Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գագիկ Մկրտչյանի արդյունքը
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի հավաքականի կազմից վերջինը մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը (+110 կգ), որը, ցավոք, անհաջողության մատնվեց և չկարողացավ արդյունք գրանցել երկամարտում:
Հայ ծանրորդը պոկում վարժության ժամանակ անսխալ իրացրեց առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 150 կգ և 155 կգ կշռող ծանրաձողերը, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրված 160 կգ-ն այս անգամ չենթարկվեց նրան: Այս մրցաձևում Մկրտչյանը բավարարվեց 9-րդ հորիզոնականով: Հրում վարժությունում մեր ներկայացուցչի մոտեցումներն անարդյունավետ էին. նա նախ երկու անգամ չկարողացավ ֆիքսել 190 կգ, ապա ձախողեց նաև 191 կգ քաշը՝ ստանալով զրո:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարի մեջ էր մտել 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, որը երկամարտի 364 կգ արդյունքով գրավել էր 5-րդ տեղը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց իր ելույթներն աշխարհի այս առաջնությունում:
