«Քոչարյանի գիտելիքները տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյան անդրադառնում է Քոչարյանին ու ՀՀ-Ադրբեջան էներգետիկ համակարգի միացման ծրագրին | Region

«Քոչարյանի գիտելիքները տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյան անդրադառնում է Քոչարյանին ու ՀՀ-Ադրբեջան էներգետիկ համակարգի միացման ծրագրին

Հունվար 29,2026 13:50

«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերոտ Քոչարյանի՝ TRIPP-ի մասին հնչեցրած կարծիքին:

Քոչարյանն այսօր հայտարարել է, որ «TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու»:

Անդրադառնալով հայտարարություններին, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումն առևտրային տեսանկյունից ձեռնտու չէ, քանի որ ՀՀ-ն ու Ադրբեջանը էներգիայի ավելցուկ ունեն, Փաշինյանն այսպես է պատասխանել․ «Ադրբեջանն ունի ավելցուկ, Հայաստանն ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու։ Այստեղ կողմերի շահագրգռվածությունն այն կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերն օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին․ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին։ Սա մեծացնելու է մեր արտահանման հնարավորությունները և տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու միասնական արտահանումների համար՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Կարող է դրա անհրաժեշտությունը չլինի։ Եթե միացվեց, ու եթե իմ ասած մոդելները չգործեն,  բայց մեր երկիրը տրանզիտի համար եկամուտներ է ստանալու։ Ուստի մենք շահագրգված ենք։ Նաև TRIPP-ի շրջանակում նաև էներգետիկ նախագծեր են նախատեսվում։ Այստեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի համար չկա։ Եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու համար մենք եկամուտներ կստանանք»։

Նա ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, երբ կոնկրետ պայմանավովածություն կլինի, հայտարարություն կարվի։

Փաշինյանը վստահեցրել է, որ մենք պետք է մեր անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները թարմացնենք, 2020-ից հետո մեր անվտանգային երաշխիքների անարդյունավետությունն արդեն ցույց է տվել․ «Անվտանգության երաշխիքը նաև փոխկապակցվածությունն է, երբ դեպի միջազգային շուկաներ ապրաքներ հոսեն, քանի որ խոշոր տերությունները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որպեսզի այդ հաղորդակցության ուղիները կայուն ու անվտանգ, հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող գործել»։

 

Նորություններ