Ինչու են հայկական ծաղիկների արտահանումը ՌԴ արգելել․պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը | Region

Ինչու են հայկական ծաղիկների արտահանումը ՌԴ արգելել․պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը

Հուլիս 15,2025 17:33

Ծաղիկ արտադրողները, որոնք այսօր հանդիպել են ՍԱՏՄ ղեկավարի հետ, այնքան գոհ չեն այս հանդիպումից։

«Մեզ  շատ լավ ընդունեցին, մեր բոլոր հուզող հարցերին պատասխանեցին, բայց դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք, մենք այսօր արդեն ծաղիկ ենք թափում»,-հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ծաղիկ արտադրող Արտակ Թովմասյանը։

Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքի ծաղիկ արտադրողները բողոքի ցույցեր  էին անում, նրանք դժգոհում են, որ չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել ՌԴ, իսկ հայկական կողմը, ոլորտի պատասխանատուները հստակ չեն ասում, թե խնդիրը երբ ու ինչպես կլուծվի։ Մինչդեռ տնտեսվարողները մեծ կորուստներ են կրում, ծաղիկներն արդեն ծաղկել են, արտադրանքը փչանում է, չեն կարողանում իրացնել։

«Ռոսսելխոզնադզոր»-ը, հիշեցնենք, հայտնել էր՝ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա՝ ՀՀ-ից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերման հիմնավորմամբ։

ՍԱՏՄ-ն պետք է ջերմոցները ստուգի, մոնիթորինգ անի, համապատասխան փաստաթղթեր կազմվեն։

Տնտեսվարողներն ասում են, որ սա երկար ժամանակ կպահանջի, իսկ իրենց արտադրանքը, մինչև ստուգումներն ավարտվեն, իրացման պիտանի չի լինի։

«Մեզ ասացին՝ հասցեները տվեք, գանք ստուգենք, որ թուղթը տանք, ես չեմ տվել իմ հասցեն, որովհետեւ ես գիտեմ, որ իրենք էդքան ստուգող չունեն, որ գան տեղում ստուգեն»,-ասացին տնտեսվարողները։

Նրանք վրդովված են, ասում են՝ պետական ոչ մի աջակցություն չեն ստանում, վնասները չեն փոխհատուցվում․«Նախօրոք տեղեկացնեին, որ նման բան կա, մենք էլ վարկ չէինք վերցնի, պարտքի տակ չէինք ընկնի։  Եկավ հունիս ամիսը, պարզվեց, որ մեր ծաղիկները չեն համապատասխանում Ռուսաստանի ֆիտոսանիտարական կոնտրոլին»։

Անդրադառնալով հանդիպման արդյունքներին, տնտեսվարողներից մեկն ասաց, որ ՍԱՏՄ ղեկավարությանը հարց է տվել․«Ասել եմ՝ դուք ֆիզիկապես չեք կարող բոլորին ստուգել կարճ ժամանակում, մարդիկ այս պահի դրությամբ արտադրանքը թափում են, իմ նույն ստուգված ծաղիկը, եթե Ռուսաստանը չի ուզում ընդունի, ենթադրենք, ասում է՝  ծաղիկի վրա կա տրիպս, մեր ֆիտոսանիտարականը իրենց ֆիտոսանիտարականի հետ ո՞նց է կռվելու։ Մենք դրան պատասխան չստացանք»։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց՝ Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք  ներկրվում են իր երկիր, լինեն ՌԴ ստանդարտներին համապատասխան և սա նորմալ պահանջ է։

«Կան բազմակի խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Դա կապված է հիվանդությունների հետ, վնասատուների հետ։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո ստուգում անցնելուց հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է»,–ասաց նա։

Անդրադառնալով տնտեսավարողների կասկածներին, թե ինչո՞ւ 15-20 տարի որեւէ խնդիր չի եղել, իսկ հիմա ռուսական կողմը նման խոչընդոտներ է ստեղծում, ՍԱՏՄ ղեկավարը պատասխանեց. «Դա կարող էր լինել 10 ամիս առաջ, կամ 10 ամիս հետո։  Անհայտ ծագման ֆիրմաների վրա մեր հայկական արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Մի օր ընդունող կողմը ասաց՝ ինչքա՞ն պետք է այսպես լինի, բավարար է։ Այսինքն , մենք արտահանում ենք մի X կազմակերպության վրա ապրանք, որը իրականում տեղյակ չի, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, դուք այսքան ապրանք եք ստացել։ Այդ մարդը հաղորդում է տալիս, ասում է՝ ես բացառապես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ։ Այդ պատմությունը միակը չի, մենք ունենք բազմաթիվ նման նամակներ, 78 կազմակերպությունների արգելվել էր ֆիտոսանիտարական սերտիֆիկատները տալ։ Այդ 78 անունները, եթե ես չեմ սխալվում, մեր կայքում կար, հրապարակված էր ու վերաբերվում էր հենց նմանատիպ դեպքերի»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է պետությունն աջակցելու մարդկանց, որոնք վարկ են վերցրել, տուժել են և հիմա չեն կարողանում իրենց ծաղիկը արտահանել, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Վարկը  վերցրել են, որ արտադրեն ապրանք, որը համապատասխան է միջազգային շուկային։ Եթե հիմա մենք արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման համար, ոչ ոք չի կարող գնալ այդ շուկային ստիպել, ասել՝ ոչ, դու պետք է ընդունես այս բռակ կամ հիվանդ ապրանքը»։

Ըստ Պետրոսյանի՝ խնդրի լուծումն առաջարկել են տնտեսվարողներին՝ բոլորը պետք իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ իրականացնեն։

ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի  հետ ամենօրյա ռեժիմով բանակցում են այս խնդրի շուրջ․«Երեկ վերցրել ենք մեծ պատասխանատվություն, որը պետք է լիներ տարիներ շարունակ, այսինքն վիդեո աուդիտ անենք, իրենք ասում էին՝ մենք տեսնենք այդ ջերմոցները, մենք ունենանք հետագծելիություն։ Դա շատ երկար պրոցես էր ու գրեթե անհնարին»։

 

 

 

Նորություններ