Փաշինյան․«Պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ»

«Աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ էն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում էր, մենք միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնենք քայքայման պրոցեսը»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջերս համացանցում տեղի ունեցած քննարկումներին։
Նախորդ շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Վիվառո»-ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի շքեղ հարսանիքն էր։ Շատերը համացանցում քննադատում էին, թե ինչո՞ւ են թույլ տվել հարսանեկան միջոցառում կազմակերպել համալիրում։
Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ պետք է քաջալերել, որպեսզի մարզահամերգային համալիրում նման միջոցառումներ իրականացվեն, համալիրն էլ գումար աշխատի։
«Այսօր ոչ ոք չի խոսում հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ այստեղ սննդի ոլորտը կարող է աշխատի, դիզայները, ծառայություններ մատուցողները կարող են հավելյալ գումար աշխատեն ու հավելյալ հարկ վճարեն, չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենաք համալիրին»,-ասաց Փաշինյանը։
«Մենք մեր եկեղեցիներին էլ ենք նման կերպ վերաբերվում: Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «ապալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…»,-հայտարարեց Փաշինյանը։
Շարունակելով եկեղեցիների թեման, Փաշինյանը զայրացած ասաց․« Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել..․Հիմա եթե մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը»:
Վարչապետը ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց եկեղեցիների համար որոշակի չափորոշիչներ սահմանել: