«Արցախում նրանց սոսկալի պայմաններում էին պահում». Հայաստան տեղափոխված վերջին հայերը պատմել են, թե ինչպես են ապրել Ստեփանակերտում | Region

«Արցախում նրանց սոսկալի պայմաններում էին պահում». Հայաստան տեղափոխված վերջին հայերը պատմել են, թե ինչպես են ապրել Ստեփանակերտում

Հունվար 29,2026 11:05

«Արցախում մնացած հայերը վերջին մի քանի ամիսներին լիովին մեկուսացված են եղել։ Սա Նազիկ անունով մի կին է պատմել, որը Հայաստան տեղափոխված հայերից է։ Հիմա նա Գորիսում է, նրա հետ շփումը խիստ սահմանափակ է։ Նա պատմել է, որ տղամարդկանց և կանանց պահել են միասին՝ սոսկալի պայմաններում. պատուհանները մգեցված են եղել, սնունդը՝ վատորակ։ Գիտեմ, որ նրանցից խլել են արցախյան (հայկական) անձնագրերը, սակայն ադրբեջանական անձնագրեր այդպես էլ չեն տվել։ Գործնականում այդ մարդիկ լիովին իրավազուրկ են եղել»,-RegionsTV-ի հետ զրույցում պատմում է Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը։

Նա  ասում է, որ Արցախից Հայաստան հայերի, այդ թվում՝ իր ազգականի տեղափոխման մասին իմացել է սոցիալական ցանցերից։

Հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը  Facebook-ի իր էջում հայտնել էր, որ «Լեռնային Ղարաբաղում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս Հայաստանի 1 քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցրել  է, որ նրանք բոլորը գտնվում են պետական հոգածության ներքո։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանցից երեքը տեղափոխվել են հոգեկան առողջության տարբեր կենտրոններ՝ բժշկական հետազոտման նպատակով։ Նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։

Սոցիալական ցանցերում ՀՀ վերադարձած մեր հայրենակիցներին ճանաչող մարդիկ գրառումներ են անում՝ պնդելով, թե վերջիններս նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց տեղափոխում են Հայաստան, և որ նրանք ոչ մի դիմում չեն գրել։ Նշվում է, որ Արցախում մնացած այդ 11 քաղաքացիները նույնիսկ կարծել են, թե «իրենց տանում են սպանելու»։ Այս առնչությամբ մարդիկ հարց են բարձրացնում. արդյո՞ք սա հակասություն չի առաջացնում և ինչու է Բաքվի վարչակարգը ներկայացվում այնպես, ասես հումանիտար քայլ է կատարել։

Արևիկ Պետրոսյան

Արցախի պատգամավորը նույնպես հաստատում է այս վարկածը։ Արևիկ Պետրոսյանը նշում է, որ երկուսուկես տարի տանջված ու վախեցած վերջին 10 հայերին ու այդ մեկ ռուս կնոջը, ովքեր 2023 թվականին ցանկացել էին մնալ իրենց տներում, հասցրել են Հակարիի կամուրջ և հանձնել Հայաստանին․« Չնայած հայկական կողմի հայտարարությանը, թե մեր հայրենակիցներն իրենք են դիմում ներկայացրել վերադառնալու խնդրանքով, իրականությունը լիովին այլ է։

Նազիկը պատմել է, որ իրենց այնտեղից բռնի ուժով են հանել, վտարել են Արցախից։ Նրա խոսքով՝ ինքը և Լեռնային Ղարաբաղում մնացած մյուսները չեն դիմել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմիններին՝ տեղափոխվելու խնդրանքով։ Նա պարզաբանեց, որ իրենց խաբել են և ապատեղեկատվություն տվել տարհանման վերաբերյալ։ Նույնիսկ երբ նրանց նստեցրել են շտապօգնության մեքենան, չեն իմացել, թե ուր են տանում և ինչ է լինելու իրենց հետ։ Նրանց ընտրության հնարավորություն չեն տվել, այլ պարզապես կանգնեցրել են փաստի առաջ, որ պետք է լքեն Արցախը»։

Արևիկ Պետրոսյանը ենթադրում է, որ «հավանաբար սեպտեմբերից հետո՝ Կարեն Ավանեսյանի  շինծու գործից հետո, ով իբր ահաբեկչություն էր պլանավորում Ստեփանակերտում, բոլոր հայերին հավաքել են մեկ տեղում։ Որքանով գիտեմ, Միշա Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը չեն վերադարձել. նրանք Բաքվի դատարանում ցուցմունք են տվել հայերի դեմ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի։ Այդ կինն ասել է, որ Միշիկը այցելել է իրենց և ասել, որ վաղուց չի տեսել Կամոյին և նրանից ոչինչ չգիտի։ Կարծում եմ՝ նրանց նույնպես սոսկալի ճակատագիր է սպասվում, քանի որ որքան էլ ջանք թափեն, նրանք հայ են, իսկ ադրբեջանցիների վայրենի բնազդների համար հայի արյան հոտն արդեն իսկ սպանելու ազդանշան է»։

Պետրոսյանը նաև հավելեց․«Ուրախ եմ, որ նրանք եկել են։ Նրանց միակ ցանկությունը տանը մնալն էր։ Նրանք այնքան քաջ էին, իսկ տանը մնալու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ մնացին այնտեղ։ Արցախից բռնի տեղահանումից հետո այնտեղ մնացած այս 11 հոգին բախվել են աներևակայելի դժվարությունների։ Լինելով լիակատար մեկուսացման մեջ՝ նրանք հաղթահարել են սով, վախ և անորոշություն։ Բայց, տեսնում եք, սա էլ էր պետք՝ ևս մեկ անգամ տեսնելու ադրբեջանցիների, ադրբեջանցի բռնապետի և առհասարակ ֆաշիստական տիպի տոտալիտար իշխանության իրական դեմքը»։

Արցախի պատգամավորի խոսքով՝  թող համաշխարհային հանրությունը, ԵՄ-ն և պարոն Թրամփը տեսնեն, թե ում ձեռքն են սեղմում, ում են անվանում «լավ տղա»։

RegionsTV-ի զրուցակիցը նշում է, որ «ադրբեջանցիները հայ են սպանում Ադրբեջանի հերոս դառնալու համար. նրանց մոտ այդպես է ընդունված։ Առավել ևս հիմա, երբ Թրամփն ուշադիր հետևում է, գովում է Ալիևին, անվանում «լավ տղա»։ Նա արդեն պետք է համապատասխանի «լավ տղայի» կերպարին։ Ահա Ալիևն էլ որոշեց Արցախից տեղահանել վերջին հայերին։ Այդպես նրանց համար ավելի հանգիստ կլինի»։

Պետրոսյանի կարծիքով՝ վերջին հայերի տեղահանումն Արցախից ոչ թե հումանիտար քայլ է, ինչպես փորձում է ներկայացնել Ալիևը, այլ Արցախի  նպատակաուղղված մաքրում, էթնիկ զտում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ 120 հազար հայեր մահվան սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց տները։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ