Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Ծառուկյանը «Real American Freestyle» լիգայում իր անպարտելի շարքը հասցրեց 7-0-ի։
Փայլուն հաղթանակից անմիջապես հետո Արման Ծառուկյանը խոսափող է վերցրել ու բավականին ինտրիգային հայտարարությամբ դիմել վրացի հանդիսատեսին.
«Վրաստա՛ն, մեծագույն շնորհակալություն հյուրընկալության համար։ Նույնիսկ եթե դուք ինձ չէիք երկրպագում, միևնույն է՝ դրանով ինձ էլ ավելի շատ էներգիա տվեցիք հաղթելու համար։ Տվե՛ք ինձ որևէ մրցակցի հենց Վրաստանից, և ես նորից կվերադառնամ այստեղ», — հայտարարել է Ծառուկյանը։
Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) 29-ամյա Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդն այս պահին կազմում է 23-3, մինչդեռ Խամիտովի ցուցանիշը 28-8-2 է։
Հայ մարտիկը, սակայն, երկար հանգստանալու մտադրություն չունի։ Արդեն հուլիսի 18-ին նա վերադառնալու է պայքարի՝ ուժերը չափելու UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, սկանդալային ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։
