Արտակ Բեգլարյան․«ՀՀ ՄԻՊ-ը պետք է հարաբերություններ հաստատի ադրբեջանցի գործընկերոջ հետ, պետք է օգտագործել իրավապաշտպան դիվանագիտությունը»
«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, առնվազն որոշակի նկատառումներից ելնելով, զսպվածություն է ցուցաբերում թե՛ հրապարակային ելույթներում, թե՛ գործողություններում։ Կարծում եմ՝ մարդու իրավունքների պաշտպանը մանդատ է ստանում կամ ներգրավվում է այն դեպքերում, երբ պետական մարմինները, տվյալ դեպքում՝ կառավարությունը, պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները։ Այս համատեքստում, կարծում եմ, կարելի է քննարկել նաև Հայաստանի կամ այլ երկրի օմբուդսմենի մասնակցությունը այլ երկրներում գտնվող իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ տվյալ դեպքում Ռուբեն Վարդանյանի հարցով»։
Նման կարծիք է հայտնեց Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը REGIONSTV-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանը Ռուբեն Վարդանյանի դիմումին։ Նա ընդգծել է օմբուդսմենի ինստիտուտի դերի և իրավասությունների չափազանց կարևոր հարցը, հատկապես միջպետական հարաբերությունների և արտերկրում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, դիմում էր հղել ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանին։ Դիմումը փոխանցվել էր ընտանիքին՝ ամենշաբաթյա հեռախոսազանգի ժամանակ։ Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել Անահիտ Մանասյանին դիտարկել Բաքու այցելության կազմակերպման հնարավորությունը, ինչն արդեն քննարկվել էր ադրբեջանական կողմի հետ։ Նա նաև առաջարկել էր օմբուդսմենին՝ հայ բանտարկյալների հարազատների հետ միասին ստուգել նրանց պահման պայմանները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստակամություն էր հայտնել ուղեկցել նրան։
Անահիտ Մանասյանը, ի պատասխան, հայտարարել էր, որ Բաքվից առաջարկներ չի ստացել և մանդատ կամ իրավունքներ չունի Բաքվում գտնվող հայ գերիների պաշտպանության համար։ Ըստ նրա՝ ՀՀ ՄԻՊ-ը լիազորված է մոնիտորինգային այցեր իրականացնել ազատազրկման վայրեր և ազատորեն օգտագործել բոլոր հասանելի գործիքները նման այցերի համար բացառապես Հայաստանի տարածքում։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ ՄԻՊ հիմնական մանդատը, որն ամրագրված է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, ՀՀ պետական ինստիտուտների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է կամ դրանց խախտման հարցերի քննարկումը։ Ըստ Բեգլարյանի՝ «այլ երկրներում մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով ուղղակի մանդատ չունի։ Մանդատ ունի կառավարությունը՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, և այն պետք է ջանքեր գործադրի, իսկ ՄԻՊ-ը մանդատ է ստանում կամ ներգրավվում է այն դեպքերում, երբ պետական մարմինները, տվյալ դեպքում՝ կառավարությունը, պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները»։
Արցախի նախկին օմբուդսմենը նկատել է, որ ՀՀ կառավարության կամքից և գործողություններից է կախված, թե ինչպիսի պաշտպանության տակ կարող են գտնվել ՀՀ քաղաքացիները Ադրբեջանում, կամ ինչ է արվում պատանդների ազատ արձակման համար։
«Հայաստանի իշխանությունները առաջնահերթություն չեն տալիս Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությանը, նրանց ազատ արձակմանը և այլն։ Դա ակնհայտ է։ Եթե դա լիներ քաղաքական օրակարգի առաջնահերթություն, համոզված եմ, որ կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարելի էր օգտագործել, այդ թվում՝ ՄԻՊ մեխանիզմի միջոցով։ Ավելին, հայ դատապարտյալների ազատ արձակման հարցը բանակցությունների սեղանին չէ։ Մենք կհամարեինք, որ գերիների հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում է, եթե, օրինակ, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրում և Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախագծում արտացոլվեր հստակ կետ այն մասին, որ նրանք պետք է ազատ արձակվեն, կամ գործող իշխանությունները հայտարարեին, որ չեն ստորագրի համաձայնագիրը, քանի դեռ բոլոր հայ գերիները չեն վերադարձվել։ Բայց նրանք ոչ մի նախապայման չեն դնում, ոչ մի էական գործողություն չեն ձեռնարկում, պարզապես ասում են, որ այդ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում», ասաց Բեգլարյանը։
Այս համատեքստում, ըստ Բեգլարյանի, օրինաչափորեն հարց է առաջանում նման դեպքերում օմբուդսմենի դերի և լիազորությունների սահմանների վերաբերյալ։
Նա համարում է, որ ՀՀ ՄԻՊ-ը կարող է այլ երկրների հետ քննարկել արտերկրում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը։ Տվյալ դեպքում խոսքը Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին է։ Բեգլարյանը նշել է, որ հարցեր են առաջանում օմբուդսմենի կամքի վերաբերյալ, որոնք կախված են նրա ներգրավվածության աստիճանից։
«Պարզ է, որ ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը, առնվազն հաշվի առնելով որոշակի նկատառումներ, զսպվածություն է ցուցաբերում իր հրապարակային ելույթներում և գործողություններում։ Պաշտպանը պարզապես պետք է հայտարարի, որ պատրաստ է կամ համաձայն է այցելել Ադրբեջան կամ հարաբերություններ հաստատել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ պետական մարմինների աջակցությամբ։ Միջազգային պրակտիկայում բազմաթիվ դեպքեր կան, երբ իրավապաշտպանի մեխանիզմն օգտագործվում է դիվանագիտության մեջ՝ այլ երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,– ընդգծեց է Արտակ Բեգլարյանը։
Նա նաև նկատեց որ Ռուբեն Վարդանյանը և ձերբակալված մյուս հայ առաջնորդները չեն ստացել դատավճիռների պաշտոնական գրավոր պատճենները, նրանց պարզապես բանավոր հայտարարել են, որ այս կամ այն անձին այսքան ժամկետով են դատապարտում, որովհետև այդպես է որոշել Ալիևը․« Սակայն արդարադատության համակարգը պետք է հիմնավորումներ ներկայացներ, իսկ նրանք չունեն դրանք, դրա համար էլ չեն տրամադրել։ Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ ընդհանրապես չեն տրամադրի։ Իմաստ չկա դիմել ներպետական ատյաններին՝ Ադրբեջանի բարձրագույն դատարաններին, այնտեղ արդար համակարգ չկա»։ Նա հավելել է, որ «հնարավորություն կա դիմել միջազգային դատարաններ՝ առանց պատճենները ստանալու։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս նորություններ կլինեն։ Վեճը դեռ չի մարել, բայց աշխատանքը շարունակվում է»։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս ընդգծել է իր դիրքորոշումը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտության մասին։ ՄԻԵԴ որոշման համաձայն՝ Բաքուն պարտավոր է պարբերաբար տվյալներ տրամադրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին, մասնավորապես՝ փաստաթղթեր նրանց վերջին բժշկական հետազոտությունների, բուժման և նմանատիպ այլ տվյալների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը, դատելով ամեն ինչից, ձգտում է խուսափել այդ պարտավորությունների կատարումից։ Ադրբեջանը փորձում է հասնել հայ բանտարկյալների նկատմամբ դատարանի միջանկյալ որոշման չեղարկմանը և հերթական անգամ մերժել է ՄԻԵԴ պահանջները։
Արցախի նախկին օմբուդսմենն ասաց, որ Ալիևի վարչակարգը կփորձի ազատվել միջազգային պարտավորություններից, ներառյալ Եվրոպական դատարանի որոշումների կատարումը։ Հենց այդ պատճառով են նրանք հնարավորության դեպքում փորձում փակել այս թեման։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային դատական հայցերից և խուսափի միջազգային դատական գործընթացներից․«Մեր կողմից, բնականաբար, որքանով հնարավոր է, մենք պետք է առավելագույնս օգտագործենք բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային իրավական, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա։ Դա որոշակի կանխարգելիչ ազդեցություն կունենա մեր բանտարկյալների իրավունքների պաշտպանության, պահման պայմանների մասով, որպեսզի կանխվեն հետագա խոշտանգումները, կյանքի իրավունքի խախտումները և այլն։ Այսինքն՝ որքան շատ լինի միջազգային ուշադրությունը, որքան շատ լինի ճնշումը ազատ արձակման ուղղությամբ, այնքան մեծ կլինի ուղղակի և կանխարգելիչ ազդեցությունը նոր իրավախախտումների վրա»։
Եզրափակելով նշենք, որ դիմումները միջազգային ատյաններին, նոր գործընթացների նախաձեռնումը, ուշադրության հրավիրումը խախտումների կոնկրետ դեպքերի վրա՝ այս ամենը կարող է դառնալ ճնշման լծակ Ադրբեջանի վրա։ Յուրաքանչյուր հաջողված դեպք, միջազգային դատապարտման յուրաքանչյուր դրսևորում, կատարում պահանջող յուրաքանչյուր որոշում թուլացնում են Բաքվի դիրքերը և ամրապնդում նրանց դիրքերը, ովքեր պայքարում են իրավունքների համար։
Զաբելա Ավագյան
