Ազգականներ, նախկին հանրապետական, գործազուրկներ, Ախուրյան համայնքի պաշտոնյան ու հայտնի դեմքեր՝ ՀԿԿ-ի և «Մայր Հայաստանի» ցուցակում

Ովքեր են ընդգրկված մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։ REGIONS TV-ն նրանց ներկայացնում է ըստ քվեաթերթիկում ունեցած հերթական համարների։
Քվեաթերթիկի առաջին համարը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի ընտրացուցակն արդեն ներկայացրել ենք։
2-րդ համարը Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունն է։ Այս քաղաքական ուժը 2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններին էլ էր մասնակցել, բայց բոլորովին այլ դեմքերով ու բավարար ձայներ չհավաքելով ավագանի մուտք չէր գործել։
Այս ընտրություններին ՀԿԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, 2017-2018-ին Գագիկ Ծառուկյանի կուսակցութան ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր, այժմ անկուսակցական Վարդան Ղուկասյանը։

Ավետիս Առաքելյան
Ցուցակի 2-րդ համարը նրա փեսան է՝ դստեր ամուսինը՝ անկուսակցական Ավետիս Առաքելյանը, նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք եղել է ավագանու անդամ։
4-րդ տեղում Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ անկուսակցական Գևորգ Ղուկասյանն է, ով գործազուրկ է։
Ընտրացուցակի 5-րդ համարը Կոմկուսի անդամ Սեդրակ Սահակյանն է, ով նույնպես չի աշխատում։ Նա Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներին աշխատել է Գյումրու քաղաքապետարանում։
Կոմկուսի ցուցակի 6-րդ համարը ավագանու նախկին անդամ, նախկին հանրապետական, այժմ անկուսակցական Նարինե Մեսրոպյանն է, Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենը, ով արդեն 7 տարի է, դատական քաշքշուկների մեջ է, պայքարում է իրեն աշխատանքից ազատելու մասին Շիրակի նախկին 3 մարզպետների որոշումների դեմ։ Գյումրիի թիվ 19 դպրոցի նախկին տնօրենը աշխատանքի վերականգնման չորս դատական ակտ ունի, բայց նրան այդպես էլ չի հաջողվում դպրոց մուտք գործել։

Նարինե Մեսրոպյան
Հանրապետական կուսակցության նախկին անդամ Նարինե Մեսրոպյանին 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման ու փաստաթղթեր կեղծելու համար, բայց գործը դատարան չէր հասել, դատախազությունը վարույթը կարճել էր։ Դրան հաջորդած տարիների ընթացքում Շիրակի նախկին երեք մարզպետները, կատարելով դատարանի վճիռը, նրան մի քանի օրով էին վերականգնել աշխատանքի, ապա աշխատանքից ազատել՝ վստահությունը կորցնելու, նաև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։ Մարզպետների կողմից դատարանի որոշումները չկատարելու արդյունքում, Նարինե Մեսրոպյանին հինգ տարի շարունակ, ամսական 245 հազար դրամ հարկադիր պարապուրդի գումար է վճարվել պետական բյուջեից՝ ընդհանուր մոտ 15 միլիոն դրամ։
Կոմկուսի ցուցակում է նաև Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման, գովազդի բաժնի պետ, նույն կուսակցության անդամ Գնել Մանուկյանը։ Ի դեպ, Ախուրյան համայնքում իշխանությունը «Քաղաքացիական պայմանագրինն» է։ Ուշագրավ է այն, որ ՔՊ-ի իշխանության տեղական ներկայացուցիչը ընդգրկվել է Կոմկուսի ընտրացուցակում, որը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։
Կոմկուսի ցուցակում ընդգրկվել են նաև անհատ ձեռներեց, ուսուցիչ, հրշեջ, փականագործ, գանձապահ, մարզիչ, բուժքույր, առաքիչ, գյուղատնտես։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի 56 թեկնածու ունեցող ցուցակի առաջին համարը անկուսակցական Կարեն Սիմոնյանն է, ով Գյումրու «Քարհատ մեքենա» ՓԲԸ տնօրենն է։ Նրա գլխավորած ընտրացուցակում ընդգրկվել են նաև ընկերությունների տնօրեններ, աշխատակիցներ, դասախոս, մարզիչ, վարսահարդար, համատիրության նախագահ, գործազուրկներ։

Մհեր Խաչատրյան
Ընտրացուցակի 10-րդ համարը Մհեր Խաչատրյանն է, ով եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենը։ Նա էր, որ երկարատև ու մանրակրկիտ հաշվառում իրականացնելուց հետո, 2018 թվականին վերջապես պարզեց Գյումրիում ժամանակավոր կացարանների ստույգ թիվը։ Մինչ այդ, ավելի քան 15 տարի տնակների հասցեների ստուգում ու հաշվառում չէր արվել։ Այս հաշվառումից հետո Մհեր Խաչատրյանը 2019 թվականին հեղափոխական իշխանության օրոք հայտարարել էր աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացում նախորդ տարիներին տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին, հայտնել, որ տնակների հաշվառման գործընթացում՝ իր ձեռքի տակ է հայտնվել տվյալների բազա, որի ուսումնասիրությամբ պարզել է, որ եղել են դեպքեր, երբ երկրաշարժին փլված մեկ բնակարանի դիմաց 6-ն է հատկացվել, կամ նույն անձը 3 բնակարան է ստացել: Մհեր Խաչատրյանին նաև բնակիչներն էին ահազանգել այն մասին, որ որոշ դեպքերում էլ, տնակի քանդված լինելու մասին հանձնաժողովը ստորագրված ակտ է տվել, սակայն տնակը փաստացի կա: Մհեր Խաչատրյանի այս հայտարարությունների հետքերով Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանության Մուշի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, բայց այդպես էլ ոչ մի վարույթ չհարուցվեց։ Այս հայտարարությունից 6 տարի անց Գյումրիում, կարելի է ասել, տնակներ չեն պակասել, ո՛չ էլ չարաշահումների համար որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել:
«Մայր Հայաստանի» ցուցակում էլ քիչ չեն գործազուրկները, կան նաև անհատ ձեռներեցներ, գիտաաշխատող, առաքիչ, դասվար, դասախոս, վաճաող, հաշվապահ, «Վեոլա ջրի» տեսուչ։
Կարինե Կազարովա