«Ի՞նչ անենք, մնում ա ծաղիկները քաղենք, թափենք»․ՌԴ ծաղիկ արտահանելու արգելքի պատճառով տնտեսվարողները մեծ վնասներ են կրում | Region

«Ի՞նչ անենք, մնում ա ծաղիկները քաղենք, թափենք»․ՌԴ ծաղիկ արտահանելու արգելքի պատճառով տնտեսվարողները մեծ վնասներ են կրում

Հուլիս 14,2025 19:43

Արմավիրի մարզի մի խումբ ջերմոցատերեր, որոնք ծաղիկ են արտադրում,  բողոքի ցույց են անում Երևան-Էջմիածին մայրուղում։ Նրանք դժգոհում են, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան։

Ռուսական վերահսկող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական արտադրության ծաղիկներում վնասատուներ է հայտնաբերվել, մտահոգությունները փոխանցվել են ՍԱՏՄ-ին։

Հունիսի 3-ին գերատեսչությունը հայտարարել է, որ «որոշում է կայացրել՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված է լինելու հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար»։

Բողոքի ցույցի մասնակիցներն այսօր դժգոհում էին՝ ինչո՞ւ են արգելքը տարածում բոլոր արտադրողների վրա, թող առանձին ստուգեն, ում արտադրանքում միջատ կհայտնաբերեն, նրան արգելեն, որպեսզի բոլորը չտուժեն։

Մարդիկ նեղսրտած էին՝ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, տեղական պետական կառույցներն էլ հստակ ոչինչ չեն ասում։

««Ռոսսելխոզնադզոր-ի ներկայացուցիչը ռուսական լրատվամիջոցներից մեկին ասում էր՝ անցած  տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստանից երկու անգամ ավել ծաղիկ է ներմուծվել հայկական թղթերով։ Մեր հայ գործընկերներից պահանջել ենք, որպեսզի նրանք տրամադրեն ծագումնաբանությունը, ցավոք մինչ օրս պատասխան չկա։ Հիմա մենք էս ցույցը կազմակերպել ենք, որ մեկը գա, մի բան ասի, հասկանանք՝ ինչ է կատարվում։ Մեր պետական մարմիններն են փակել, որ չարտահանենք»,-ասացին արտադրողները։

Նրանց ներկայացմամբ՝ մեծ ներդրումներ են արել, ջերմոց հիմնել, սերմ ներմուծել, գազ սպառել և այլն, հիմա ի՞նչ պիտի անեն արտադրանքի հետ․«Երևի քաղենք, թափենք։ Արդեն բացվել են կոկոնները, էլ էս վիճակում չենք կարող արտահանել։ Պիտի գան ստուգեն, մոնիթորինգ անեն, թե քանի քմ է ջերմոցը, քանի աշխատող կա, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանում են, թե՝ ոչ, զուգարան, լոգարան կա, թե՝ ոչ։ Լավ, ի՞նչի են ծաղիկը ծաղկելուց հետո գալիս, շուտ գային։ Միայն Զվարթնոց համայնքի ջերմոցները ստուգելը երեսուն օր կտևի, Զվարթնոցն ամենաքիչ ջերմոցային տնտեսություն ունեցողն է, պատկերացրեք բա մյուս տեղերում ստուգելն ինչքան կտևի։ Մենք չենք կարող 10 օր սպասել ենք, որ մի հատ գալստուկով մեկը գա, ասի՝ մենք բանակցում ենք Ռուսաստանի պատկան մարմինների հետ»։

Տնտեսվարողներից մեկն ասաց, որ 52 միլիոն դրամի ներդրում է արել, գումարի մի մասը՝ պարտք, մի մասը՝ վարկ, ու երբ արդեն պետք է կարողանար արտադրանքը արտահանել, գոնե իր համար անհիմն արգելքներ են դրված։ Ասաց, որ հսկայական վնասներ է կրում։

Ջերմոցատերերից մեկն էլ կասկածներ հայտնեց, ասաց․«Իրանից ու Թուրքիայից մարտ-մայիս ամիսներին 70 միլիոն ծաղիկ են մտցրել։Ռուսը պահանջում, ասում է՝ ծագումնաբանությունը ցույց տվեք։Չեն կարողանում ցույց տան, որովհետև ՌԴ արտահանելուց պարտադիր պահանջ է, որ  գյուղապետը տեղեկանք պիտի տա, որ այսինչ անձը այսինչ տարածքում մի հեկտար ջերմոց ունի, ռուսը գիտի որ մի հեկտարում երկու հարյուր հազար հատ ծաղիկ կարա լինի, ոչ թե 70 միլիոն։ Ամբողջ խնդիրը սա է»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսսօր հայտարարություն էր տարածել, որով ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին  հրավիրում է քննարկման։

Իսկ ծաղիկ արտադրողներն այսօր հայտարարեցին, որ եթե իրենց խնդիրն արագ չլուծվի, բողոքի ցույցերը շարունակելու են, գուցև կտրուկ գործողությունների գնան, օրինակ ճանապարհ փակեն, քանի որ իրենք հսկայական վնասներ են կրում, իսկ կառավարությունը կարծես թե չի էլ փորձում արագ արձագանքել։

Նորություններ