«15 տարին հավերժություն է»․Էրիկ Ղազարյանը Բաքվի բանտում, իսկ նրա կինն ու երեխան այստեղ՝ Հայաստանում են պայքարում գոյատևման համար
«Տասնհինգ տարին մի ողջ հավերժություն է: Բաքվի ճաղերի հետևում անցկացրած յուրաքանչյուր օրը պայքար է հանուն գոյատևման, հանուն հույսի: Ես նեղվեցի, շատ տխրեցի, ինձ համար շատ ցավալի էր, երբ իմացա Բաքվի դատարանի որոշման մասին: Սիրտս ցավում է այդ ամենը լսելուց, բայց ես դեռ չեմ կորցնում հույսս»,- RegionsTV-ի հետ զրույցում իր ցավն է կիսում Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլա Էմիրյանը: Բաքվի դատարանի մեկ տարուղ ավելի ձգվող շինծու դատավարությամբ օրերս վճիռ կայացվեց, որ Էրիկ Ղազարյանը պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ խստացված ռեժիմի ուղղիչ հիմնարկում:
Ալլա Էմիրյանն ասում է, որ այլ սպասելիքներ ուներ, հույս ուներ, որ գործը կվերանայվի, սակայն իրականությունը դաժան գտնվեց:
«Մի կողմից ես շատ վրդովված եմ, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա քաղաքականություն է, և սա դեռ վերջնական որոշումը չէ: Կարծում եմ՝ սա խայտառակություն է մեր ժողովրդի համար, սա անարդար է Հայաստանի նկատմամբ: Եթե մենք ձգտում ենք խաղաղության, ապա հայերի հանդեպ թշնամանք չպետք է լինի: Նախ՝ եթե խոսում են բարեկամության ու եղբայրության մասին, ամենակարևորը մեր գերիները պետք է վերադառնային: Երկրորդ՝ նույնիսկ եթե գերիները դեռ չեն վերադարձել, ապա այդ խաղաղության ֆոնին, առնվազն, չպետք է լիներ այս «դատավարությունը», բայց այդ ամենը տեղի ունեցավ: Հայ ժողովրդի դեմ սկսված այս գործընթացը ստվեր է գցում տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու, վստահության և փոխըմբռնման վերականգնման ջանքերի վրա»,- դառնությամբ ասում է Ալլա Էմիրյանը:
«Մենք հասկանում ենք, որ սրանք քաղաքական հարցեր են, և ես չէ, որ պիտի որոշեմ: Մենք ոչինչ չենք կարող անել, դա արդեն վերադասների որոշելիքն է: Բնականաբար, դիմել են բոլոր հայտնի գործիչները և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին: Նույնիսկ քրիստոնյաներն են նամակով դիմել Թրամփի տեղակալին: Բայց որտե՞ղ են նրանք: Նրանք դեռ գերության մեջ են, դատը միևնույն է կայացավ»,- ասում է տիկին Ալլան:
Սակայն, չնայած ցավին ու հուսախաբությանը, մեր զրուցակիցը չի հուսահատվում, ասում է, որ դեռ հավատում է, որ ամեն ինչ կկարգավորվի, որ քաղաքական հարցերը մի օր լուծում կստանան․«Հուսով եմ, որ Էրիկի և Արցախի բոլոր դատապարտված ռազմագերիների գործը կարող է վերանայվել: Եվ ես չեմ դադարում հավատալ, որ մի օր բանտի դռները կբացվեն, և ես նորից կկարողանամ գրկել ամուսնուս»:
Դատի նախօրեին՝ փետրվարի 4-ին տիկին Ալլան խոսել է ամուսնու հետ, մանրամասներ է պատմում․«Էրիկն ասում էր՝ ինչ էլ որ այնտեղ խոսեն, այդ ամենը զուտ քաղաքական հարցեր են: Բոլոր դատապարտվածները դա գիտակցում են, և պետք չէ այլևս կենտրոնանալ դրա վրա: Սա քաղաքական գործընթաց է, և այն, ինչ Ադրբեջանն անում է մեզ հետ, վերաբերմունք է ողջ Հայաստանի, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Ինձ համար ամենավատն այն է, որ դա արվում է ոչ միայն իմ, այլև ողջ ազգի հետ: Մեղադրական դատավճիռները կանխատեսելի էին: Դա չի նշանակում, որ դատավճիռը կայացվել է միայն իմ դեմ. այն չի կայացվել մեկ մարդու կամ միայն Արցախի առաջնորդների դեմ, սա փորձություն է, որը բաժին է ընկել ողջ հայ ժողովրդին. ինձ տխրեցնում է այն, որ սրան բախվում է ողջ հայ ազգը»:
Ալլա Էմիրյանը համոզված է, որ նրանք, ովքեր ապօրինի պահվում են Ադրբեջանում, պայքարել են հայ ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքի համար, և այսօր իրենք ունեն աջակցության ու պաշտպանության կարիք: Ինչպիսի ժամկետներ էլ այնտեղ նշեն, մի օր ամեն ինչ կհարթվի: «Հայ ռազմագերիները տեղեկացված են նորություններից. նրանք հեռուստացույց ունեն և գիտեն՝ ինչ է կատարվում աշխարհում: Էրիկն ասաց՝ շուտով ԱՄՆ փոխնախագահ Վենսը կժամանի Բաքու: Ուշադիր եղեք, թե ինչի մասին են խոսելու և ինչ են ասելու»,- նշում է Ալլա Էմիրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Բաքվում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի «մեղադրյալ» առաջնորդների նկատմամբ վերջնական դատավճիռը: Դատավարությունը սկսվել էր անցյալ տարվա հունվարի 17-ին, ընդ որում՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արգելվել էր ներկա լինել դատավարությանը: «Դատարանի» որոշմամբ՝ ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ստացել են 20-ական տարվա ազատազրկում: Սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս ավելի խիստ պատիժ կիրառել 65 տարեկանը լրացած անձանց նկատմամբ: Մադատ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը ստացել են 19 տարի, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարի: Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը դատապարտվել են 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման:
Ալլան նշում է, որ ամուսնու հետ շփվում է շաբաթը մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին․ «Նախկինում խոսում էինք 10 րոպե, իսկ Ամանորին՝ 15: Բայց տոներից հետո էլ ավելի քիչ ենք խոսում՝ ընդամենը 8 րոպե: Անցյալ շաբաթ Էրիկը դժգոհում էր մեջքի խնդրից: Նա նշեց, որ մեջքը ցավում է, չի կարողանում շարժվել, արդեն երեք օր պառկած է, դեղեր է ընդունում: Հիմա կարծես լավ է և կարողանում է քայլել: Բայց ես չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ: Այս անգամ նա խոսում էր լավ, ուրախ, ժպիտով: Չգիտեմ՝ արդյոք նա իրականում իրեն լավ էր զգում, թե՞ ինձ էր հանգստացնում»:
Նա կիսվում է իր հույսով, որ նրանք, ովքեր դեռ գտնվում են Բաքվի բանտում, նույնպես կվերադառնան իրենց հարազատների մոտ: «Մենք անսպասելի լուրերի ենք սպասում, սպասում ենք, որ մեզ համար էլ կգա ուրախության օրը: Հուսով եմ՝ ճակատագիրը մեզ էլ կժպտա»,- ասում է տիկին Ալլան:
Երեք տարեկան Միլենայի մայր Ալլա Էմիրյանը, հայտնվելով կյանքի բարդ իրավիճակում, բախվել է մի շարք խոչընդոտների: Հինգ ամիս առաջ ՀՀ քաղաքացիություն ձևակերպելու անհրաժեշտությունը ստիպել է նրան թողնել աշխատանքը: Դրա համար պահանջվում էին փաստաթղթեր, որոնք մնացել էին Արցախում: Փաստաթղթերի վերականգնումը բարդ և երկարատև գործընթաց էր, որը ներառում էր դիմում դատարան և վկայությունների հավաքագրում: Տիկին Ալլան ստիպված էր թողնել աշխատանքը, որպեսզի ժամանակ տրամադրի այդ խնդրի լուծմանը: Նոյեմբերին նա ստացել է մեկ SMS-հաղորդագրություն և ակնկալում է ստանալ քաղաքացիությունը մինչև փետրվարի կեսերը:
Ստանալով Հայաստանի քաղաքացիություն՝ մեր զրուցակիցը հույս ունի աշխատանքի անցնել և բնակարան ձեռք բերել Սիսիան քաղաքում: Նրա խոսքով՝ իրեն և դստերը հասնում է 8 միլիոն դրամի սերտիֆիկատ, սակայն այդ գումարով նա չի կարող բնակարան գնել: Տիկին Ալլայի ողջ հույսը մայրիկն է, ով եթե կարողանա միանալ իրեն, նա հնարավորություն կստանա բնակարան գնել: Իհարկե, այս հինգ ամիսների ընթացքում տիկին Ալլան դժվարություններ է ունեցել, հատկապես ֆինանսական. ծախսել է իր ողջ խնայողությունները: Որքան երկար է նա մնում առանց աշխատանքի, այնքան ավելի են խորանում նրա ֆինանսական խնդիրները: Էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու և իր բյուջեի մեջ տեղավորվելու համար տիկին Ալլան փորձում է հնարավորինս խնայող լինել:
Չնայած բոլոր դժվարություններին՝ Ալլա Էրիմյանն անհամբերությամբ սպասում է ամուսնու վերադարձին: Ալլան նրանցից չէ, ովքեր հանձնվում են: Նա գիտի, որ իր առաքելությունը սպասելն ու Էրիկի ազատությանը հավատալն է: Հավատն ու հույսը նրա միակ զենքն են: Տիկին Ալլան հասկանում է, որ տնից հեռու անցկացրած տարիները կարող էին անդրադառնալ նրա առողջության վրա և պատրաստ է ցանկացած մարտահրավերի, որը կարող է բերել ամուսնու վերադարձին: Նրա համար գլխավորը ամուսնու վերադարձն է, դրա համար նա պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը։
Զաբելա Ավագյան
