Քարոզարշավի օրը․Ով, ինչ է ասել, ով է պարել, ում են մեղադրել
Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրն է․ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերը շարունակում են իրենց հանդիպումները թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։
Քարոզչության օրն ամփոփում ենք, ներկայացնելով, որ ուժերից որոնք ինչ ուշագրավ հայտարարութուններ են արել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի մարզում, եղել է նաև Շիրակի մարզի Արթիկ համայնքում։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրությանը, կենսաթոշակների բարձրացմանն ու ասել․ «Փոփոխությունն էական է այնքանով, որ Հայաստանում միջին կենսաթոշակը առաջին անգամ համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին»։
Նա խոսել է նաև խաղաղությունից․ «Ժողովուրդ, ձեր աչքի առաջ է եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, մեղադրանք, էդ ամեն ինչի միջով անցնելով, մենք կայացրել ենք որոշումներ։ Ես կայացրել եմ ամենաբարդ, ամենադժվար որոշումները, և այդ ամեն ինչի արդյունքում ՀՀ-ում հաստատված է խաղաղություն»։
Ուշագրավ է, որ այսօր Ապարան քաղաքում Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։
Ապարանում քաղաքացիներից մեկը Փաշինյանին հարցրել է՝ «նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»։ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել քաղաքացու հարցին։
ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, վստահեցնելով, որ կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով»։
Ապարանում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նաև նախընտրական ցուցակում է, հայտարարել է «ծիրանի և « Ջերմուկ» հանքային ջրի` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Նա հայտնել է, որ կարկուտ է տեղացել միայն առանձին տարածքներում և մեծ վնաս չի պատճառել բերքին, ուստի Ռուսաստան մատակարարումների հետ կապված խնդիրներ չեն սպասվում։ Ինչ վերաբերում է հանքային ջրի արտահանմանը, նախարարն ասել է, որ ՌԴ արտահանման արգելքը վերաբերում է մի քանի խմբաքանակների, բայց սա Հայաստանից ՌԴ արտահանման մի փոքր մասն է միայն. «Մենք տասնյակ անգամ ավելի շատ ենք արտահանում»։
Արթիկում Փաշինյանը հիշել է անազատության մեջ եղած շրջանը․«Ես Արթիկ քրեակատարողական հիմնարկում նստել եմ 2010-ի դեկտեմբերին, դուրս եմ եկել 2011-ի մայիսին։ Էդքան նստել եմ ու պատկերացում չեմ ունեցել, որ Հառիճավանքը կողքն է։ Հետո, որ անցա, հասկացա կողմնորոշումը, զգացողությունը հետաքրքիր էր»։
Մի տղամարդ էլ մոտեցել է Փաշինյանին, ենթադրվում է, որ միասին են կալանավայրում եղել, ու ասել․«Հիշի՞ր, նեղում եմ եղել հետդ, կյանք»։
«Հայաստան» դաշինքն էլ այսօր Արթիկում էր, ՔՊ-ից հետո էին այցելել, հորդառատ անձրևի ժամանակ։ Դաշինքից Իշխան Սաղաթելյանը նույնիսկ կատակել է․ «Պարոն նախագահ, ասում են՝ Նիկոլն է մի քիչ առաջ ստեղով անցել»։ «Գոնե թրջվե՞լ է»,-ի պատասխան ասել է դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Արթիկում դահլիճային հանդիպում էր, հորդառատ անձևի պատճաով դրսում քիչ մարդ կար։
Արթիկում Քոչարյանն ասել է․«Խաղաղությունը, որը մեզ փորձում են հրամցնել, խաղաղություն չէ, քանի որ երաշխիքներ չկան, խաղաղություն է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը»,-ապա հավելել է․«Եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու»։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն այսօր Տավուշի մարզում էին։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն Իջեւանում ներկայացրել է իրենց ծրագիրը, թե ինչպես լուծել ծայրահեղ աղքատության խնդիրը․«Սամվել Կարապետյանը հայտարարում է՝ ստեղծվում է հիմնադրամ, որտեղ 70 տոկոս ներդրում են կատարելու հայ բիզնեսմենները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, 30 տոկոսը՝ պետությունը։ Այդ հիմնադրամն ամսական թոշակ ու նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են՝ 5 հոգանոց ընտանիքին ամսական 150 հազար դրամ։ Դա կօգնի մարդկանց երեխաներին լավ կրթության տալ, հետո էլ դուրս գալ այդ աղքատությունից»։ Այս ուժի ներկայացուցիչները Բագրատաշենում քննարկվել են տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։ Կարապետյանը անդրադարձել է Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին․ «Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»։ Ուստի, այս ուժն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էլ էին Տավուշ գնացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աչաջուրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննադատել է իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, նշելով՝ հարկերի բարձրացումն ու կյանքի պայմանների վատթարացումը պայմաններ են ստեղծում, որ բնակիչները ստիպված լքեն իրենց տները։
Բնակիչները դժգոհել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, ոռոգման և խմելու ջրի պակասից, պարարտանյութերի գների աճից, Ծառուկյանն ի պատասխան ընդգծել է, որ սահմանամերձ գյուղերը հատուկ ուշադրության, արտոնությունների և դոտացիաների կարիք ունեն։
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտարական հանդիպումն էին անցակացնում Երևանում։ Այս ուժի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահեցերլ է՝ խորհրդարան անցնելու համար սահմանված շեմը կհաղթահարեն։
«2 ծրագիր ունենք․ մինիմում՝ խորհրդարանում հայտնվել՝ ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու, մաքսիմում՝ իշխանափոխություն»,- նշել է նա։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ, ներկաներից մեկը դիմել է Մարությանին․ «Նիկոլի հետ շատ-շատ մոտ էիք․ ի՞նչն էր պատճառը, որ դուք նման ձևով հակառակ գնացիք իրեն։ Ի՞նչը չի կատարվել իր կողմից, ձեր միջով ի՞նչ անցավ»։ Մարությանը մի քանի պատճառ է նշել՝ ՔՊ-ն շատ արագ սկսեց շեղվել հեղափոխական սկզբունքներից․«Մարդկանց լայք տալու համար գործից էին ազատում, նույն պարգևավճարների հետ կապված անձամբ ունեցել եմ խոսակցություն վարչապետի հետ։ Ասել եմ՝ պարոն վարչապետ, ես մի բան չեմ հասկանում, երբ մենք հեղափոխություն էինք անում, անում էինք, որ մարդիկ լավ ապրեն, բայց մարդիկ դեռ լավ չեն ապրում, իսկ ձեր թիմի մարդիկ սկսել են լավ ապրել։ Էդ ո՞նց հասկանանք։ Նույն հեղափոխական նախարարը, որ ամբողջ կյանքը 300․000 դրամով լավ ապրել է, հիմա էլ կարող է ապրել, մինչև ժողովրդի վիճակը փոխվի»։
Մարությանը հայտարարել է, որ ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ չեն համագործակցելու։ Մի քաղաքացի էլ նրան հիշեցրել է․«Առանց Նիկոլ Փաշինյանի հովանավորության դուք կարո՞ղ էիք ընտրվել։ Նա է ձեզ առաջադրել… հայերեն մի հատ լավ բառ կա՝ երախտամոռ»։
«Ազգային-ժողովրդավարական Բևեռն» այսօր Տավուշի մարզում էր։ Նրանք հայտարարեցին՝ «վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգային դատարանում լուծելու ենք Արցախի միացման հարցը։ Սահմանադրական բարեփոխումներ են իրականացնելու, մենք հրաժարվում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդությունից, հռչակելու ենք 1-ին Հանրապետության իրավահաջորդը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գեղարքունիքի մարզում էր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Գավառում հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը բանակցությունների ժամանակ չի ունենալու վստահություն, թե իրեն ձայն է տվել ժողովրդի մեծամասնությունը, հետևաբար որոշումները կարող է միանձնյա կայացնել։
«Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն»,-ասել է Մարուքյանը։
«Հիմա ինչ է կատարվում․ կա իշխանություն, կան 3 ընդդիմադիր խոշոր ուժեր։ Իշխանությունը թիրախավորում է այս ուժերին, քանի որ լավ հասկանում է, որ միայն այդ 3 ուժերի անցնելով իշխանությունը չի փոխվի, հետևաբար թիրախավորում է իրենց, որ իբր կռիվը գնում է միայն իր ու նրանց միջև։ Ես եկել եմ ասելու, եր եթե մենք չանցնենք Խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բոլոր նրանք, որոնք ուզում են, որ փոփոխություններ լինեն, և դեռ չեն կողմնորոշվել, մեր ուսումնասիրություններով շուրջ 200 հազար մարդ չի ուզում իր ձայնը տալ իշխանությանն ու իմ նշած ընդդիմադիր ուժերին, այդ մարդկանց համար մենք ունենք պրոդուկտ։ Դուք մեր միջոցով լինում եք Խորհրդարանում, ԱԺ-ի այդ մասին բաժնետերը։ Դա նշանակում է թույլ չտալ, որ Հայաստանը գնա հին բարքերին», -նշել է ԼՀԿ-ի առաջնորդը։
Մարուքյանը նույնիսկ թեթև պարել է ԼՀԿ-ի նախընտրական երգի տակ։
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր Սյունիքում էր․ վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի զարգացումը տեսնում է Հայաստանի տնտեսության զարգացմամբ, ՀՀ անվտանգությունը տեսնում է Հայաստանի բանակի հզորացմամբ, իսկ բանակի հզորացումը՝ լավ սպառազինության գնմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասնում է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման՝ իրենց ծրագիրը։
«Հայաստանի հարավը կկապվի հյուսիսի հետ, կհաղթահարվի մեր ռազմավարական հաղորդակցության ուղիների միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից՝ ավելի արդյունավետ դարձնելով նրանց հետ խաղաղության գործընթացը։
Դառնալով տրանզիտային երկիր՝ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև, Հայաստանը կզարգացնի տնտեսությունն ու անվտանգությունը և բարեկեցություն կբերի մեր ժողովրդին»,- ասվում է տեսանյութում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացաուցիչներն այսօր Կոտայքում էին, նրանց վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Չարենցավանում նշել է, որ իր մոտեցումն արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են քաղաքական իրադարձությունները ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում կամ ԶԼՄ-ներում․«Վերածնունդը կսկսվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները դադարեն մանիպուլյացիաներ կիրառել և անցնեն ուղիղ ու ազնիվ հաղորդակցության գյուղերի և քաղաքների յուրաքանչյուր բնակչի հետ: Եկեք միասին կառուցենք հայկական պետությունը»։
Լուսանկարը՝ արհեստական բանականության
Նորություններ
