Ընտրություններ Հայաստանում. ՀՆԱ-ի եռապատկում, 150-հազարանոց նոր քաղաք, 10 ջրամբար, ռուսական կապիտալի կրճատում | Region

Ընտրություններ Հայաստանում. ՀՆԱ-ի եռապատկում, 150-հազարանոց նոր քաղաք, 10 ջրամբար, ռուսական կապիտալի կրճատում

Մայիս 13,2026 21:05

RegionsTV-ն շարունակում է ներկայացնել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները։

Այս հոդվածում ներառված են ոչ բոլոր ուժերի ծրագրերը։ Քանի որ ընտրություններին մասնակցում են 19 ուժեր, ուստի մեկ հոդվածում բոլորին ներառել հնարավոր չէ։  «Միասնության թևերի», «Ուժեղ Հայաստանի», ՀԱԿ-ի, «Հայաստան» դաշինքի ծրագրերին արդեն անդրադարձել ենք։

Նշենք, որ ոչ բոլոր ուժերն են մինչ այս պահը ԿԸՀ-ին ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։ Հաջորդիվ կանդրադառնանք մյուս ուժերի ծրագրերին, որոնք դեռ չեն ներկայացվել ԿԸՀ։

Այսպիսով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը մտել են խոստումների փուլ։ Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ), իշխող «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) և «Հանրապետություն» կուսակցության ծրագրերը։

Որոշ ուժերի առաջարկները կրկնվում են, որոշներն էլ նույնիսկ առաջարկում են ինչ-որ իմաստով շարունակել իշխող ուժի սկսած ծրագրերը՝ մի քիչ համապատասխանեցնելով իրենց «ճաշակին»։

 Իրական հաշվարկ, թե՞ նախընտրական պոպուլիզմ

  1. Լոգիստիկա և ենթակառուցվածքներ. Ո՞ւմ «Ճանապարհն» է ավելի իրատեսական

Տրանսպորտային հանգույց դառնալու հավակնությունը առկա է բոլորի մոտ, բայց շեշտադրումները տարբերվում են։

«Բարգավաճ Հայաստանը» տրանսպորտային և տնտեսական փոխկապվածության զարգացումը դիտարկում է որպես երկարաժամկետ աճի, մրցունակության բարձրացման և երկրի տարածաշրջանային դերի ամրապնդման հիմնական գործոններից մեկը։ Նշում է՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է աշխատի Հայաստանի համար։

Նրանք առաջարկում են.

  • ՀՀ լիակատար ինքնիշխան վերահսկողություն սեփական ենթակառուցվածքների նկատմամբ։
  • Տրանսպորտային երթուղիների գործարկում բացառապես փոխադարձության հիման վրա։
  • Խտրական ռեժիմների բացառում։
  • Առաջիկա 2-3 տարում «Հյուսիս-Հարավ» նախագծի հիմնական հատվածների արագացված ավարտ։
  • Վրաստանի հետ երկաթուղային և ճանապարհային կապերի արդիականացում։
  • Սահմանային և մաքսային ենթակառուցվածքների թվայնացում և թողունակության բարձրացում։

«Քաղաքացիական պայմանագիրն»  առաջարկում է շարունակել սկսած ծրագրերը.

  • «Թրամփի ուղի» ներդրումային նախագծի (TRIPP) մեկնարկ։
  • Գյումրի-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթգծերի վերակառուցում։
  • Մեղրիի (Ագարակի) անցման կետի ընդլայնում (2-ից դեպի 5 անցուղի) և Բագրատաշենի արդիականացում (10 անցուղի)։
  • 4 խոշոր թունելների (Քաջարան, Դիլիջան, Բարգուշատ, Պուշկին) կառուցում և վերակառուցում՝ մինչև 2033 թվականը։
  • 2500 կմ ճանապարհների հիմնանորոգում։

Համեմատություն. ԲՀԿ-ի դրույթները զարմանալիորեն կրկնում են իշխող ուժի վերջին ամիսների հռետորաբանությունը՝ ինքնիշխանության և փոխադարձության մասով։ Սակայն ԲՀԿ-ն խոստանում է «Հյուսիս-Հարավն» ավարտել 2-3 տարում։  Ինչպե՞ս է ԲՀԿ-ն պատրաստվում 3 տարում ավարտել մի նախագիծ, որը տասնամյակներ շարունակ չի ավարտվում ֆինանսական և լոգիստիկ բարդությունների պատճառով։ Արդյո՞ք սա պարզապես նախընտրական պոպուլիզմ չէ։

  1. ՀՆԱ-ի «Թռիչքաձև» աճ և ներդրումային մոդելներ

Այստեղ թվերի կռիվն առավել սուր է։

ԲՀԿ-ն առաջարկում է անցնել սպառողական մոդելից ներդրումային մոդելի՝ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 40%-ի։ Նրանց թիրախը՝ եռապատկել ՀՆԱ-ն 5 տարում։

  • ՔՊ-ն խոստանում է տարեկան առնվազն 6% միջին աճ և արդյունաբերության ծավալները հասցնել 5 տրիլիոն դրամի։
  • Համեմատություն. ՀՆԱ-ն 5 տարում եռապատկելու համար անհրաժեշտ է տարեկան ապահովել մոտ 25% տնտեսական աճ։ Համաշխարհային տնտեսության մեջ նման «թռիչքներ» գրեթե չկան։ Ո՞րն է այն կախարդական փայտիկը կամ ռեսուրսը, որով ԲՀԿ-ն կարող է կարող է Հայաստանի ՀՆԱ-ն 5 տարում եռապատկել, այս ուժը չի ներկայացրել, իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ քարոզարշավի օրերին այդ գաղտնիքը չի բացել։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի խոստումին, ապա նշենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին երկնիշ աճ է գրանցել 2022-ին՝ 12,6%, այնուհետև այն նվազել է՝ 2023-ին՝ 8.7%, 2024-ին՝ 5.9%, 2025-ին՝ 7,2%:  Մասնագետների մեծ մասը աճը կապում է արտաքին գործոնների (ռուս-ուկրաինական պատերազմ, միգրացիոն հոսքեր, վերաարտահանում) հետ։ Երբ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի նկատմամբ, Հայաստանը դարձավ տնտեսական «միջնորդ», և շատ ապրանքներ, որոնք այլևս ԵՄ-ից ՌԴ-ին  հասանելի չէին, կամ հակառակը՝ ՌԴ-ից այլ երկրներ, ՀՀ-ն այդ ապրանքները ներմուծում է, այնուհետև, առանց էական վերամշակման, վերավաճառում այլ երկրներին։ Վերաարտահանումը «հեշտ փող» է տնտեսության համար, բայց այն չի ստեղծում երկարաժամկետ արժեք կամ աշխատատեղեր արտադրության մեջ։ Ուստի, երբ ՔՊ-ն հավակնոտ խոստումներ է տալիս, պետք է հաշվի առնել, թե ինչի հաշվին։ Օրինակ՝ եթե գործարկվի Ամուլսարի հանքը, բարձր գնաճ լինի, եթե կառավարությունն ապահովի կապիտալ ծախսերի բարձր մակարդակ (ճանապարհներ, ջրամբարներ, դպրոցներ և այլն), խոստացած թիվն արձանագրվի։ Սակայն պետք է հաշվի առնել, որ արտաքին գործոնների ազդեցությունն էլ հնարավոր է թուլանա։

  1. Հարկային «դրախտ» և սոցիալական շռայլություն

ԲՀԿ-ի առաջարկների փաթեթը նման է սոցիալական հեղափոխության.

  • 10 մարզերում հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտիներ։
  • Նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 150,000 դրամ։
  • Միկրոբիզնեսի (մինչև 60 մլն շրջանառություն) լիակատար ազատում հարկերից։
  • Փոքր բիզնեսի համար (60-180 մլն)՝ 1% շրջանառության հարկ։
  • Գույքահարկի կրկնակի կրճատում։
  • Վարկային համաներում. մինչև 3 մլն դրամ վարկերի մայր գումարների մարում պետության կողմից, իսկ մինչև 5 մլն-ի դեպքում՝ տույժ-տուգանքների ներում։
  • Բանկային մարժայի իջեցում մինչև 3%։
  • Կենսաթոշակի հասցնում 100,000 դրամի (2027-ից) և ամենամյա ինդեքսավորում։
  • Գազի և լույսի սակագնի 10% նվազեցում։
  • Անվճար կրթություն բոլոր մակարդակներում (2028-ից)։

ՔՊ-ն  շեշտում է զբաղվածությունն ու աղքատության կրճատումը.

  • Տարեկան 25,000 նոր աշխատատեղ և աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։
  • ՓՄՁ մասնաբաժնի աճ ՀՆԱ-ում մինչև 40%։
  • Հաշմանդամություն ունեցող 2000 անձի համար անձնական օգնականի ծառայություն։

Համեմատություն. ԲՀԿ-ի ծրագիրը ենթադրում է բյուջետային եկամուտների կտրուկ նվազում (հարկային արտոնություններ) և ծախսերի ահռելի աճ (վարկերի մարում, թոշակներ, անվճար ուսում)։ Ինչպե՞ս է հնարավոր միաժամանակ քիչ հարկ հավաքել և շատ գումար բաժանել։  ՔՊ-ի խոստումը՝ աղքատության կրճատում 5 տոկոսային կետով, նշանակում է  աղքատության մակարդակը հասցնել 16.7%-ի՝ 2024-ի 21.7%-ի փոխարեն: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ում մոտ 100 հազար, եթե ոչ ավել, մարդ պետք է դուրս գա աղքատությունից։ Ինչ վերաբերում է տարեկան 25,000 նոր աշխատատեղերին, որը հնարավոր է ազդի աղքատության կրճատմանը, ապա ՔՊ-ն գուցե հույսը դնում է արևմուտքի խոստացած ներդրումների վրա, այդ թվում՝ Թրամփի ուղու։

  1. Գյուղատնտեսություն. «Խելացի» լուծումներ, թե՞ տեխնիկական վերազինում

ԲՀԿ-ն խոստանում է

  • Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերմանկայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով։
  • Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձին ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին։
  • Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը

 ՔՊ-ն խոստանում է

  • 150 հա ջերմատներ, 7500 հա ինտենսիվ այգիներ, 50 «խելացի» անասնաշենք։
  • Տավարի մսի (88%-ից 93.5%) և կաթի (78.6%-ից 88.7%) ինքնաբավության բարձրացում։
  • 20,000 նոր մեքենասարքավորումներ, որից 3000-ը՝ գյուղտեխնիկա։
  • Արտահանման կրկնապատկում մինչև 8.9 մլրդ դոլար։

Համեմամտություն ԲՀԿ-ն ընդհանուր է խոսում, ՔՊ-ն թվել է նշում։ Նկատենք, որ ՔՊ-ի նշած 50 «խելացի» անասնաշենքը գեղեցիկ է հնչում, բայց անասնապահությունը ՀՀ-ում զգալի կրճատվել է, քանի որ պատերազմից հետո արոտավայրերը կրճատվել են։ ԲՀԿ-ի առաջարկը՝ «պետությունը պետք է դառնա բիզնեսի 25–30% բաժնետերը խոշոր ծրագրերում, օգնի 5 տարի իրացման հարցում, հետո վաճառի բաժնեմասը», սա խնդրահարույց է, մի կողմից սա պաշտպանում է ներդրողին, մյուս կողմից՝ ստեղծում է կոռուպցիոն հսկայական ռիսկեր։ Ո՞ր բիզնեսին կընտրի պետությունը «փայ» մտնելու համար։

 

  1. Էներգետիկա, արդյունաբերություն, ջրամբարում. ռուսակա՞ն, թե՞ արևմտյան վեկտոր

Այս հարցում «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է գալիս ամենակտրուկ առաջարկներով.

  1. Հանքահումքային ռեսուրսների պետականացում կամ ՌԴ կապիտալի կրճատում՝ միջազգային բորսաներ դուրս գալու նպատակով։
  2. Ատոմակայանի կառուցում ԱՄՆ-ի (400 մգ/վ) և Ֆրանսիայի (600 մգ/վ) հետ՝ 2027-ից։
  3. Մինչև 5 միլիարդ խ/մ ջրի ամբարում
  4. Տեխնոլոգիական ոլորտի համար 150,000 բնակչի համար նոր քաղաքի հիմնադրում։
  5. Գործազրկության հասցնում 3%-ի (10 տարում)։

ՔՊ-ն  խոստանում է

  • Գործող ատոմակայանի կյանքի երկարաձգում մինչև 2036 թվակա։
  • Նոր էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն մինչև 2027-ի ավարտը։
  • ՔՊ. Խոստանում է 10 ջրամբարի կառուցում մինչև 2033 թվական։

Համեմատություն. «Հանրապետությունն» առաջարկում է տնտեսության լիակատար աշխարհաքաղաքական շրջադարձ։ Որքանո՞վ է իրատեսական ՌԴ կապիտալի դուրսմղումը հանքերից առանց լուրջ տնտեսական ցնցումների կամ դատական հայցերի, և արդյո՞ք Հայաստանը կարող է միաժամանակ երկու տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա) հետ ատոմակայան կառուցել։ Ոչ ԲՀԿ-ն, ոչ ՔՊ-ն նման կտրուկ «դե-ռուսականացման» դրույթ չունեն։ «Հանրապետություն» կուսակցության նոր քաղաքի ստեղծումը շատ հավակնոտ ծրագիր է, այն ավելի մասշտաբային նախագիծ է, քան ՔՊ-ի տարեկան 25,000 աշխատատեղը կամ ԲՀԿ-ի 10 արդյունաբերական գոտիները։ Սա ենթադրում է նոր տնտեսական էկոհամակարգի ստեղծում «զրոյից»։ Ինչ վերաբերում է ջրերի ամբարմանը ՝ մինչև 5 միլիարդ խորանարդ մետրը, պետք է նկատել, որ ահռելի թիվ է։ Հայաստանի ամենամեծ ջրամբարը՝ Ախուրյանը, ունի ընդամենը 525 մլն խ/մ տարողություն։  Հայաստանի ներկայիս 11 (Ճամբարակի նորաբաց ջրամբարը ներառյալ) ջրամբարների ընդհանուր տարողությունը ավելի քան 1,4 միլիարդ խորանարդ մետր է՝ ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։  Այսինքն, Արամ Սարգսյանի ուժը՝ «Հանրապետետությունը», խոստանում է Ախուրյանի պես 9-10 ջրամբար կառուցել։

Լուսանկարը՝ արհեստական բանականության

 

Նորություններ