Սեռական բռնության զոհ դարձած երեխաների պաշտպանությունը ձախողված է․«Տղամարդկանց աշխարհը» իրավապահ համակարգում | Region

Սեռական բռնության զոհ դարձած երեխաների պաշտպանությունը ձախողված է․«Տղամարդկանց աշխարհը» իրավապահ համակարգում

Մայիս 09,2026 14:25

Վեդիում տեղի ունեցած ցնցող դեպքը բացահայտեց Հայաստանի իրավապահ և սոցիալական համակարգերի խորքային խնդիրները։ Երբ պետությունը պետք է դառնար վահան երկու անչափահաս քույրերի համար, այն դարձավ վերջիններիս կրկնակի տրավմայի պատճառ։

Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձը լիարժեք պաշտպանություն չունի։ Պատճառները պարզ են, բայց սարսափելի. չկան աջակցության մեխանիզմներ, չկան հստակ ընթացակարգեր, իսկ մասնագետների գիտելիքները բավարար չեն անգամ տարրական էթիկան պահպանելու համար։

Ժամանակագրական անգործություն. Երբ լռությունը հանցակից է

Հանրային մեծ արձագանք ստացած Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի մանրամասները փաստում են իրավապահ համակարգի ճակատագրական թերացումը։ Ըստ փաստաբանի՝ առաջին քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 12-ին։ Սակայն, պատշաճ միջամտության բացակայության պայմաններում, բռնությունը կրել է շարունակական բնույթ։ Արդյունքում՝ սեռական բռնության է ենթարկվել նաև մյուս քույրը։ Միայն երկու ամիս անց՝ ապրիլի 22-ին է նախաձեռնվել հաջորդ վարույթը։

Ավելին, Վեդիի քննչականում էլ քույրերը սթրեսի են ենթարկվել, անչափահասները հարցաքննվել են տղամարդկանց կողմից, իսկ քույրերից մեկը քննչական բաժնում նույնիսկ հանդիպել է բռնարարին։

Փորձագիտական կարծիք. «Մասնագետների կրթությունը բացակայում է»

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» (ՍԲՃԿ) նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ իրենց կազմակերպությունը միակն է հանրապետությունում, որ մասնագիտացված է այս ոլորտում, սակայն մեկ կառույցի ռեսուրսները չեն կարող փոխարինել պետական համակարգին։

«Այսօր խնդիր կա ոստիկանի, քննիչի, սոցիալական աշխատողի դեպքում, որոնք  առանց հստակ գործիքների, ուղղակի դեպքի մասին լսելով որակում են տալիս, այ այստեղ է ամենամեծ խնդիրը։ Չկա հստակ նկարագրություն, չափորոշիչներ, թե սեռական բռնության ո՞ր դեպքը ինչ աջակցություն պետք է ստանա, ո՞րն է երեխայի լավագույն շահը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ մի առումով երեխայի շահերի հետ կապ չունի»,- ընդգծում է Աղաբեկյանը։

Մասնագետը նաև քննադատում է հանրային այն աղմուկը, որը, թեև միտված է արդարադատությանը, սակայն հաճախ լրացուցիչ սթրես է երեխաների համար, ովքեր չեն հասկանում պատժի իրավական կողմը, բայց զգում են իրենց տուն ներխուժող խառնաշփոթը։

«Բոլորը համոզված են, որ այս աղմուկը ստեղծել են երեխայի շահերից ելնելով, բայց ես կասեմ՝ ո՛չ, որովհետև իրականում երեխաները ոչ էլ հասկանում են, թե ինչ է բռնարարների պատիժ կրելը։ Մինչդեռ այս աղմուկը, խառնաշփոթը՝ մարդիկ գնում են  իրենց տուն, հարցեր են տալիս․․․դա չի բխում երեխայի լավագույն շահից»,-ասում է Աղաբեկյանը։

«Տղամարդկանց աշխարհը» քննչականում, դատաբժշկությունում

Խնդիրն էլ ավելի է բարդանում օրենսդրական և ընթացակարգային բացերի պատճառով։

Սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը սկզբում հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։ Դատաբժիշկը տղամարդ էր։  Միայն փաստաբանների ներգրավվելուց հետո, որոշակի վստահություն ստեղծելուց հետո է համաձայնվել անցնել այդ գործընթացի միջով։

«Ոչ միայն երեխաներն են հրաժարվում, շատ չափահասների համար էլ են տրավմատիկ այն պրոցեդուրաները, որոնք այսօր կան սեռական բռնության ենթարկված անձի համար։ Օրինակ հարցաքննությունը՝ բռնության ենթարկված անձը պետք է գնա ինչ-որ առանձնացված սենյակ հարցաքննության կամ ցուցմունք տալու, ու այն դեպքում, երբ իրավապահների շրջանում չկա  խնդրին զգայուն մոտեցում, գաղտնի լսելու պրակտիկա։ Պատկերացրեք՝ մարդուն մի քանի հոգի լսում են  այդ ընթացքում, կարող է կողքից էլ գան մարդիկ, տարբեր հարցեր տան կամ  ուղղակի հանգիստ մտնեն այդ սենյակ, նայեն, թե՝ «էդ ո՞վ է, որ ենթարկվել է սեռական բռնության, որովհետև բաժնում արդեն գիտեն, որ սեռական բռնության ենթարկված անձ կա»,-նկատում է մասնագետը։

Դատաբժշկական փորձաքննությունները, ինչպես նշում է Աղաբեկյանը, հատկապես մարզերում, իրականացնում են հիմնականում տղամարդիկ (մոտ 98%)։

«Մարզ կա, որ այդ բժիշկը մարզկենտրոնի բժշկական հաստատությունում ինչ-որ ժամեր է նստում, իսկ եթե այդ մարզկենտրոնից հեռավոր գյուղում է այդ դեպքը եղել, ապա մարդը ինչ փորձությունների միջով պետք է անցնի, նստի ավտոմեքենա, գնա հասնի էդ ինչ տեղը, ընդհանուր հիվանդանոցի մեջ, սպասի մինչև դատաբժիշկը գա, և որ ամենակարևորն է, բոլորը գիտեն, որ դա դատաբժիշկն է, ուրեմն մի բան կատարվել է»,- ասում է Աղաբեկյանը։

Թաքնված վիճակագրություն

Սեռական բռնությունը ունի բարձր լատենտայնություն (թաքնվածություն)։ Աղաբեկյանն ասում է՝ այն, ինչ արձանագրում են իրավապահները, դա իրական պատկերը չէ, շատ դեպքերի մասին հանրությունը կամ իրավապահները չեն էլ իմանում։

ՀՀ քննչական կոմիտեի 2025  թվականի զեկույցի համաձայն՝  անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով դատարան ուղարկված 132 վարույթից 35-ը եղել է սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու կամ տարածելու հետ կապված։

2024-ին՝ անչափահասների նկատմամբ հանցագործությունների դեպքում դատարան ուղարկված 115  վարույթից 30-ը եղել է սեռական ազատության դեմ ուղղված։

2023-ի տվյալներով՝ դատարան ուղարկված 78 վարույթներից  14-ը սեքսուալ բնույթի գործողությունների դեպքեր են

2022-ի տվյալներով՝  դատարան ուղարկված վարույթներից 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողություններ, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ, 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու դեպքեր։

«Սեռական բռնության  ճգնաժամային կենտրոնը» տարեկան 50 դեպքի հետ է աշխատում:

Աղաբեկյանը համաշխարհային վիճակագրությանն է հղում անում՝ եթե չափահասների դեպքում կանայք ավելի շատ են ենթարկվում սեռական բռնության, ապա անչափահասների դեպքում՝ 5/3 հարաբերակցությամբ է, (աղջիկներ/տղաներ)։

Նա նշում է՝ տղաներն էլ են ենթարկվում սեռական բռնության.«Մենք ունեցել ենք տղա երեխաների դեպքեր, երբ թե՛ սեռական բռնության են ենթարկվել, թե՛ սեռական ոտնձգության, բայց թվերը ավելի քիչ են, քան աղջիկների պարագայում։ Չափահաս տղաների չորս դեպք ենք ունեցել»։

Բռնարարի «սառնասիրտ հաշվարկը»

Մասնագետը հերքում է այն կարծրատիպը, թե բռնության ենթարկվում են միայն խոցելի ընտանիքների երեխաները։ Պարզապես նման ընտանիքները պետական կառույցների տեսադաշտում են, ինչի շնորհիվ դեպքերն ավելի հաճախ են բացահայտվում։

Ավելին, Աղաբեկյանը պնդում է, որ բռնարարի գործողությունները ոչ թե հոգեկան շեղման կամ կախվածության արդյունք են, այլ սառը հաշվարկի.

«Բռնարարը շատ լավ հասկանում է՝ ինչ իրավիճակում և ինչ տիպի երեխայի է մոտենում, ո՞ր ժամերին, արդյո՞ք ծնողները կտեսնեն, թե ոչ։ Կամ՝  բռնարարը ծանոթ է ընտանիքին, գնալ-գալ է եղել, տեսել է, թե երեխաները ինչ շփումներ ունեն ծնողների հետ, և գնահատական է տալիս ու հասկանում, որ այս երեխաները փակ են, ծնողները տանը չեն, որովհետև երկու կոպեկ գումար վաստակելու համար ամբողջ օրը դրսում են։ Այս ամենը բռնարարը հաշվի առնում է։  Սովորաբար երբ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք բռնարարը խնդիր ունի, միշտ հարցնում են՝ «կարո՞ղ է մտավոր ինչ-որ խնդիր ունի»։ Ո՛չ։ Նույնիսկ եթե իմանանք, որ կա նման բան, մենք կարա՞նք ավելի մեղմ վերաբերվենք իրեն։ Ո՛չ, փաստը մնում է փաստ, որ նա երեխաների հանդեպ սեռական բռնություն իրագործած անձ է»։

Սեռական բռնության զոհի վախերը

Աղաբեկյանն ասում է՝ սեռական բռնության ենթարկված զոհն ավելի շատ վախենում է պիտակավորվելուց, իհարկե նաև՝ բռնարարից կամ նրա վրեժխնդրությունից։ «Երեխաների մոտ վախն ավելի ուժեղ է, քանի որ բռնարարը կարող է սպառնալ, որ եթե ինչ որ մեկին ասի, կսպանի, կամ նույն ընտանիքի մյուս երեխայի նկատմամբ նույնը կանի, կամ ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիք կհնչեցնի»,-ասում է մասնագետը։

Վեդիի դեպքում հենց այդպես էլ եղել է։

Վերջաբանի փոխարեն

Միայն հանրային մեծ ալիքից հետո իրավապահները սկսեցին գործել։ Երեք անձինք, ովքեր ամիսներ շարունակ ունեին ընդամենը վկայի կարգավիճակ, ձերբակալվեցին վերջին օրերին։ Սակայն հարցը մնում է բաց. քանի՞ երեխա է դեռ շարունակում մնալ նույն տանիքի տակ բռնարարի հետ, քանի դեռ համակարգը «սպասում է» հերթական հանրային աղմուկին։

 

Տիրուն Մարգարյան

Լուսանկարները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով

Նորություններ