Արմեն Պետրոսյան. «Իրանի շուրջ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է բախվել հումանիտար ճգնաժամի» | Region

Արմեն Պետրոսյան. «Իրանի շուրջ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է բախվել հումանիտար ճգնաժամի»

Փետրվար 02,2026 11:44

Այսօր Իրանը գտնվում է իր ողջ պատմության ընթացքում ամենաթույլ դիրքերում, և ԱՄՆ-ի գործողություններին արձագանքելու նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են: Սա բացատրվում է նրանով, որ ներկայումս Իրանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Երկրի ներսում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը զգալիորեն թուլացրել են վարչակարգի դիրքերը, ինչին նպաստել են նաև հազարավոր զոհերով արյունալի բախումները։ Լարվածությունը երկրում, ինչպես նաև անվստահությունը կառավարության հանդեպ, չափազանց բարձր են: Բացի այդ, աշխարհում առկա տարբեր ընթացիկ խնդիրները թույլ են տալիս ԱՄՆ-ին հասցնել Իրանին վճռորոշ հարված՝ ցանկալի համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար: Թե՛ Ամերիկայի, թե՛ Իսրայելի նպատակն է բանակցությունների միջոցով հասնել ԱՄՆ-ի պայմաններին Իրանի համաձայնությանը, կամ էլ ռազմական ճանապարհով հասնել երկրի ներսում փոփոխությունների: Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում նշում է տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանն ընդգծում է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ անցկացնում են երկօրյա ռազմածովային զորավարժություններ մարտական հրաձգությամբ Հորմուզի նեղուցում։ Փորձագետի կարծիքով՝ այս զորավարժությունների նպատակը ուժի ցուցադրությունն է և Չինաստանի ու Ռուսաստանի կողմից քաղաքական քարոզչության մակարդակով աջակցությունը: Ռուսաստանի և Չինաստանի կողմից Իրանին ցուցաբերվող աջակցությունը սահմանափակ բնույթ ունի և զինված հակամարտության դեպքում չի տարածվում ուղղակի ռազմական օգնության վրա:

«Ռուսաստանն ու Չինաստանը Իրանին ուղղակի աջակցություն չեն ցուցաբերի: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ տեղի ունեցողը չի բխում Ռուսաստանի և Չինաստանի շահերից: Կարծում եմ, որ ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ, Ռուսաստանն ու Չինաստանը դժվար թե Իրանին ուղղակի աջակցություն ցուցաբերեն: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ այս պահին ԱՄՆ-ն դիտարկում է երկարատև հակամարտության տարբերակը, այլ ավելի շուտ հակված է արագ կարգավորման սցենարին: Իսկ ռազմական զորավարժությունների հանգամանքները մատնանշում են այն, որ Չինաստանն ու Ռուսաստանը սատարում են իրանական իշխանություններին, բայց ես չեմ կարծում, որ ռազմական հակամարտության դեպքում նրանք էական աջակցություն կցուցաբերեն»,-ասում է Պետրոսյանը:

Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) կոչ է արել Իրանին Հորմուզի նեղուցում ԱՄՆ զինված ուժերի մոտակայքում անցկացվող երկօրյա ռազմածովային զորավարժություններն անցկացնել «պրոֆեսիոնալ» ձևով: Ըստ CENTCOM-ի հայտարարության՝ ցանկացած անվտանգության կանոններին չհամապատասխանող և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ԱՄՆ զինված ուժերի, տարածաշրջանային գործընկերների կամ առևտրային նավերի մոտակայքում մեծացնում է բախումների, էսկալացիայի և ապակայունացման ռիսկը:

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ իրանական կողմը ևս բնականաբար պատրաստվել է տարբեր սցենարների և կգործի հնարավոր տարբերակներին համապատասխան․«Այժմ դժվար է ասել, թե տվյալ դեպքում ինչպիսի իրավիճակ կլինի: Բայց անկասկած, իրանական կողմն էլ ունի գործողությունների իր սցենարները և կգործի իրավիճակին համապատասխան: Հնարավոր է փորձ արվի երկրի ներսից փոխել երկրի փաստացի առաջնորդին, ազդել գործընթացի վրա կամ իրականացնել որոշակի փոփոխություններ երկրի ներսում»:

Արմեն Պետրոսյանը հայտարարել է, որ ներկա պահին լայնածավալ պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից, նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի, քանի որ այն կհանգեցնի շատ լայնածավալ և անկանխատեսելի հետևանքների:

«Այժմ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը խուսափում են նման սցենարներից, քանի որ նրանք ունեն ավելի առաջնահերթ խնդիրներ: Այս պահին այս երկարատև տարածաշրջանային պատերազմը հավանաբար ամենաքիչ նախընտրելի սցենարն է, թեև այն չի կարելի բացառել: Եթե այն տեղի ունենա, բնականաբար յուրաքանչյուր խաղացող կփորձի քաղել դրանից առավելագույն օգուտը: Այս պատերազմում ամենամեծ հաղթողը կդառնա Իսրայելը, իսկ առավել տուժած երկրները՝ Իրանին սահմանակից բոլոր երկրները, քանի որ անմիջական հարևանությամբ կառաջանան լարվածության օջախներ: Ուստի շատ դժվար է ասել, թե որ խաղացողը օգուտ կստանա և ինչպես, քանի որ Իրանի շուրջ հակամարտությունը դարձել է բազմակողմանի, դրանում ներգրավված են տարբեր խաղացողներ և, իհարկե, առաջարկվում են տարբեր լուծումներ: Կարելի է ասել, որ բոլոր հիմնական խաղացողները հսկայական ջանքեր են գործադրում տարածաշրջանային պատերազմը բացառելու համար»,-նկատում է փորձագետը:

Նա նաև հավելում է, որ ներկա պահին բանակցությունները, հնարավոր է՝ Թուրքիայի միջնորդությամբ, ամենաիրատեսական սցենարներից մեկն են: ԱՄՆ նախագահը համաձայնել է Անկարայում Իրանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացմանը: «Ավելին, այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ ինչպես կարճաժամկետ հեռանկարում՝ առանց էսկալացիայի, այնպես էլ սահմանափակ գործողությունից հետո, այսինքն՝ հնարավոր է իրականացվի սահմանափակ գործողություն, որից հետո կսկսվեն բանակցությունները թուրքական միջնորդությամբ: Այսօր սա թերևս ամենականխատեսելի սցենարներից մեկն է: Այս պահին Թուրքիան հավանաբար ամենաակտիվ և հարմար միջնորդն է, որը կարող է կազմակերպել բանակցություններ Միացյալ Նահանգների և Իրանի միջև, սակայն Իրանի բանակցային դիրքերը զգալիորեն թույլ են»,-ասում է Պետրոսյանը:

Պատերազմի ծավալներն, Արմեն Պետրոսյանի խոսքով, անխուսափելիորեն կընդգրկեն տարածաշրջանի ողջ աշխարհագրությունը: Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների:

«Պատերազմի դեպքում Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, պետք է փորձի գնահատել բոլոր հնարավոր մարտահրավերները՝ ելնելով այդ պատերազմի տրամաբանությունից, և գտնել դրանց լուծման ուղիները: Իսկ մարտահրավերները կարող են բազմաթիվ լինել: Առաջինը, հասկանալի է, հումանիտար հարցերն են, քանի որ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հայտնվել բազմաթիվ իրանցիներ, և կարող է առաջանալ հումանիտար ճգնաժամ: Երկրորդը անվտանգության հարցերն են, քանի որ նույն պատերազմի դեպքում կարող է առաջանալ անվտանգության լուրջ ճգնաժամ, Իրանի մասնատման հնարավորություն, երկարատև անկայունություն և այլն: Ամենակարճաժամկետ և կանխատեսելի մարտահրավերն այն է, որ Իրանը՝ որպես Հայաստանի կապի միջոց արտաքին աշխարհի հետ, կարող է դադարել գործել: Սա լուրջ հարց է: TRIPP նախագիծը, որն այժմ չափազանց կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության համատեքստում, կարող է բախվել անվտանգության լուրջ խնդիրների, և դրա իրականացումը կարող է զգալիորեն կրճատվել: Եվ, իհարկե, վերջին խնդիրը իրանահայ համայնքի խնդիրն է, որը, տարբեր տվյալներով, կազմում է մոտ 200,000 մեր հայրենակից: Հնարավոր է Հայաստանը բախվի նրանց զանգվածային ներհոսքի հետ: Սրանք են հիմնական խնդիրները, և այս պահին, կարծում եմ, մեզ պետք է հետևել գործընթացներին, կանխատեսել բոլոր սցենարները և ունենալ գործողությունների տարբերակներ տարբեր իրավիճակներում»,-ընդգծում է Արմեն Պետրոսյանը:

Զաբելա Ավագյան

 

Նորություններ