Միջազգային գործընկերների աջակցությունն ու ներդրումը շատ կարևոր են անհայտ կորածների ու 19 գերեվարվածների ազատ արձակման գործում․ Միրզոյան | Region

Միջազգային գործընկերների աջակցությունն ու ներդրումը շատ կարևոր են անհայտ կորածների ու 19 գերեվարվածների ազատ արձակման գործում․ Միրզոյան

Հունվար 28,2026 17:58

ԵԽԽՎ նստաշրջանում այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող հայ գերեվարված անձանց ու անհայտ կորածների խնդրին։

Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, Միրզոյանն ասել է․

«Թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ՀՀ ժողովուրդն իսկապես ամեն հնարավոր ջանք գործադրում են՝ վստահ լինելու, որ խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, տևական կլինի, և որ այս խաղաղությունը, որ համաձայնագրով ձեռք ենք բերել, կօգնի մեզ՝ թե՛ երկու երկրներին, թե՛ տարածաշրջանը բերելու համագործակցության և բարգավաճման շրջան: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կան այս բարդագույն խնդրի բազմաթիվ հարթություններ: Մեկը հումանիտար խնդիրն է՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը, Ադրբեջանում պահվող 19 անձանց գերությունից ազատ արձակումը»:

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ  «4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հիմնվելու մնացած 19 պահվող անձանց արձակման համար»։

Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը և բանակցություններն այդ ուղղությամբ․«Շարունակում ենք մեր քննարկումները նախևառաջ Ադրբեջանի գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ՝ մեր միջազգային գործընկերների հետ, քանի որ ձեր աջակցությունը, ձեր ներդրումը շատ կարևոր են այս հարցի վերաբերյալ, այն հույժ կարևոր է, վճռորոշ նշանակություն ունի և մեծապես գնահատվում է»։

Նա հավելել է, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված մի բան, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

 

Նորություններ