ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային փաստաթղթերը ամբողջական չեն և ընտրողաբար են, կան նաև մոլորեցնող սխալներ․ Թաթուլ Հակոբյան
«Հարգելի կառավարություն,
կրկին շնորհակալություն, որ հրապարակել եք Արցախյան կարգավորման փաստաթղթերից որոշները:
Դրանք, սակայն, ամբողջական չեն և ընտրողաբար են: Կան նաև մոլորեցնող սխալներ:
ա/ Առաջին փաստաթղթում նշված է երկու թվական՝ 2016 և 2019: Սա մոլորեցնող է, արդար կլինի, որ 2016 թվականը հանեք և թողնեք միայն 2019 թվականը: Ես գիտեմ, թե ինչու եք այդպես արել, բայց ցանկալի է, որ կասկածների տեղ չմնա:
բ/ Տպավորություն ունեմ, որ Կրակովի սևագիրը ամբողջական չէ:
գ/ Դուք հրապարակել եք Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի պատասխանները, ինչը նշանակում է, որ դա չի կարող լինել փաստաթուղթ: Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին կարևոր է, բայց դա ևս չի կարող առաջարկներ համարվել: Ամեն դեպքում, այո, Սերժի նամակը կարևոր է:
դ/ Կրկնեմ, եթե ունեք Քի Վեսթը, դա էլ հրապարակեք: Քի Վեսթը պաշտոնապես ներկայացվել է կողմերին:
ե/ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը հայերենով է, եթե կարելի է՝ հրապարակեք այն նաև ռուսերենով կամ անգլերենով:
զ/ Եթե պահպանվել է, հրապարակեք նաև Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակի՝ Հայաստանի տված պաշտոնական պատասխանը:
է/ հրապարակված փաստաթղթերի մեծ մասը շատ վաղուց հրապարակվել են, հետևաբար դրանք չի կարելի համարել գաղտնազերծված:
ը/ ամեն դեպքում, հրապարակված մի շարք փաստաթղթերի ես անձամբ ծանոթ չեմ եղել, և լավ է, որ իմ հետագա ուսումնասիրություններում կօգտագործեմ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:
