«Վարկեր ունենք, կոմունալները պիտի վճարենք»․ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ցույց են անում | Region

«Վարկեր ունենք, կոմունալները պիտի վճարենք»․ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ցույց են անում

Հուլիս 13,2026 14:58

Կալանքում գտնվող Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անում։ Նրանք իրավապահ մարմիններից պահանջում են բացել կապարակնիքները և թույլ տալ վերադառնալ աշխատանքի։

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներ լրագրողների հետ զրույցում ասել են՝ անորոշություն է, չգիտեն՝ կվերսկսվի, թե՝ ոչ, արտադրամասի աշխատանքները։ Աշխատակիցները նշել են՝ նույնիսկ պարզ չէ՝ սա ժամանակավոր երևո՞ւյթ է, երկա՞ր կտևի, թե հույսները կտրեն ու նոր աշխատանք փնտրեն։

«Վարկեր ունենք, կոմունալները պիտի վճարենք, մարդիկ կան՝ վարձով եմ ապրում։Եթե չենք աշխատում, աշխատավարձ էլ չենք ստանալու, դա նշանակում է, որ մեր վարկերը չենք կարող վճարել»,-հայտարարել են աշխատակիցներից ոմանք։

Նրանք պնդել են՝ եթե իրավապահներն այսօր կոնկրետ պատասխան չտան, փակելու են Սևան–Երևան մայրուղին։

«Մենք միայն ուզում ենք աշխատել։ Եթե քննչականը ստուգումներ է իրականացնում, թող դա այնպես անեն, որ մենք չտուժենք»,- ասել է աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները նաև խնդրանքով դիմել են վարչապետ Փաշինյանին, որպեսզի նրա միջամտության խնդիրը կարգավորվի։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ է՝ Գագիկ  Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ իրավապահները կապարակնքել են, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանը, որի աշխխատակիցները նույնպես դժգոհություն էին ներկայացրել, նրանց բողոքի ցույցից հետո գործարանի աշխատանքը վերականգնվել է։

Ծառուկյանին ձերբակալելու օրը քննչական գործողություններ են իրականացվել նրան պատկանող մի քանի տասնյակ օբյեկտներում։

Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է, Քննչական կոմիտեն Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման հոդվածով։  Ծառուկյանը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանը պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Նորություններ