ՔՊ-ի 99 թեկնածուով ցուցակը․ նախկին ու ներկա պատգամավորներ, մարզպետներ, աշխատանքային գործունեությամբ աչքի չընկած նախկին փոխքաղաքապետեր ու ավագանիներ

Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկվել է 372 թեկնածու։ Թե ովքեր են նրանք, REGIONS TV-ն կներկայացնի ըստ քաղաքական ուժերի քվեաթերթիկում ունեցած հերթական համարների։
Եվ այսպես, քվեաթերթիկում առաջին համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակում ընդգրկված են օրենքի սահմանած առավելագույն թվով թեկնածուներ՝ 99 անձ։
Առաջին համարին Սարիկ Մինասյանին (ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն) հաջորդում է Վահագն Մկրտչյանը, ով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Գործարար է, 2021 թվականին, երբ ՔՊ-ն «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմեց, Վահագն Մկրտչյանը դարձավ Գյումրու քաղաքապետի տեղակալ։ Կոալիցիոն կառավարման ավելի քան 2 տարիների ընթացքում նա իր գործունեությամբ առանձնապես աչքի չընկավ։ Տասնյակ տարիներով Գյումրիում լուծում չստացած խնդիրները իրենց տեղում էլ մնացին։
ՔՊ-ի ցուցակի 3-րդ համարը զբաղեցնում է Էմմա Բարսեղյանը, ով աշխատել է «Հայփոստում», «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, Շիրակի մարզպետի աշխատակազմում, մի քանի օր էլ հասցրեց լինել Գյումրու լուծարվող ավագանու անդամ։ Փրայմերիզի մասնակիցներից է։
Ցուցակի 4-րդ տեղում փրամերիզի մյուս մասնակից Լևոն Անանյանն է։ Սովորել է Քեմբրիջի քոլեջում, աշխատել կառավարությունում։
Ցուցակի 5-րդ համարը Գյումրու նախկին ավագանու անդամ, նաև փրայմերիզի մասնակից Շավարշ Արամյանն է։ Նա Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենն է։ Շավարշ Արամյանը նույնպես կոալիցիոն կառավարման շրջանում ավագանիում իր գործունեությամբ աչքի չի ընկել, նիստերին Գյումրու համար կարևոր խնդիրներ չի բարձրացրել։
ՔՊ ցուցակի 6-րդ տեղում Գյումրու նախկին ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն է։ Հենց նա էր 2021 թվականին «Բալասանյան դաշինքի» մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի հետ ստորագրել համագործակցության մասին հուշագիրը։ Բայց ըստ էության, կոալիցիոն կառավարում Գյումրիում տեղի չունեցավ, այս գործարքն էլ հերթական ձախողված ձեռնարկների շարքը դասվեց։
ՔՊ-ի ցուցակում ընդգրկվել են նաև թիմի ավագանու նախկին այլ անդամներ, որոնք քաղաքի տեղական ինքնակառավարումում ակտիվ գործունեություն չծավալեցին։ Ցուցակում նաև բժիշկներ են, սպորտսմեններ, նախկին ու ներկա մարզպետներ, պատգամավորներ, նախարարների տեղակալներ։
Գյումրու կոալիցիոն կառավարման շրջանի քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, ՔՊ-ի ընտրացուցակում 93-րդն է։ Ավելի քան 2 տարի փոխքաղաքապետ աշխատած Պապիկյանը նույնպես Գյումրիում նշանակալի փոփոխություններ չարեց։ Ընդհակառակը, նրա կառավարման օրոք ներդրումային որոշ ծրագրեր ձախողվեցին։ Օրինակ, այդպես էլ պարզ չեղավ, թե Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» շենքը ինչու վարձակալությամբ չտրամադրվեց հայտ ներկայացրած մասնավոր ընկերություններին՝ այնտեղ բիզնես ծավալելու համար։ Փոխարենը, շենքը ավելի քան 2 տարի փակված մնալով, շարքից դուրս է գալիս։
Արթուր Պապիկյանի պաշտոնավարման օրոք մեկ այլ ձախողված ձեռնարկ էլ է եղել՝ «Դիստրիկտ» էկո թաղամասի կառուցումը, որի ներդրողը Նյու Յորքից ժամանած գործարար էր։ Այս ծրագիրը Գյումրին որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու լայն հնարավորություն էր ստեղծելու։ Այն իրագործելու համար 3 տարի առաջ նաև տարածք էր հատկացվել։ 20 մլն դոլարի ներդրում էր արվելու․ 21 հեկտար հողատարածքի վրա թաղամաս էր կառուցվելու, որն իրենից ներկայացնելու էր մոտ 300 բնակելի տներ, և 200 գործող բիզնեսներ։ «Դիստրիկտ»-ում աշխատելու և ապրելու էր մոտ 1500 բնակիչ, բիզնես գործարարներ, ստարտափներ։ Այս ծրագրի մասին Գյումրիում արդեն չեն խոսում, հերթական ձախողվածներից էր։
ՔՊ-ի «ակտիվ» պատգամավորներն էլ այս ընթացքում որևէ բացատրություն չեն տվել ձեռնարկի ձախողման պատճառների մասին։
Ցուցակի 95-րդ տեղում պատգամավոր Էմմա Պալյանն է, ով բավականին ակտիվ է արձագանքում իրենց կուսակցության հասցեին արվող ամենափոքր ռեպլիկին անգամ։ Նրա ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, ընտրացուցակի 16-րդ տեղում է։ Մամուլը հաճախ է գրում նրա մասին, ով ԱԺ-ում հասարակական հիմունքներով կնոջ օգնականն էր։ Ալբերտ Մարտիրոսյանը Գյումրիում ավտոլվացման կետ ունի, ըստ մամուլի, տեղական իշխանությունների պարտադրանքով այդ կետից են օգտվում «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցները։ Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ նրան պատկանող գրենական պիտույքների խանութից 1 անձից գնումներ են կատարել Շիրակի մարզի որոշ դպրոցներ։ Ալբերտ Մարտիրոսյանը հասցրեց մի քանի օրով էլ Գյումրու լուծարվող ավագանիում մանդատ ունենալ։
ՔՊ-ի ցուցակի 96-րդ համարը զբաղեցնում է Շիրակի նախկին մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը, ով 2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը։ ՔՊ-ն այդ ժամանակ Գյումրիի իշխանությունում մեծամասնություն չկազմեց։ Ավելի քան 2 տարի քաղաքի կոալիցիոն կառավարումը ստանձնած ուժը 4 տարի առաջ իդեալական նախընտրական ծրագիր էր ներկայացրել, որի դրույթների 30 տոկոսն էլ չիրականացրեց։ Հովհաննես Հարությունյանն այժմ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը։
Ցուցակի 97-րդ տեղում Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, ով նաև եղել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ մինչ փրայմերիզի անցկացումը իրեն «հռչակել» էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչապետի մամուլի խոսնակ, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը ցուցակի նախավերջին՝ 98-րդ տեղում է։ Վերջին տեղում՝ ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակի գործող մարզպետ Դավիթ Առուշանյանն է։ Նա նաև կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը։
Ընտրական ճոխ ցուցակով, նաև 4 տարի առաջ կազմած նախընտրական ծրագրի չիրականացված դրույթներով է ՔՊ-ն դուրս եկել ընտրապայքարի։ Ընդամենը 13 օր ունի ընտրողներին համոզելու, որ նախորդ տարիներին չարածը կանեն հաջորդ 5 տարիների ընթացքում։
Կարինե Կազարովա