ՊԵԿ-ը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։
Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։
Ի՞նչ էր նախկինում․ Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։
Ի՞նչ է փոխվել․ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
Նորություններ
