Լոգիստիկ ճգնաժամ և թանկացումներ. իրանական հակամարտության տնտեսական արձագանքները Հայաստանում | Region

Լոգիստիկ ճգնաժամ և թանկացումներ. իրանական հակամարտության տնտեսական արձագանքները Հայաստանում

Մարտ 05,2026 21:01

Իրանական պատերազմն օր օրի ավելի մեծ ծավալների է հասնում, տարածաշրջանում իրավիճակը խիստ լարված է։ Այս պատերազմն իհարկե, ահռելի վնասներ է հասցնում ոչ մի միայն բուն Իրանին, այլ նաև հարևան երկրներին։

Իրանը Հայաստանի համար կարևոր ռազմակավարական և առևտրա-տնտեսական գործընկեր է և մեզ համար ցամաքային կապով բեռնափոխադրման նաև տարանցիկ երկիր է։

Հայաստանում որոշ գյուղմթերքի թանկացումներ են նկատվում, դրանք, ինչպես վաճառողներն են ասում, հիմնականում Իրանից ներկրված գյուղմթերքներն են։

Հայաստանի տնտեսությունում ի՞նչ ազդեցություն կթողնի այս պատերազմը, ի՞նչ զարգացումներ սպասել։ Այս  առնչությամբ տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ այս հակամարտությունը մասշտաբներով մեծ է, և միանշանակ, մեծ ազդեցություն է թողնելու այս տարածաշրջանի բոլոր երկրների վրա և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ առումով։

Regions TV-ի հետ զրույցում տնտեսագետը նկատում է՝ պատերազմի կարճաժամկետ ազդեցությունն այն է, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները զրկվում են օդային փոխադրումներից, մատակարարումներից, նավթի, գազի բեռնափոխադրումներից, որն, ի դեպ, դադարեցված է, բացի չինական նավերից։ «Լոգիստիկայի առումով բավականին լուրջ խնդիրներ են առաջացել, սա կարճաժամկետ էֆեկտն է, որը արդեն ունեն տարածաշրջանի երկրները։ Բացի այդ, երկրները կրում են մեծ վնասներ նաև ռմբակոծությունների հետևանքով, հատկապես՝ արաբական երկրները, որոնք կրում են նյութական կորուստներ, մարդկային կորուստներ և այլն»։

Նրա խոսքով՝ բնականաբար, այս հակամարտությունն իր ազդեցությունն է թողել նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի համար Իրանը այլընտրանքային երկրորդ կապն էր արտաքին աշխարհի հետ․«Մենք հիմա վրացական ճանապարհ ունենք  այս պահին, որը փակ է արևելքից և արևմուտքից և կարող ենք ասել, որ Հայաստանի համար սա շատ լուրջ խնդիր է»։

Պարսյանի դիտարկմամբ՝ եթե Իրանը նույնիսկ ժամանակավոր փակի իր սահմանները, դա ծանր հարված կլինի մեր տնտեսության վրա, քանի որ մի շարք լայն սպառման և շինարարական ապրանքներ ներկրում ենք Իրանից․

«Օրինակ՝ հիմնականում ձմռան ամիսներին, գարնանը՝ նույնպես ներկրում ենք մեծ քանակությամբ միրգ-բանջարեղեն, ինչը թույլ է տալիս բավարարել ներքին պահանջարկը, որպեսզի բարձր գնաճ չլինի Հայաստանում, մինչև որ մեր տեղական մթերքը աճի և շուկա դուրս գա։  Հայաստանը, հնարավոր է, լուրջ խնդիր ունենա լոգիստիկայի առումով, քանի որ Իրանի տարածքով էին գալիս նաև Չինաստանի, Հնդկաստանի և հարավ-արևելյան երկրների բեռները, նաև Իրանի միջոցով Հայաստանը առևտրատնտեսական կապեր էր իրականացնում  Արաբական Էմիրությունների հետ։ Մենք Իրանից ներկրում ենք ոչ միայն գյուղմթերք, այլ նաև ցեմենտ, արմատուրա և այլ շինանյութեր, որոնք էժան են, ու  այդ ցածր գինը ստիպում է մեր տեղական արտադրողներին գնիջեցում անել։ Երբ իրանական ցեմենտ ու արմատուրա չներկրվի, վստահաբար, տեղական արտադրողները բարձրացնելու են գները»,-նկատում է տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանն այլընտանքային ճանապարհներ փնտրելու է Ռուսաստանից, Թուրքիայից և Վրաստանից, բայց այդպես ապրանքների գինն ավելի թանկ կլինի։

Սուրեն Պարսյանի ներկայացմամբ՝ այս պատերազմի պատճառով վտանգված են նաև ներդրումները, քանի որ, տնտեսագետի խոսքով՝ ներդրումները սիրում են խաղաղ պայմաններ, տեսնելով պատերազմներ՝ նրանք դուրս են գալիս տվյալ երկրից․«Վերջին տարիներին մենք օդային ճանապարհով ոսկի էինք արտահանում Արաբական Էմիրություններ, հիմա այդ հնարավորությունից ևս զրկված ենք և դա մեր արտահանման ցուցանիշների վրա ևս ազդելու է։ ացի այդ Արաբական Էմիրությունները մեր գյուղմթերք արտադրողների համար շուկա էր, քանի որ ունեինք երկարաժամկետ պայմանագրեր և տարբեր գյուղմթերքներ էինք արտահանում։ Ներդրողները դուրս են գալու  արաբական երկրներից՝ Էմիրություններ, Քուվեյթ,  Դուբայ, Աբու Դաբի և այլ երկրներ։ Դուրս են գալու և տեղափոխվելու են ավելի խաղաղ և հանգիստ վայրեր՝ Հյուսիսային Ամերիկա, ԱՄՆ, Կանադա կամ եվրոպական մի շարք երկրներ։ Հայաստանի պարագայում, կարծում եմ, որ դա ևս խնդիր է, որովետև այնտեղի ներդրումների հետ մենք սերտ կապեր ունենք, փորձում են այնտեղից ներդրումներ բերել, տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնել»։

Պարսյանն ասում է՝ այս պատերազմը երկրաժամկետ առումով հետևանքներ կարող է թողնել  նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման վրա, օրինակ՝ հյուսիս-հարավի, TRIPP-ի իրագործման տեսանկյունից․«Որովհետև, մի տարածաշրջանում, որտեղ ամեն րոպե կարող է պատերազմ լինել, ենթկառուցվածքները այդ պայմաններում սառեցվում են, և՛ ներդրողների տեսանկյունից է դառնում բավականին ռիսկային, և՛ երկրների համար։ Սա Հայաստանի համար երկարաժամկետում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացաման առումով»։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ