Բացահայտվել են Մեսսիի և Բելինգեմի խոսակցության մանրամասներն Անգլիա-Արգենտինա հանդիպման ժամանակ | Region

Բացահայտվել են Մեսսիի և Բելինգեմի խոսակցության մանրամասներն Անգլիա-Արգենտինա հանդիպման ժամանակ

Հուլիս 16,2026 15:06

Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա — Անգլիա հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն արգենտինացիների կամային հաղթանակով (2-1), այլև Լիոնել Մեսսիի և Ջուդ Բելինգեմի միջև տեղի ունեցած միջադեպով։

Թոմաս Տուխելի գլխավորած Անգլիայի հավաքականը հանդիպման 55-րդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ Էնթոնի Գորդոնի գոլի շնորհիվ։ Սակայն արգենտինացիները կարողացել են բեկել խաղի ընթացքը. 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ 92-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հաղթանակ է պարգևել «Ալբիսելեստեին»։

Լարված խաղի ընթացքում միջադեպ է գրանցվել 39-ամյա Մեսսիի և Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի միջև։ Ըստ The Touchline պարբերականի՝ ֆուտբոլիստների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.

— Իմ կողմից խախտում չկար: Սա մրցավարի առաջին որոշումն է մեր օգտին,- ասել է Մեսսին:

— Ոչ, ոչ։ Դա խախտում էր,- չի համաձայնել Բելինգեմը:

— Առաջին որոշումը մեր օգտին,- կրկնել է արգենտինացիների ավագը:

— Ոչ, ոչ։

Դրանից հետո Բելինգեմը սկսել է համառորեն և ուշադիր նայել Մեսսիին, ինչին վերջինս արձագանքել է.

— Ի՞նչ ես նայում:

Անգլիացին հեռացել է՝ ոչինչ չպատասխանելով:

— Լա՛վ, լա՛վ,- ակտիվ ժեստեր անելով եզրափակել է Մեսսին:

Խաղից հետո Ջուդ Բելինգեմը պարզաբանել է միջադեպը՝ նշելով, որ իրականում լուրջ ոչինչ տեղի չի ունեցել և կոչ արել չուռճացնել թեման։

«Մենք պարզապես քննարկում էինք խախտումը։ Համոզված եմ, որ մարդիկ կուռճացնեն այս դրվագը և սրանից մեծ խնդիր կսարքեն, բայց իրականում ոչ մի լուրջ բան չի եղել։ Ինձ թվաց, որ մինչ այդ դրվագը խախտում կար, իսկ նա հարցրեց. «Իսկ ի՞նչ կասես իմ նկատմամբ կանոնների խախտման մասին»: Ես էլ պատասխանեցի. «Դու բավականաչափ ուժեղ ես դրան դիմանալու համար»»,- Բելինգեմի խոսքերը մեջբերում է Yahoo-ն:

Անգլիացի կիսապաշտպանը նաև ընդգծել է իր հարգանքը Մեսսիի նկատմամբ. «Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մեսսիի դեմ: Նրա դեմ ոչ մի անձնական բան չունեմ։ Իհարկե, ես պարտվել եմ, ինչը շատ հիասթափեցնող է, բայց նրան դիմակայելն ինձ համար մեծ պատիվ է»:

Նշենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին, որտեղ Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։

armsport.am

Նորություններ