Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը մերժել է հորատողների աշխատավարձի բարձրացման պահանջը, գործադուլը շարունակվում է․ Սասուն Վարդումյան
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների բողոքի ցույցերը շարունակվում են, 20-րդ օրն է՝ կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակից գործադուլ են անում։
Այսօր աշխատակիցները հանդիպել են կոմբինատի տնօրինության հետ ու կրկին առաջ քաշել իրենց պահանջները՝ աշխատավարձի բարձրացում, աշխատանքաին պայմանների բարելավում, ինչպես նաև չվճարված աշխատավարձերի փոխհատոուցում:
RegionsTV-ի հետ զրույցում «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանը տնօրինության հետ հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացրեց։ Նա ասաց, որ շուրջ երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում աշխատակիցների ամբողջական պահանջները կրկին չեն բավարարվել․«Խոստացել են միայն բարելավել աշխատանքային պայմանները, սակայն աշխատավարձի բարձրացման պահանջը մերժվել է»,-ասաց Սասուն Վարդումյանը։

Նշենք, որ գործադուլին մասնակցում են հիմնականում հորատողները, նրանք վստահեցնում են, որ աշխատում են շատ ծանր պայմաններում, ինչի դիմաց համարժեք աշխատավարձ չեն ստանում։
Հանքափորների աշխատավարձը գործարքային է, նրանք 1 մետր խորանարդ հումքի համար ստանում են 1700 դրամ, իսկ մեկ մետր հորատման համար՝ 18000 դրամ: Ըստ նրանց՝ աշխատավարձը կարող է 150 հազարից մինչև 700 հազար դրամի հասնել։ Սակայն բարձր աշխատավարձ ստանալու համար նրանք վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը, քանի որ ստիպված են լինում հանք մտնել երկու անգամ։
Նրանք պատմում են, որ շատ դժվար է հանքափորի աշխատանքը՝ փակ հանքում են աշխատում՝ գետնի տակ, հեղձուցիչ օդ, ծանր աշխատանքային գործիքներով փորում ու փորում են առանց պաշտպանիչ միջոցների։
Այսօր տնօրինության հետ հերթական հանդիպմանը հանքափորները մասնակցել են իրենց կողմից ընտրված 6-7 հոգանոց խմբով: Հանդիպման արդյունքները, Սասուն Վարդումյանի խոսքով, կքննարկվեն գործադուլավորների հետ, սակայն ըստ ամենայնի, նրանք չեն դադարեցնի գործադուլը տնօրինության առաջարկած այս պայմաններով. աշխատավարձերի բարձրացումը շարունակում է մնալ նրանց առաջնային պայմանը:
«Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձը 20 տոկոսով, հակառակ դեպքոմ չեն վերադառնա աշխատանքի ու կշարունակեն գործադուլը»,-ասաց Սասուն Վարդումյանը:
Հիշեցնենք, որ կոմբինատի ղեկավարությունը գործադուլի մասնակիցներին ծանուցումներ է ուղարկել, պահանջելով ներկայացնել աշխատանքի չներկայանալու պատճառները, եթե այն ըստ տնօրինության, հիմնավոր չլինի, ապա նրանց աշխատանքից բացակայությունը համարվելու է անհարգելի, ուստիև լուծելու է աշխատանքային պայմանագիրն ու պատճառված վնասի փոխհատուցում է պահանջելու։
Այս ծանուցումներին զուգահեռ տնօրինությունը աշխատանքի հրավերի հայտարարություն է տարածել, թե «աշխատանքի է հրավիրում հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար»։
Նիկոլ Մարգարյան
