ՀՀ Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց երեւանցիներն ավելի՞ հավասար են | Region

ՀՀ Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց երեւանցիներն ավելի՞ հավասար են

Հունվար 27,2017 15:17

Գյումրիում գործում է համայնքային ենթակայության 24 մանկապարտեզ: 2016 թվականին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել է 2514, մինչդեռ Գյումրի համայնքում հաշվառված նախադպրոցական տարիքի (3-6 տ.) երեխաների ընդհանուր թիվը 4200 է:

Բազմաթիվ երեխաներ Գյումրիում զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից հենց այն պատճառով, որ ծնողները չունեն հնարավորություն վճարելու սահմանված վարձավճարը:

Ի տարբերություն մայրաքաղաքի, Գյումրիում մանկապարտեզները վճարովի են: Վարձավճարը տատանվում է 5000-8000 դրամի սահմաններում:

Մայրաքաղաքի մանկապարտեզները վճարովի են նաեւ մարզային հաշվառում ունեցող երեխաների համար, այս հաստատություններում անվճար կրթություն տրվում է միայն մայրաքաղաքի հաշվառում ունեցող երեխաներին: Սա ակնհայտ խտրականություն է, ինչը որոշ պաշտոնյաներ եւ փորձագետներ փորձում են արդարացնել մայրաքաղաքի բյուջետային առավել հնարավորություններով:

Տարածքային համաչափ զարգացման տեսլականն իշխանությունների նախընտրական խոստումներում տեղ գտած առանցքային դրույթներից է եղել, սակայն այս խտրականությունն ակնհայտորեն այլ բանի մասին է խոսում. տարածքային համաչափ զարգացումը գոնե Գյումրիից շատ հեռու է: Այլապես միայն համայնքային միջոցներով պայմանավորել հիշյալ հանգամանքը տեղին չէ, քանի որ պետք է նաեւ գնահատել, թե տվյալ համայնքն ունի՞ այդ կարողությունը մանկապարտեզներն անվճար դարձնելու համար:

Գյումրին այն բնակավայրն է, որտեղ պաշտոնական վիճակագրությամբ անգամ արձանագրված է աղքատության, ծայրահեղ աղքատության ամենաբարձր ցուցանիշը: Ի տարբերություն հանրապետության այլ բնակավայրերի, Գյումրիում ամենամեծն է նաեւ գործազուրկների թիվը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի «Թափանցիկ նախակրթարաններ» զեկույցի համաձայն՝ 2015 թվականին ամենաքիչ ծնողական վարձավճարն ընդհանուր առմամբ եղել է Գավառում՝ 18,96 մլն դրամ. այստեղ ծնողական վարձավճարը յուրաքանչյուր երեխայի համար ամեն ամիս կազմում է 4000 դրամ: Մանկապարտեզների ֆինանսավորման համար ծնողական ներդրումը բավականին խոշոր է Գյումրիում՝ մոտ 34%, հետո Արմավիրում՝ 30%, իսկ վարձավճարների ամենացածր մասնաբաժինը մանկապարտեզների բյուջեում արձանագրվել է Վանաձորում՝ 18%:

2016 թվականին Գյումրի համայնքի բյուջեն կազմել է 3,327,196,0 ՀՀ դրամ, որից նախադպրոցական կրթությանը հատկացվել է 474,643,6 ՀՀ դրամ: 2016 թվականին ծնողական ներդրումը Գյումրիում կազմել է 240,000,0 ՀՀ դրամ:

Գյումրիում, չնայած նկարագրված վիճակին, մանկապարտեզ հաճախող երեխաների 5%-ն է միայն օգտվում համայնքի ավագանու հաստատած զեղչերի համակարգից (ամսական մոտ 120 երեխա):

Մանկապարտեզներն անվճար դարձնելու համար պետական մոտեցման անհրաժեշտությունը կա: ԳԱԼԱ-ն խտրականության մոտեցման այս օրինակը ներկայացնելու է ՀՀ կառավարությանը: Փորձելու ենք ջանքեր ներդնել, միջոցներ հայթայթել, որպեսզի Գյումրու նախակրթարանային տարիքի բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստանան: Ծրագրի առաջարկ ԳԱԼԱ-ն կներկայացնի կառավարությանը, վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հասկանալու համար, թե այս հարցում ինչպիսի մոտեցում են ցուցաբերելու պարբերաբար, հատկապես ընտրությունների նախաշեմին Գյումրին զարգացնելու, բարեկարգելու խոստումներ տվող իշխանությունները:

Գյումրիում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ կա խիստ անհրաժեշտություն, որ Գյումրիին հատկացվի տարեկան այն ծավալի սուբվենցիա (պետական դրամաշնորհ), որպեսզի Գյումրու մանկապարտեզները երեխաներին ծառայեն անվճար, ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում է:

Պետական միջոցներով լուծել այս խնդիրը ՀՀ երկրորդ քաղաքում կնշանակի

բարձրացնել հասցեականությունն ու ծախսերի արդյունավետությունը:

Այլապես դժվար է գտնել հիմնավորում, թե ինչու Երեւանում, որտեղ եկամուտներն ավելի բարձր են, կյանքի որակը՝ նույնպես, գործազրկության, աղքատության ցուցանիշներով մայրաքաղաքը գտնվում է համեմատաբար ավելի բարվոք վիճակում, բայց այնտեղ անվճար պետք է լինեն մանկապարտեզները, իսկ այն համայնքները, որտեղ նաեւ ծառայության որակի հետ կապված խնդիր կա, երեխաների սննդի համար հատկացվող գումարի չափն է փոքր, ծնողները ստիպված են վճարումներ կատարել:

Պետք չէ անտեսել նաեւ Շիրակի մարզում, Գյումրիում ջեռուցման սեզոնի օրերի թիվը, որը համեմատաբար մեծ է հանրապետության այլ բնակավայրերի եւ Երեւանի համեմատ: Սրանք խնդիրներ են, որոնք հարկավոր է բարձրաձայնել պարբերաբար եւ, ի պատասխան իշխանությունների՝ տարածքային համաչափ զարգացման խոստումներին, նրանց սեղանին դնել ահա այս հարցերը… եւ լսել նրանց՝ կա՞ արդյոք որեւէ արդարացում կամ հիմնավորում, որ Գյումրին կյանքի որակով եւ հարմարավետությամբ պետք է տարբերվի մայրաքաղաքից:

Պետության այս խտրական վերաբերմունքը համակարգային է ամբողջ Հայաստանում, առավել եւս Գյումրիում: Եվ մանկապարտեզների հիշյալ խնդիրը խտրական վերաբերմունքի ամենաակնհայտ արտացոլանքն է:

Խնդրի լուծման նպատակով առաջարկելու ենք նաեւ կազմակերպել քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծման հնարավոր մեխանիզմներ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ