Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը
Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով:
Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևեում:
Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով:
Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Նախարարությունից հիշեցնում են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ ուսումնասպորտային համալիրում՝ մաղթելով նրանց հաջող մրցելույթներ:
Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևում:
