Եվրոպայում մանկական պլանային պատվաստումների մակարդակը նվազում է՝ նպաստելով կարմրուկի և կապույտ հազի գլուխ բարձրացնելուն ու տարածմանը | Region

Եվրոպայում մանկական պլանային պատվաստումների մակարդակը նվազում է՝ նպաստելով կարմրուկի և կապույտ հազի գլուխ բարձրացնելուն ու տարածմանը

Հուլիս 16,2025 13:51

Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած վերջին տվյալների՝ կարմրուկի, կապույտ հազի և մի շարք այլ վարակների դեմ մանկական պլանային պատվաստումների մակարդակը 2024 թվականին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրները, մնացել է ՔՈՎԻԴ-19 համավարակից առաջ դիտարկված մակարդակից ցածր։ Դրա հետևանքով ավելի շատ երեխաներ են մնացել հիվանդությունների նկատմամբ խոցելի, իսկ բռնկումների ռիսկը՝ աճել է։

Ամբողջ աշխարհում նորածինների 89 տոկոսը ստացել է գոնե մեկ դեղաչափ դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի (ԱԿԴՖ) պատվաստանյութ, իսկ 85 տոկոսը ստացել է բոլոր երեք դեղաչափերը։ Սա նշանակում է, որ 2024 թվականին, ի համեմատ 2023-ի, առնվազն մեկ դեղաչափ է ստացել ևս 171,000 երեխա, իսկ ամբողջական պատվաստում՝ մեկ միլիոնով ավելի երեխա։ Չնայած համաշխարհային աճող մարտահրավերներին՝ սա համեստ, բայց դրական առաջընթաց է։

Տագնապալի անկումներ

2024 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մանկական պլանային պատվաստումների ծածկույթը միջինում մնացել է նույնը կամ նվազել է 1 տոկոսով՝ 2023 թվականի համեմատ։ Սա վկայում է այն մասին, որ պատվաստումների մակարդակը դեռևս չի վերադարձել ՔՈՎԻԴ-19 համավարակից առաջ դիտարկված մակարդակին։ 2019–2024 թվականների ընթացքում պատվաստումների ծածկույթի մակարդակը նվազել է հետևյալ կերպ․

  • Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ծածկույթը նվազել է՝ 92%-ից 91%-ի։
  •  Դիֆթերիայի, փայտացման,կապույտ հազի (ԱԿԴՖ) պատվաստանյութի երրորդ դեղաչափի ծածկույթը նվազել է՝ 95%-ից 93-%-ի։
  •  Պոլիոմիելիտի պատվաստանյութի երրորդ դեղաչափը նույնպես նվազել է՝ 95%-ից 93%-ի։
  •  Հեպատիտ B-ի երրորդ դեղաչափի ծածկույթը նվազել է՝ 92%-ից 91%-ի։

2024 թվականին տարածաշրջանի երկրների միջև պատվաստումների ծածկույթի մակարդակները զգալի տարբերություն են գրանցել։ Տվյալները ցույց են տալիս, որ ԿԿԽ պատվաստանյութի առաջին դեղաչափի և ԱԿԴՖ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ծածկույթը նվազել է մի շարք երկրներում։ Որոշ երկրներում ԿԿԽ1-ի ծածկույթը կազմել է ընդամենը 23 տոկոս, իսկ ԱԿԴՖ 3-ը՝ 51 տոկոս։

Հանրային իմունիտետ ապահովելու և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների բռնկումներից խուսափելու համար անհրաժեշտ է պատվաստումների առնվազն 95 ծածկույթ՝ ամեն տարի և յուրաքանչյուր համայնքում։ Սակայն 2024 թվականին տարածաշրջանի ավելի քան կեսը այդ ցուցանիշին չի հասել ԿԿԽ-ի կամ ԱԿԴՖ-ի պարագայում։ Դրանից բացի, երկրներից մոտ մոտ մեկ երրորդում ծածկույթը 90 տոկոսից ցածր է կազմել։

Միայն անցյալ տարի մեր տարածաշրջանում մոտ 300 000 մարդ հիվանդացել է կապույտ հազով՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով ավելի քան եռապատիկ աճ։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին կարմրուկով հիվանդացել է ավելի քան 125 000 մարդ, ինչը կրկնակի ավելի է, քան 2023 թվականին։ Սրանք պարզապես թվեր չեն՝ դրանք ցավ ապրող հարյուր հազարավոր ընտանիքներ են, որոնց երեխաները հիվանդ են, մինչդեռ հիվանդությունը հնարավոր էր կանխարգելել», – ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն։

«Պատվաստանյութերը կյանքեր են փրկում, և երբ պատվաստումների ծածկույթը նվազում է, հիվանդությունը տարածվում է։ Ահա թե ինչու երկրները պետք է ներդրումներ կատարեն ազգային հզոր առողջապահական համակարգեր ունենալու համար, ապահովեն, որ պատվաստանյութերը հասանելի լինեն յուրաքանչյուր համայնքում և պայքարեն ապատեղեկատվության դեմ։ Առողջապահության ոլորտի աշխատողներին աջակցություն է անհրաժեշտ՝ յուրաքանչյուր ընտանիքի հասնելու համար, հատկապես դժվարամատչելի շրջաններում։ Եվ համայնքները պետք է զինված լինեն վստահելի տեղեկատվությամբ, որպեսզի ծնողները կարողանան վստահորեն պատվաստել իրենց երեխաներին», – շարունակել է դոկտոր Կլյուգեն։

«Շատ առումներով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պատվաստումները դարձել են իրենց սեփական հաջողության զոհը», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեջինա Դե Դոմինիչիսը։ «Այսօրվա սերունդը չի տեսել պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների ծանր հետևանքները՝ ինչը հանգեցրել է այդ հիվանդությունների վերաբերյալ անլուրջ վերաբերմունքի և հեշտացրել ապատեղեկատվության տարածումը։ Վերջին տարվա կարմրուկի դեպքերի աճը՝ ամենաբարձը ցուցանիշը վերջին երեք տասնամյակների ընթացքում, հիշեցում է, որ եթե պետությունները չեն ներդնում հօգուտ հզոր համայնքային առողջապահական համակարգերի և չեն լուծում առողջապահական ծառայությունների և տեղեկատվության անհավասար հասանելիության խնդիրները, ավելի շատ երեխաներ կառերեսվեն կանխարգելի հիվանդությունների, առողջապահական հարատև խնդիրների բարդությունների կամ նույնիսկ մահվան հետ»։

 

Համոզիչ ձեռքբերումներ

Չնայած այս հապաղմանը՝ նոր պատվաստումների իրականացումը, այդ թվում մարդու պապիլոմավիրուսի դեմ, շարունակել է աճել: Ըստ տվյալների, աղջիկների շրջանում առաջին դեղաչափի ծածկույթը ավելացել է 37%-ից 40%-ի, իսկ տղաների շրջանում՝ 8%-ից  26%-ի։

Այս աճն արդյունքն է մի շարք երկրների կողմից այդ պատվաստանյութերի ներդրման և դրանք իրականացնելու գործում իմունիզացիոն համակարգերի ավելի մեծ պատրաստվածության:

Հայաստանը շարունակում է կյանքի կոչել իր աներկբա հանձնառությունը՝ բնակչությանը պատվաստումներով ապահովելու ուղղությամբ՝ պահպանելով մանկական պլանային պատվաստումների լայն՝ շուրջ 93 տոկոս ծածկույթ նույնիսկ ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում։

Հատկանշական է, որ առաջընթաց է գրանցվել նաև մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների իրականացման գործում, մասնավորապես աղջիկների շրջանում որպես հիմնական թիրախային խմբի։ Չնայած սկզբնական հապաղումներին և ապատեղեկատվությանը, պատվաստումների ծածկույթը աճել է՝ 2018 թվականին գրանցված 8 տոկոսից 2024-ին հասնելով 34 տոկոսի, իսկ  2025 թվականի հունիսին՝ արդեն 40 տոկոսի. սա ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների:

Եվս մեկ կարևոր քայլ էր 2025 թվականի հունվարից ջրծաղիկի պատվաստման ներառումը Պատվաստումների ազգային օրացույցում: Այս որոշումը կայացվել է ԱՀԿ-ի «ապացույցներից առաջարկություններ» մեթոդաբանությամբ՝ ընդգծելով ՀՀ հանձնառությունը՝ ապացուցահեն առողջապահական քաղաքականությանը։ Ըստ ՀՀ ԱՆ տվյալների՝ 2025 թվականի հունիսի վերջին ջրծաղիկի պատվաստում է ստացել  համապատասխան խմբի բնակչության 30 տոկոսը։

 

Նորացված ջանքեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՀԿ-ն համագործակցում են տարածաշրջանի առողջապահական կառույցների հետ՝ տեղական մակարդակում պատվաստումների ծածկույթի անհավասարությունները հայտնաբերելու, հասկանալու և հաղթահարելու գործում։

Ընթացիկ ծրագրերը, որոնք մասամբ ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից, ներառում են տվյալների բազմակողմանի վերլուծություն՝ պարզելու, թե որ խմբերն են մնում առանց մանկական պլանային պատվաստումների, ինչպես նաև վարքային հետազոտություններ՝ պատվաստումների մեծ ծածկույթի ապահովման գործում առկա խոչընդոտները բացահայտելու համար։ Այդ խոչընդոտները կարող են վերաբերել թե՛ ակտիվ զնմանը/նախաձեռնողական ստուգմանը, թե՛ հիշեցումների համակարգին, թե՛ սխալ պատկերացումների/ապատեղեկատվության հակազդման համար տեղեկատվության բացակայությանը, ինչպես նաև այլ գործոնների:

Նորություններ