Ընտրություններ Հայաստանում. Տնտեսական «հրաշքի» խոստումները | Region

Ընտրություններ Հայաստանում. Տնտեսական «հրաշքի» խոստումները

Մայիս 11,2026 16:32

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը մտել են խոստումների փուլ։ Իրական հաշվարկ, թե՞ նախընտրական պոպուլիզմ։

Հայաստանի սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականության ապագան այս փուլում դարձել է պայքարի կիզակետը։

RegionsTV-ն ներկայացնում է ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները։ Այս հոդվածում ներառված են ոչ բոլոր ուժերի ծրագրերը։ Քանի որ ընտրություններին մասնակցում են 19 ուժեր, ուստի մեկ հոդվածում բոլորին ներառել հնարավոր չէ։ Առաջիկա հրապարակումներով կանդրադառնանք բոլորի ծրագրերին։

  1. Հարկային քաղաքականություն. Ով է ավելի «լիբերալ»

Հարկային դաշտում ուժերի միջև նկատվում է ակնհայտ մրցավազք՝ ով ավելի շատ կազատի բիզնեսը հարկերից։

  • «Միասնության թևեր»-ը հանդես է գալիս ամենաարմատական առաջարկով՝ վերացնել ԱԱՀ-ն և շրջանառության հարկը՝ ներդնելով պարզունակ 5% միասնական հարկ։ Սա կարող է թեթևացնել բիզնեսի բեռը, սակայն հարցականի տակ է դնում բյուջեի եկամուտների կայունությունը։ Այս ուժը խոստանում է բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները, աշխատանքը կորցնելու դեպքում տրամադրել եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։ Բացի այս, նաև խոստանում են Հայաստանը դարձնել արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն, բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրեն անվճար բնակարան մարզերում։
  • «Ուժեղ Հայաստան»-ը թիրախավորում է ՓՄՁ-ներին՝ առաջարկելով 0% շրջանառության հարկ մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար (սպասարկման ոլորտ, փոքր արտադրություն)։ Այս ուժը խոստանում է թուլացնել վարչարարությունը իրական ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ՝ նվազեցնելով ստուգումների, հաշվետվությունների և տույժերի ճնշումը, որպեսզի տնտեսվարողները կարողանան կենտրոնանալ գործունեության պահպանման և զարգացման վրա։ Ուժեղ վերահսկողություն կիրառել այն դեպքերի նկատմամբ, երբ խոշոր ընկերությունները կարող են արհեստականորեն տրոհվել մի քանի փոքր սուբյեկտների՝ շրջանառության հարկի արտոնությունից օգտվելու և հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։ Նաև խոստանում են ներմուծումը կրճատել, ավելացնել արտահանման ծավալները, ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով։ Բացի այս, խոստանում են սահմանել ընտրված առաջնահերթ դեղերի համար առավելագույն թույլատրելի մանրածախ գին՝ հիմնվելով ռեֆերենս երկրների այդ թվում Վրաստանի միջին գների վրա։ Այլընտրանքային՝ նույն ազդող նյութով դեղի պարտադիր առաջարկման կանոն․ առաջինը՝ առավել մատչելի տարբերակը։
  • ՀԱԿ-ն առաջարկում է 1-5 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարած ընկերությունները 2 տարով, 5 մլն-ից ավելի ներդրածները՝ 5 տարով ազատել շահութահարկից, իսկ վերաներդրվող շահույթը կազատվի շահութահարկից, կսահմանափակվի պետության միջամտությունը բիզնեսին։ Հայ ազգային կոնգրեսը խոստանում է գույքահարկը կտրուկ կրճատել, հատկապես վարձակալության տրված կամ ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող հողերի եւ գույքերի պարագայում։
  • «Հայաստան» դաշինքն առաջարկում է 0% շահութահարկ ռազմավարական արտադրողների համար։ Խոստանում է ներդնել փոքր բիզնեսի վճարած հարկերի ամբողջական հետվերադարձի, իսկ միջին բիզնեսի համար՝ ըստ տարածքային և ոլորտային առաջնահերթությունների տարբերակված հետվերադարձի գործուն մեխանիզմներ: Այս դաշինքը նույնպես փոփոխություններ է խոստանում գույքահարկի ոլորտում․ առաջարկում է գույքահարկի բեռի թեթևացում. չեղարկել 2026 թ. համար նախատեսված գույքահարկի բարձրացումները և 2027 2028 թթ. ընթացքում 50%-ով նվազեցնել գույքահարկը՝ բացառությամբ շքեղ գույքի։  Դաշինքի խոստումներից է՝ իրականացնել «Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց» ծրագիր։
  1. Գյուղատնտեսությունում նույն առաջարկներն են մթերում, պահեստավորում, ապահովագրություն, սուբսիդավորում

Գյուղատնտեսության ոլորտում ուժերն արծարծում են բոլորը տարիների նախընտրական ու ոչ նախընտրական շրջանում հնչող խնդիրն ու լուծումները։

  • «Միասնության թևերը» խոստանում է ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի և մթերման ագրոխորհրդատվության կենտրոններ, ապահովել օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում, զարգացնել ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։
  • «Ուժեղ Հայաստան»-ը շեշտը դնում է լոգիստիկայի վրա՝ առաջարկելով ստեղծել մթերման կայանների և պահեստների համակարգ, որտեղ պետությունը կաջակցի նաև վառելիքի ու պարարտանյութի հարցում։ Կստեղծվեն մաքսային պահեստներ՝ արտահանման գործընթացների արագացման և խմբաքանակների ձևավորման նպատակով, տարայավորում և փաթեթավորում՝ հոսքային գծերով՝ ներքին շուկայի և արտահանման պահանջներին համապատասխան։
  • ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը և ներդնել «պետական օպերատորների» համակարգ, որոնք կկառավարեն բերքատվությունը, գյուղացու բերքի իրացումը՝ երաշխավորելով նվազագույն շահույթ։ Օպերատորները կիրականացնեն բերքի պահեստավորում սառնարանային տնտեսություններում, իսկ անհրաժեշտության դեպքում պետությունը կսուբսիդավորի գները՝ ապահովելով գյուղացու երաշխավորված նվազագույն եկամուտը։ Օպերատորները կիրականացնեն անհրաժեշտ ռեսուրսների (վառելիք, սերմացու, պարարտանյութ եւ թունաքիմիկատներ) կենտրոնացված մեծածախ գնումներ՝ ապահովելով ցածր ինքնարժեք։ Կներդրվի չմշակվող հողի հարկ՝ խթանելով հողօգտագործումը կամ վարձակալությունը, պետության կողմից ոռոգման ջրի անխափան մատակարարման երաշխիքով։
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է մինչև 15 մլն դրամի վարկերի ամբողջական սուբսիդավորում և անմշակ հողերի կրճատում՝ յուրաքանչյուր հեկտարի համար 60,000 դրամ ուղիղ աջակցությամբ։ Այս ուժը խոստանում է՝ երաշխավորված մթերումների ճկուն համակարգ, ներդնել գյուղատնտեսական մթերումների գործուն և կանխատեսելի մեխանիզմներ: Իրականացնել մթերող ընկերություններին տրամադրվող վարկային միջոցների նպատակային սուբսիդավորում: Հակակարկտային կայանների ցանցի կրկնակի խտացում հանրապետության բոլոր ռիսկային գոտիներում։ Կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման նպատակով վարկերի սուբսիդավորում: Վերամշակող արդյունաբերության խթանում. խրախուսել գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններին՝ արտոնյալ և երկարաժամկետ վարկերի տրամադրման միջոցով։ Խոստանում է նաև ընդլայնել ագրոապահովագրությունը։
  1. Մեգանախագծեր և ենթակառուցվածքներ
  • ՀԱԿ-ը ներկայացնում է աշխարհաքաղաքական տնտեսության տեսլական՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում («Զանգեզուրի հանգույց») և նոր 1.2 ԳՎտ հզորությամբ ատոմակայան՝ ռուսական նախագծով։ Կարդիականացվի Սեւան-Հրազդանի կասկադը՝ 150 Mwh հզորությամբ հիդրոկուտակիչ էլեկտրակայանի վերածելու նպատակով: Առաջնային ուղղություն կդառնա ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Գերմանիայի եւ Իտալիայի առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ` մետաղաիոնային եւ կիսահաղորդիչ-մատրիցային փոխարկիչների տեխնոլոգիաների հիման վրա 1-2 MWh հզորությամբ կուտակիչ սարքավորումների ձեռքբերումն ու բաշխումը էներգետիկ համակարգում: Նորից զարկ կտրվի արեւային էներգետիկայի զարգացմանը։
  • «Ուժեղ Հայաստան»-ը կենտրոնանում է ներքին սոցիալական ենթակառուցվածքի վրա՝ խոստանալով 20,000 մատչելի բնակարան։ Խոստանում է, որ պետությունը կառուցապատողներին կտրամադրի հողատարածքներ արդեն պատրաստ ենթակառուցվածքներով (ճանապարհ, հոսանք, ջուր, գազ, կոյուղի), կսահմանի բնակարանների գների վերին շեմեր, ինչը կբացառի  սպեկուլյատիվ գնաճը։

«Հայաստան» դաշինքը թիրախավորում է տուրիզմը՝ նպատակ դնելով հասնել տարեկան 5 միլիոն զբոսաշրջիկի։ բացի այս, իր ծրագրում նշում է․«Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում. հասնել փոխադարձության սկզբունքի լիարժեք պահպանմանը և իրական ապաշրջափակմանը:  Դիլիջան-Վանաձոր երկաթուղու կառուցում և միասնական տրանսպորտային համակարգի ձևավորում, սկսել նոր, ժամանակակից ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրագործումը՝ կիրառելով բացառապես փորձարկված և անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներ: Լայնածավալ ջրամբարաշինություն, ոռոգման ցանցի վերականգնում և ոռոգման ջրի մատչելի սակագնի սահմանում:

  Ռիսկեր և հնարավորություններ

Համեմատելով այս ուժերի ծրագրերը՝ կարելի է առանձնացնել մի քանի օրինաչափություն՝

  1. Պետական միջամտություն. Գրեթե բոլոր ուժերն առաջարկում են պետության ուղղակի միջամտություն տնտեսությանը՝ լինի դա բիզնեսի բաժնետեր դառնալով («Ուժեղ Հայաստան», մինչև 30%), թե գյուղացու փոխարեն որոշումներ կայացնելով (ՀԱԿ)։
  2. Թվերի «մոգությունը». 300,000 նոր աշխատատեղի («Ուժեղ Հայաստան») կամ 5 մլն զբոսաշրջիկի («Հայաստան» դաշինք) խոստումները չափազանց հավակնոտ են, որոնք ենթադրում են ՀՆԱ-ի երկնիշ աճ տարիներ շարունակ։
  3. Հակասական հարկային խոստումներ. Ուժերը միաժամանակ խոստանում են և՛ հարկերի կտրուկ նվազեցում, և՛ սոցիալական ծախսերի ու ենթակառուցվածքների հսկայական ներդրումներ։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ