Կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր | Region

Կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր

Դեկտեմբեր 24,2025 19:00

Կեղծ տեղեկատվությունը դարձել է ժամանակակից աշխարհի լուրջ մարտահրավերներից մեկը։ Սոցիալական ցանցերը տեղեկատվության տարածումը դարձրել են ակնթարթային, սակայն դրա հետ մեկտեղ աճել է նաև կեղծ տեղեկատվության (fake news) տարածման վտանգը, որը լուրջ սպառնալիք է հասարակության, պետության և ժողովրդավարության համար։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրա ազդեցությունը կարող է լինել խորքային և երկարաժամկետ։ Հայաստանում կեղծ տեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք քաղաքական, շահադիտական և այլ նպատակներով։

Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում զգալիորեն ակտիվացել են սոցիալական ցանցերի կեղծ էջերը, որոնք ներկայանում են որպես անկախ և այլընտրանքային լրատվամիջոցներ։ Դրանք տարածում են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ խաթարելով վստահությունը ինչպես անկախ լրագրության, այնպես էլ պետական ինստիտուտների և քաղհասարակության կազմակերպությունների նկատմամբ։

Regions TV-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզի համայնքներում կեղծ տեղեկատվության ազդեցությունը բավականին մեծ է, շատ են խոցելի խմբերը՝ հատկապես հեռավոր համայնքներում և գյուղական բնակավայրերում։

Հիմք ընդունելով ուսումնասիրությունների տվյալները՝ որոշվել է կեղծ տեղեկատվության ազդեցության, դրա դեմ պայքարի և մեդիագրագիտության վերաբերյալ նախագիծն իրականացնել Շիրակի մարզում։

5 համայնքների բնակիչների շրջանում իրականացվել են հարցումներ՝ տեսանկարահումով կատարված հարցազրույցների միջոցով։ Հավասարապես ընտրվել են բոլոր տարիքային խմբերի անձինք՝ 18-75 տարեկան, փորձել ենք պահպանել նաև գենդերային հավասարությունը։

Շիրակի մարզի Ախուրյան, Աշոցք, Անի, Արթիկ համայնքներում և մարզկենտրոն Գյումրիում իրականացրած հարցումներից հետո Regions TV-ն ամփոփել է բնակիչների կարծիքները կեղծ տեղեկատվության արագ տարածման, դրա հետևանքների և մեդիագրագիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ։

Հարցման 55 մասնակիցներ հայտնել են, թե ինչպես են տարբերակում իրական և կեղծ էջերը, կարծիքներ են հայտնել կեղծ տեղեկատվության տարածման, այդ միտումը կանխելու անհրաժեշտության մասին։ Մարզի տարբեր համայնքների բնակիչները կարևորել են մեդիագրագիտության զարգացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են մասնակցել այդ թեմայով սեմինար-քննարկումների։

Հայաստանում կեղծ տեղեկատվությունը հատկապես ակտիվորեն տարածվում է քաղաքական գործընթացների և անվտանգային հարցերի բուռն քննարկումների ժամանակ։

Որո՞նք են ամենաշատ օգտագործվող սոցցանցերը և տեղեկատվական այլ աղբյուրները․ ըստ Շիրակի մարզի 5 համայնքներում՝ Աշոցքում, Արթիկում, Անիում, Ախուրյանում և Գյումրիում կատարված հարցումների արդյունքների, առաջատար եռյակում են Ֆեյսբուքը, Յութուբը և Ինստագրամը։

Կեղծ տեղեկատվությունն ունի բազմաշերտ վտանգներ․

  1. Սոցիալական վտանգներ – հասարակության բևեռացում, թշնամանքի և ատելության տարածում․
  2. Քաղաքական վտանգներ – ընտրությունների վրա ազդեցություն, ժողովրդավարական գործընթացների խաթարում․
  3. Անվտանգային վտանգներ – ապատեղեկատվություն ռազմական կամ արտակարգ իրավիճակների ընթացքում, խուճապի տարածում․
  4. Անհատական մակարդակ – մարդկանց մոլորեցում, գումարի շորթում, սխալ որոշումների կայացում, հոգեբանական ճնշում։

Հատկապես համավարակի, պատերազմների և ճգնաժամերի ընթացքում կեղծ լուրերի քանակը կտրուկ աճում է՝ վտանգելով հանրային առողջությունը և անվտանգությունը։ Կեղծ տեղեկատվությունը սովորաբար մատուցվում է սենսացիոն և հուզական բովանդակությամբ։

Օրինակ, օգտատերերից մեկը վերջերս տարածել էր մի լուսանկար, որում պատկերված էր Հայոց ցեղասպանության հուշահամալիրի քանդված մույթերը և հատակին թափված սալիկները։ Լուսանկարը մեծ տարածում էր ստացել սոցցանցերում։ Օգտատերերից շատերն «ահազանգում» էին, որ իրականում հուշահամալիրը քանդվում է, և ոչ թե վերանորոգվում։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ լուսանկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, այսինքն՝ կեղծ է։ 

Ինչպե՞ս են Շիրակի բնակիչները ընկալում և տարբերակում կեղծն ու իրականը։ Հարցված քաղաքացիների մեծ մասը նշեց, որ լուրը կասկածելի է թվում այն դեպքում, երբ ունենում է «Շոկային դեպք», «Սենսացիոն բացահայտում» և նմանատիպ այլ վերնագրեր։

Գեղամ Վարդանյան Մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը խորհուրդ է տալիս որևէ շահագրգռող, գրավիչ տեղեկատվություն կարդալուց հետո չշտապել, էմոցիաներին չտրվել, և լուրը տարածելուց կամ մեկնաբանություն գրելուց առաջ պետք է առաջին հերթին խորը շունչ քաշել և կասկածի տակ առնել։

 

Կեղծ տեղեկատվությունը Հայաստանում կարող է խուճապ առաջացնել, թուլացնել հանրային համախմբվածությունը, ազդել պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա, վտանգել ազգային անվտանգությունը։

Արթուր Պապյան Մեդիափորձագետ

Օրինակ, վերջերս Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, ի հայտ էր բերել Storm-1516 խմբավորման հարձակումը Հայաստանի դեմ։ Սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, թե ՀՀ իշխանությունները պատրաստվում են Սյունիքից մի հատված հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև Մարգարայի անցակետի մոտ տարածք հատկացնել Թուրքիային։ Այդ ապատեղեկատվության մասին բարձրաձայնել էր մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

2020թ․-ի պատերազմը համակարգված ապատեղեկատվության և շահարկումների առարկա էր, քանի որ մարդիկ տեղեկատվություն ստանալու համար անընդհատ որոնումների մեջ էին, և դրանից օգտվում էին սնկի նման բազմացող ֆեյք էջերը:

    Արթուր Գևորգյան            Հարցված քաղաքացի

Օրինակ, հարցված քաղաքացիներից մեկը՝ Արթուր Գևորգյանը, հիշեց իր հետ պատահած դեպքը, երբ պատերազմի ժամանակ լուր էր տարածվել, թե Թաղավարդ գյուղից ոչ մեկը չի փրկվել, և 10-օրյա մղձավանջից հետո պարզվել էր, որ լուրը կեղծ է։

«Մենք պատերազմի ժամանակ ականատես եղանք, որ կային կեղծ լուրեր, որոնք կարող են կյանքեր արժենալ և լուրջ հոգեբանական հետևանքներ ունենալ»,- ընդգծեց մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի խոսքով՝ կեղծ տեղեկատվության նպատակներից մեկը շահադիտականն է, երբ մարդուն դրդում են, որ իր խնայողությունները ներդնի գոյություն չունեցող ընկերության մեջ, և այդ գումարը հափշտակում են։ «Կիբերհանցագործությունների մասին է խոսքը, որը շատ տարածված է Հայաստանում, իսկ մարդիկ էլ էմոցիոնալ են ու դյուրահավատ, և չգիտես ինչու, ուզում են ոչինչ չանել և գումար աշխատել»,-ավելացրեց փորձագետը։

Անի Եղիազարյան Մեդիագրագիտության մասնագետ

 Մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը լրացնում է գործընկերոջ խոսքը՝ ընդգծելով, որ կեղծ լուրերը տարբեր բնույթի են և յուրաքանչյուրն ունի իր թիրախային լսարանը, որևէ մեկն ապահովագրված չէ մոլորության մեջ ընկնելուց և խաբեության զոհ դառնալուց։

«Բոլոր տարիքային խմբերն էլ խոցելի են․ կա այդպիսի միֆ, որ երիտասարդներն ավելի ուժեղ են, հեշտ են ճանաչում կեղծ լուրերը, խոցելի չեն, բայց դա միֆ է։ Երիտասարդներն ավելի լավ և ավելի հաճախ են օգտագործում տեխնոլոգիաները, ավելի են հակված գործածելուն, սպառելուն,  ավելի շատ ժամանակ են գտնվում այդ միջավայրում»,-նշեց Անի Եղիազարյանը։

Սուսաննա Մարտիրոսյան     Հարցված քաղաքացի

Գյումրիում հարցմանը մասնակցած 19-ամյա աղջկանից՝ Սուսաննա Մարտիրոսյանից, փորձել են գումար կորզել․ ինչ-որ մեկը հայտնել է, որ ինքը առողջական խնդիրներ ունի, բայց մեծ հարստություն ունի, և իբր ուզում է փոխանցի աղջկան, և նրանից անձնական տվյալներ է պահանջել։ Բարեբախտաբար նա խարդախության զոհ չի դարձել, քանի որ 2 անգամ մասնակցել է մեդիագրագիտության թեմայով սեմինարների։   

Սոցցանցերում հատկապես շատ են կեղծ տեղեկությունները հայտնի մարդկանց մահվան, ամուսնալուծությունների և երեխաների անհետ կորելու մասին։

Ըստ մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի, հայաստանյան իրականության մեջ լսարան ձեռք բերելու ճանապարհին ոչ ուշադրություն են դարձնում փաստերի ճշմարտացիությանը, ոչ էլ հարգում են հեղինակային իրավունքը։ Իր հերթին հանրության շրջանում մեդիագրագիտության ցածր մակարդակը և կողմնակալ լրագրությունը նպաստում են կեղծ պատմությունների տարածմանը:

Գեղամ Վարդանյանը կիսվում է իր հիշողություններով․ «Իսպանացի մի գործընկեր ունեինք, որի հետ դասընթաց էինք անում անցյալ տարի, նա ասում էր՝ իմ մայրիկը Եվրոպայում ճգնաժամի պատասխանատուներից է։ Հարցնում էի՝ ինչու՞, ասում էր՝ որովհետև ինքը ինչ կարդում է, առանց ստուգելու տարածում է WhatsApp-ի խմբերում»։

Կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր՝ մեդիագրագիտության զարգացում կրթօջախներում, քննադատական մտածողության խթանում, պետական և քաղաքացիական կառույցների համագործակցություն, սոցիալական ցանցերի հարթակների կարգավորում։

Միայն տեղեկացված, քննադատաբար մտածող և մեդիագրագետ հասարակությունը կարող է դիմակայել այդ սպառնալիքին, և ըստ մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի, պետությունը շատ մեծ դեր ունի՝ բարեփոխումներ անելու, փոքր տարիքից երեխաներին կրթելու, քննադատական միտքը զարգացնելու, նաև օրենսդրական փոփոխություններ անելու առումով։

«Եթե կան փոփոխություններ, որոնք պետք է արվեն օրենսդրական մակարդակում, պետք է շատ զգույշ լինել և չվնասել, որ դա չտանի դեպի վտանգավոր գրաքննություն»,-կարծիք հայտնեց փորձագետը։

Շիրակի մարզում հարցված բնակիչները ֆեյք էջերի, կեղծ տեղեկատվություն տարածողների դեմ պայքարի իրենց տարբերակներն են ներկայացնում՝ հիմնականում կարևորելով պետական համապատասխան մարմինների դերն ու ազդեցությունը։

Հարցումներին մասնակցած տարբեր տարիքային խմբերի մարդկանց կարծիքներն էականորեն տարբերվում են։ Օրինակ, ի տարբերություն երիտասարդների, տարեցներն ավելի կոշտ հակազդեցության կողմնակից են, և առաջարկում էին կիրառել խիստ, երբեմն անընդունելի պատժամիջոցներ։

Մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանի խոսքով՝ հիմա կեղծ լուրերը սկսել են ավելի հաճախ տարածել, և 2026թ․-ի ընտրություններին ընդառաջ դրանց թիվն էլ ավելի շատ է լինելու։ «Ընտրություններին ընդառաջ ավելանալու են և click bait կայքերը, և «սունկ» կայքերը, դրանք տարածելու են տարբեր կողմերից եկող կեղծ տեղեկատվություն, նաև ակտիվանալու են այն կեղծ լուրերը, որոնք շրջանառվում են հանրության շրջանում»,-ընդգծեց փորձագետը։

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը համամիտ է գործընկերոջ հետ․ ըստ նրա, որքան մոտենում է ընտրությունների օրը, նման բովանդակությամբ նյութերի թիվն աճելու է։ Լինում են դեպքեր, երբ ընդամենը մեկ կեղծ լուր տարածելու համար հատուկ կայք է ստեղծվում, որտեղից տեղեկատվությունը հասնում է սոցցանցեր, հետո իրական կայքերն են արտատպում և ստացվում է մի շղթա, որի տարբեր օղակներ նպաստում են տվյալ ֆեյքի տարածմանը։

«Տարբեր քաղաքական ուժերի համակիրները ստեղծում են հիմնականում էմոցիաների վրա ազդող բովանդակություն, և դրանով մարդկանց համակրանքն են շահում, նաև ազդում են հակակրանքի վրա, և ինչքան մոտենում են ընտրությունները, նման բովանդակությունը կաճի»,-նշեց Գեղամ Վարդանյանը։

Կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր․

  • Մեդիագրագիտության զարգացում դպրոցներում և բուհերում
  • Աղբյուրների ստուգում և քննադատական մտածողության խթանում
  • Լրագրության պատասխանատվության բարձրացում
  • Պետական և քաղաքացիական կառույցների համագործակցություն
  • Սոցիալական ցանցերի հարթակների կարգավորում

Կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու գործում կարևոր դերակատարում ունի նախ պետությունը, նաև մեդիան և ՀԿ-ները։ Եվ հիմնականում նրանց է վերապահված նաև հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու գործառույթը։

Ըստ մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի, դա համընդհանուր աշխատանք է․ պատասխանատվությունն առաջին հերթին իհարկե պետությանն է, բայց այդ գործով զբաղվում են և քաղհասարակության կազմակերպությունները և լրատվամիջոցները, և այդտեղ ավարտ չկա, դա անընդհատ աշխատանք է։

Հայաստանում ապատեղեկատվության տարածումը և հասարակական կարծիքի վրա դրա ազդեցությունը կանխելու ուղղությամբ որոշակի քայլեր արվում են մեդիագրագիտության թեմայով ծրագրերի, սեմինար-քննարկումների տեսքով, սակայն դա բավարար չէ․ նոր տեխնոլոգիաների ստեղծած պարարտ դաշտում ապատեղեկատվությունն աճում է մոլախոտի նման, և այդ դաշտը որքան հնարավոր է մաքուր պահելու համար պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ավելի լուրջ և համակարգված գործողություններ են անհրաժեշտ։

Էդուարդ Մխիթարյան

Regions TV

 

Նորություններ