Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը այսօր՝ փետրվարի 14-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:
ՀՑԹԻ տնօրենը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողը:
Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պարոն Լորան լե Բոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
