Եվրամիությունը Հայաստանի հետ կքննարկի ընտրությունններից հետո դիտորդական առաքելության մասին պլանները | Region

Եվրամիությունը Հայաստանի հետ կքննարկի ընտրությունններից հետո դիտորդական առաքելության մասին պլանները

Փետրվար 13,2026 14:04

Մենք պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքը, շարունակել սահմանի պարեկությունը եւ զեկուցել զարգացումների մասին մինչեւ խաղաղության համաձայնագրի ոչ միայն ստորագրումը, այլեւ վավերացումը։ Այլ քննարկումներ դեռեւս չեն եղել։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան հարցրել են, թե արդյոք առաքելության շարունակությունը Հայաստանում քննարկվել է ՀՀ կառավարության հետ, թե առաքելությունը կիրականացվի փոփոխված ձեւաչափով։

Նա բացատրել է, որ EUMA ապագան ՀՀ կառավարության հետ չի քննարկվել, այդ թվում՝ այն հարցը, թե արդյոք դիտորդները կմնան ՀՀ-ում խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո։

Խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո առաքելությունը կներգրավվի՞ TRIPP նախագծում հարցին ի պատասխան՝ Ռիտերը նշել է. «Ես չեմ կարող խոսել հնարավոր տարբերակների մասին. սա ինձ հետ չի քննարկվել։ Ամռանից հետո Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ կքննարկի ապագա ծրագրերը, բայց այս հարցը դեռեւս չի քննարկվել»։

Նա հայտնել է, որ երբ ինքը ժամանել է Հայաստան, սահմանի երկայնքով լուրջ լարվածություն էր տիրում, փոխհրաձգություններ եւ նույնիսկ զոհեր կային զինծառայողների շրջանում։

«Բավական դժվար ժամանակ էր։ Այդ ժամանակ սահմանի մոտ ապրող բնակչությունը վախենում էր մոտ ապագայում նոր եւ բաց հակամարտությունից։ Բայց դա տեղի չունեցավ։ Հետեւաբար, կարող եմ ասել, որ առաքելությունն արդյունք տվեց։ Այժմ իրավիճակը հանգիստ է, եւ սա երկու կողմերին էլ ժամանակ եւ հնարավորություն է տալիս խոսել միմյանց հետ եւ փորձել լուծել մնացած խնդիրները։

Առաքելությունը սկզբում բաղկացած էր 40 մարդուց, իսկ հիմա՝ 210։ Մեզ բավական լավ ընդունեցին, եւ մենք լավ համագործակցություն ենք հաստատել տեղի իշխանությունների հետ։ Ես կարծում եմ, որ առաքելությունը հաջողված էր, եւ սա հաջողության պատմություն է ոչ միայն անձամբ ինձ, այլեւ Հայաստանի համար»,- եզրափակել է Ռիտերը։

Նորություններ