընտրական ծրագրի որոշ կետեր։  Վստահեցրել է, որ բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրեն անվճար բնակարան մարզերում։

Սոցցանցում տարածած տեսանյութի միջոցով Թաթոյանն ասել է․«Մենք պետք է խրախուսենք մեր ընտանիքներին, որ շատ ընտանիքներ կազմվեն, շատ երեխաներ ունենան։ Մեր բնակչությունը պետք է շատանա ու դրանով մեր պետությունն ուժեղանա։ Դա կարևոր է ապագայի համար»։

 

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա է իրականացրել Շենգավիթում։ Այս ուժի նախընտրական ցուցակի 10-րդ համար Արմեն Ադամյանը հայտարարել է՝  անցողիկ շեմը հաղթահարելուց ու ԱԺ մտնելու ց հետո շարունակելու են իրենց նույն այն գործունեությունը, ինչ արել են մինչ այսօր՝ թե՛ արտերկրում՝ մասնավոր լոբբիստական գործունեության միջոցով, թե՛ երկրի ներսում՝ ժողովրդին ծրագրերը ներկայացնելով և առկա մարտահրավերներին իր լուծումները առաջարկելով, շարունակելու են նույն ծրագրերն արդեն որպես խորհրդարանական ուժ։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ այսօր հայտարարել է, որ Բևեռը Հայաստանում ունի այնքան հենարան, որ խորհրդարան մուտք գործելու ներուժ ունի։

«Հայաստան» դաշինքն այսօր Գեղարքունիքում էր, Դպրաբակ համայնքում պատգամավորի թեկնածուները հայտարարել են, որ նախընտրական ծրագրով նախատեսում են, որ գյուղացիների աշխատանքը սահմանելու են որպես աշխատանքային ստաժ։

«Այն կառույցներում, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ՝ դատախազություն, քննչական կոմիտե և այլն, ոչ մի ատեստավորում չկա․ աշխատավարձերը միանգամից բարձրացնում են և վերջ, բայց բանակից, ուսուցչից ատեստավորում են ուզում։ Փոխելու ենք․ այս ամենն ամբողջությամբ վերանայվելու է»,-բնակիչների հետ զրույցում ասել է դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը։

Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այսօր Արթիկ խոշորացված համայնքում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Ինչպե՞ս պատահեց որ ՌԴ-ն սկսեց հակառակորդին 2010 թվականից զենք վաճառել։ Ասում էին՝ բիզնես է։ Զենքը բիզնես չէ, զենքը քաղաքականություն է, իրավիճակը փոխելու ապրանք։ 44-օրյա պատերազամի ժամանակ հակառակորդի սպառազինության 85%-ը եղել է ռուսական։ Սրա պատասխանը պահանջող որևէ մեկը եղե՞լ է։ Մենք այս հարցն ենք բարձրացնում»,- հայտարարել է Բաբաջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է զինված ուժերին։ Նա նշել է․« «Վերջին երեք տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում տեղադրվել է 170 միլիարդ դրամի պատվեր, ինչի արդյունքում ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ, որոնք արտադրանք են թողարկում։ Արժի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում ու իրենց սեփական աչքերով տեսնեն մի փաստ՝ նոր որակի բանակը»։

Անդրադառնալով ՌԴ նախագաի հայտարարությանը, թե «Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի, օրինակ հանրաքվեի միջոցով պարզի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին, որից հետո մենք եզրակացություններ կանենք և կձգտենք մեղմ, խելացի և փոխշահավետ ապահարզանի», Փաշինյանն ասել է, որ համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ:

«ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։

․․․Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին»,-ասել է Փաշինյանը։

Լուսանկարը՝ արհեստական բանականության

Նորություններ