Երևան-Մոսկվա հարաբերությունների սրման աշխարհաքաղաքական հետևանքներն ու մարտահրավերները.փորձագետների կարծիքներ
Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման ֆոնին կտրուկ սրվել են Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։ Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։
RegionsTV-ի հետ զրույցում տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանն ու վերլուծաբան Գագիկ Հարությունյանը քննարկել են Երևանի և Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությունը։
Զրուցակիցները միակարծիք են՝ պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև լարվածության պատճառը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովն էր։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ԵՔՀ համաժողովից հետո Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Նրան բողոքի նոտա է հղվել Ուկրաինայի նախագահի Վլադիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու և հակառուսական սպառնալիքներ հնչեցնելու համար։ Նշվում է, որ Երևանի կողմից նման գործողությունների նկատմամբ պատշաճ քննադատության բացակայությունը չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթին։
Մայիսի 9-ի շքերթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները, նշելով, որ «ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ մեր՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ, կողմնորոշվել հնարավորինս շուտ։ Դե, օրինակ, անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու իրենց ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, որից հետո մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կգնայինք մեղմ, ինտելիգենտ և փոխշահավետ ամուսնալուծության ճանապարհով»։
Պուտինը նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հետ. «Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է հիմա կատարվում Ուկրաինայի հետ։ Բայց ինչի՞ց ամեն ինչ սկսվեց։ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի փորձից»։
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պուտինի հայտարարությունից հետո վստահեցրել է, որ ճգնաժամ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, թեև որոշ հարցերում կարող են խնդիրներ լինել։
Տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանը չի կարծում, որ Մոսկվան հեշտությամբ կհրաժարվի Հայաստանի արևմտյան կողմնորոշումից կամ հեշտությամբ կհարմարվի դրան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ դժվարությամբ կընդունի այդ հանգամանքը։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները Պետրոսյանը համարում է ամենահարմար գործիքը։
«Պետք է հաշվի առնել, որ ՌԴ հնարավորություններն ու գործիքները սահմանափակ են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա ազդելու համար։ Ռուսաստանը կփորձի զսպել Հայաստանի կողմնորոշման գործընթացը քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և այլ միջոցներով։ Ամենահարմար գործիքը, թերևս, Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են։ Եթե այս միջոցը ձախողվի, ապա, բնականաբար, Ռուսաստանը դուրս կմնա տեսադաշտից։ Դեռևս վաղ է կանխատեսել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, քանի որ մենք գործ ունենք խորը գլոբալ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոփոխությունների հետ։ Այս դեպքում, բնականաբար, շատ բան կախված է ինչպես աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններից, այնպես էլ Ռուսաստանի հնարավորություններից»,- նշեց քաղաքագետը։
Պետրոսյանը կարծիքով՝ Պուտինի՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելն արվում է նոր համատեքստում և հաշվի է առնվում Ռուսաստանի ազդեցության մակարդակը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա։ «Ռուսաստանի հնարավորությունները՝ Հայաստանում խորը արմատներ գցած իրավիճակը փոխելու և առկա իրավական հիմքերը, բավականին թույլ են։ Իր ելույթում Պուտինը նշեց, որ հայ ժողովրդի տրամադրությունները, ցանկություններն ու շահերը կարևոր են իր և Ռուսաստանի համար։ Դրանով Մոսկվան, բնականաբար, սահմանափակեց գործընթացների վրա ազդելու իր կարողությունը։ Կրեմլը դժվար թե ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են հարվածել իր հեղինակությանը ու հայ հասարակության շրջանում իր գործողությունների նկատմամբ բացասական ընկալում առաջացնել։ Կարծում եմ՝ Ռուսաստանն արդեն բախվել է շատ լուրջ խնդրի Ուկրաինայում, և նմանատիպ խնդիրը Հարավային Կովկասում կարող է լինել նրա հնարավորություններից վեր»,-ընդգծեց քաղաքագետը։
Ըստ Պետրոսյանի՝ այս պահին լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ չեն նկատվում։ Նա համոզված է, որ Կրեմլը չի կարողանա լուրջ ազդեցություն ունենալ հայ ժողովրդի տրամադրությունների վրա․«Հնարավոր է՝ Մոսկվան որոշակի քայլեր ձեռնարկի քաղաքական առումով կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև Հայաստանում ընտրությունների ավարտը. հնարավոր է՝ հռետորաբանության տեսանկյունից, քարոզչական մակարդակով։ Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կձեռնարկի որևէ սկզբունքային քայլ, որը կարող է ազդել հայ ժողովրդի տրամադրությունների կամ Ռուսաստանի նկատմամբ նրա վերաբերմունքի վրա»։
Իսկ վերլուծաբան Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Մոսկվան ձգտում է ինչ-որ կերպ մնալ պատշաճության սահմաններում։
«Այսօր Հայաստանում մրցակցում են երկու նախագիծ՝ եվրասիական և արևմտյան։ Առաջինն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանը, իսկ երկրորդը հետապնդում է զուտ աշխարհաքաղաքական նպատակներ, ինչպիսին է եվրասիական նախագծի ազդեցության թուլացումը»,-ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անցկացվում էր ԵՔՀ գագաթնաժողովը, որն ուղղված է բացառապես Ռուսաստանի բացասական կերպարի ստեղծմանը։ «Հայաստանը ԵՄ անդամ չէ, և Երևանում ԵՔՀ-ի անցկացումը սադրանք էր, որի ուղղակի խնդիրը Հայաստանի հարաբերությունների սրումն ու բարդացումն է Ռուսաստանի հետ։ «Նիկոլականները» կփորձեն մեր հասարակությանը կանգնեցնել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև ընտրության առջև»,- ասաց վերլուծաբանը RegionsTV-ի հետ զրույցում։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանի համար տրամաբանական կլիներ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրապետական հանրաքվե անցկացնել և ընտրություն կատարել․«Մենք պարտավոր ենք մնալ ԵԱՏՄ-ում։ Եթե Եվրոպան այսօր չհայտնվեր այնպիսի ողբալի վիճակում, որում գտնվում է ուկրաինական ռազմաճակատում ՌԴ անվիճելի հաղթանակի և ԵՄ նկատմամբ ԱՄՆ հակակրանքի ֆոնին, նա երբեք ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն կունենար Հայաստանին ԵՄ ընդունելու և հայ ժողովրդին օգնելու»։ Վերլուծաբանը հավելեց, որ ԵՄ-ն, հատկապես այն բանից հետո, երբ նրանցից նեղացել է Թրամփը, զարգացնում է իր ռազմարդյունաբերական համալիրը և օգնում Ուկրաինային, թեև դա այնքան էլ լավ չի ստացվում․«Սա ԵՄ-ի քարոզչական օպերացիան է, և Հայաստանը հաճույքով մասնակցում է այդ վարժանքներին»։
Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Եվրոպական միությունը չի կարող երաշխավոր լինել Հայաստանի համար, քանի որ ԵՄ-ն այժմ պետք է զբաղվի իր խնդիրների լուծմամբ, իսկ դրանք շատ են․«Շատ երկրներ տարիներով սպասում են ԵՄ-ին անդամակցելուն, բայց չեն կարողանում։ Մենք երբեք չենք անդամակցի ԵՄ-ին, դա անիրականանալի իրողություն է։ Եվրոպական միությունը մեծ սպառնալիք է Հայաստանի համար։ Պուտինը ճիշտ է ասում՝ չի կարելի անել որոշ բաներ, որոնք ի վնաս Հայաստանի կլինեն։ Բացի այդ, մենք կարող ենք զրկվել Եվրասիական միության կողմից տրվող բոլոր արտոնություններից՝ նկատի ունեմ գազի գները, երկրի անվտանգությունը»։
Հարությունյանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանը խզի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, կլինեն սարսափելի հետևանքներ, լիակատար փլուզում. «Դրան շատ են ուզում հասնել մեր եվրոպացի բարերարները։ Շատ հուսով եմ, որ այս ընտրություններում ժողովուրդը և հայ հասարակությունը իրենց մեջ ուժ կգտնեն կործանելու նոր հայ օկուպանտների լուծը»։
Գագիկ Հարությունյանը կարծում է, որ սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Թուրքիայից և Ադրբեջանից։ «Նրանք միշտ խոսել են խաղաղության մասին, բայց սպանել են հայ ժողովրդին, իրականացրել ցեղասպանություն, և դա շարունակվում է մինչ օրս։ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սպառնալիք չկա, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք հզորացնում իրենց բանակը և մանևրում մեր սահմանների մոտ։ Թուրքերն ասում են մի բան, անում են ուղիղ հակառակը։ Մենք այս հարցում պատմական փորձ ունենք»,- ընդգծեց վերլուծաբանը։
Զաբելա Ավագյան
Նորություններ
