Տնտեսական լծակներ՝ քաղաքական ազդեցության ակնկալիքով. Ադրբեջանը փորձում է մեծացնել իր կշիռը տարածաշրջանում | Region

Տնտեսական լծակներ՝ քաղաքական ազդեցության ակնկալիքով. Ադրբեջանը փորձում է մեծացնել իր կշիռը տարածաշրջանում

Հուլիս 16,2026 22:53

«Իրականում Ալիևը նախընտրում է, որ Ադրբեջանը լինի Միջին Ասիան Եվրոպային կապող երթուղու գլխավոր օղակը, ինչը կնպաստի նաև Ադրբեջանի կշռի մեծացմանը»,-REGIONSTV-ի հետ  զրույցում  նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները։ Վարդանյանը կարծում է, որ Ալիևը դրա համար հիմքեր ունի, քանի որ «Միջին միջանցքն» ունի մի քանի ճյուղավորումներ, և այդ բոլոր ճյուղավորումներում Ադրբեջանը ներկա է։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, օկուպացված Շուշիում կայացած հերթական մեդիաֆորումի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե վերջին տարիներին տարածաշրջանը արմատապես փոխվել է։ 2023 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիայից և նրա բնակչության բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երբեմն բեռներ են տեղափոխվում, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ուղղակի շրջափակումը դեռևս չի վերացվել։ Ալիևին խիստ վրդովեցնում է այն, թե ինչպես է Արևմուտքը Հայաստանը ներկայացնում որպես տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային հանգույց։

«Տարանցիկ պետության փորձ չունեցող երկիրը հանկարծ հայտարարվում է գլխավոր տրանսպորտային հանգույց։ Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված նման գնահատականները»,- հայտարարել է Ալիևը։ Նրա խոսքով՝ դա իբր «քաղաքականապես մոտիվացված է և Հայաստանին իրենց կողմը քաշելու փորձ է»։ Նա բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել նման մոտեցումից։

Ֆորումի ժամանակ նա նաև հայտարարել է, որ իր երկրի տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ, ինչպես նաև նավթամթերք։ Ալիևը պնդել է, որ «Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանը, հավանաբար, այսօր ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր ծայրերու»մ։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ Վարդանյանը նշեց. «Միջին միջանցքի ճյուղերից մեկը մտնում է Ադրբեջան, Ադրբեջանով՝ Վրաստան, իսկ Վրաստանից՝ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։ Մյուս ուղղությունը, որը նա նախատեսում է կառուցել հիմա, TRIPP նախագիծն է։ Կրկին Ադրբեջանը պետք է հատի Հայաստանը, իսկ Հայաստանից կրկին ուղևորվի դեպի Թուրքիա և Եվրոպա։ Ամեն դեպքում, նրան այնքան է զայրացնում այն փաստը, որ Հայաստանին, դնելով Ադրբեջանի հետ նույն կշեռքի վրա, փորձում են հավասարեցնել։ Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է լինի ավելի բարձր, ունենա ավելի մեծ աշխարհաքաղաքական կշիռ, քանի որ Միջին Ասիայի և Եվրոպայի միջև հիմնական կապող օղակը հենց ինքն է»։

Արմեն Վարդանյանը նկատեց՝ Ադրբեջանից ինչ-որ բան սկսել է ներկրվել վերջին մեկ-երկու տարում, սակայն մինչ այդ մատակարարումները կատարվում էին այլ ուղղություններից։ Ըստ նրա՝ այստեղ հարցը գինն է՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը գտնել դիզելային վառելիքի, և ընդհանրապես՝ լայն սպառման ապրանքների ավելի էժան աղբյուր, քան Ադրբեջանը․«Ամեն դեպքում, Ադրբեջանն այս կերպ փորձում է մեծացնել իր կշիռը Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև ազդեցության լծակներ ձեռք բերել Հայաստանի նկատմամբ՝ այս անգամ տնտեսական, որոնք հետագայում կարող են վերածվել քաղաքականի։ Սա է հիմնականում նրա ցանկությունն ու ուղերձները»։ ։

Մեկնաբանելով Ալիևի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարևոր է համարում Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող TRIPP նախագծի իրականացումը, Արմեն Վարդանյանը նշել է. «Հայաստանի տարածքով անցնող ճանապարհն ամենակարճ ուղին է, որն Ադրբեջանը կձգի դեպի Նախիջևան՝ ընդամենը 42 կիլոմետր։ Դա կնվազեցնի լոգիստիկ ծախսերը, պլյուս հնարավորություն կընձեռի ավելի արագ հասնել Նախիջևան։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի տարածքով նման ճանապարհի կառուցումն է»։

Բացի այդ, Վարդանյանը նշեց, որ կա դեպի Նախիջևան տանող ճանապարհ իրանական տարածքով, սակայն այն ավելի երկար է։ Նրա կարծիքով՝ Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, ուստի Բաքվի համար կարևոր էր ստանալ «Թրամփի երթուղին»։

«Այն տեսքով, որով Ադրբեջանը ցանկանում էր ստանալ այդ երթուղին նոյեմբերի 9-ից հետո, երբ հայկական կողմը չպետք է վերահսկեր ճանապարհը, տեղի չունեցավ։ Օրերս  ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հայաստանն է վերահսկելու իր տարածքով անցնող ողջ ճանապարհը, և այն գործելու է հայկական ինքնիշխանության ներքո։ Այսպիսով, Ադրբեջանի ցանկությունները այս իմաստով չիրականացան։ Մյուս կողմից, Ադրբեջանում հույս ունեն, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի մասնակցությամբ երթուղին կգործի կայուն, և ճանապարհի կառուցմանը խոչընդոտներ չեն առաջանա։ Այս ճանապարհը նրանց համար կենսական նշանակություն ունի, և նրանք ցանկանում են, որ այն ամեն դեպքում կառուցվի»,-ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց՝  Ալիևն իրեն թույլ է տվել կոշտ ելույթ ունենալ Շուշիի մեդիաֆորումում, նշելով՝ վերջին մի քանի տարիներին Ալիևի ելույթները գրեթե չեն փոխվում․նա հանդես է գալիս հաղթողի դիրքերից՝ ցուցադրաբար ամբարտավան․« Նա ցանկանում է հաղթող երևալ ժողովրդի աչքերում, ուստի ամեն տարի շարունակում է գումարներ ծախսել ֆորումների, ֆիլմերի նկարահանումների և այլնի վրա։ Հետևաբար, միջազգային հարթակներում Բաքուն պահանջում է երկխոսություն բացառապես իրենց հետ հավասար պայմաններով»։

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը սովորաբար ավելի կոշտ է արտահայտվում ներքին հարթակներում, քան, ասենք, այլ երկրներում։ Ալիևի կոշտ ելույթը Շուշիում հասցեագրված էր մի քանի սուբյեկտների. այն ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ եվրոպական կառույցներին։ Ալիևը որոշել է Եվրոպային հիշեցնել իր սեփական կախվածության մասին։

Վարդանյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ի հետ կոնֆլիկտի առիթներ Ալիևը բավականին շատ ունի։ Նա խիստ դժգոհ էր ԵՄ-ից, երբ մայիսին Երևանում անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ալիևը դժգոհ է նաև նրանից, որ 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայկ Թորոյանի գործով. հայ զինծառայող, ով սպանվել և գլխատվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Քաղաքագետը հիշեցրեց՝ Եվրոպական դատարանը ճանաչել է խոշտանգումների փաստը և պարտավորեցրել Ադրբեջանին վճարել 90 հազար եվրո․« Ուստի Ալիևը հասկանում է, որ ապագայում նման դատական հայցերի թիվը կարող է ավելանալ, և լրջորեն դիտարկում է այդ կառույցից դուրս գալու հարցը։ Եթե Ադրբեջանը մնա, նրա դեմ շարունակական դատական որոշումներ ու բանաձևեր են ընդունվելու։ Եվրոպացիները կսկսեն ուժեղացնել իրենց թշնամանքը երկրի նկատմամբ, իսկ այսօր Ալիևն իրականում ցանկանում է մերձենալ Արևմուտքի հետ։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ալիևը դժգոհ է Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականությունից՝ Հայաստանի հետ համագործակցության պատճառով։ Ադրբեջանի նախագահը դատապարտում է ԵՄ-ին այն բանի համար, որ վերջինս սկսել է իրեն ներկայացնել գրեթե որպես Հարավային Կովկասի գլխավոր հաբ։ Ալիևի խոսքով՝ ԵՄ-ում չեն հասկանում տարածաշրջանի իրողությունները, և Եվրոպան խաղադրույք է կատարում «ոչ ճիշտ թեկնածուի» վրա։

Քաղաքագետը նշեց, որ եվրոպական կառույցների հետ հակամարտությունը ծագել է նաև Արցախի հայ բնակչության վերադարձի մասին բանաձևի և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի քննադատության պատճառով։ Քաղաքագետի խոսքով․ «Ադրբեջանը չի ճանաչում ՄԻԵԴ որոշումները և սպառնացել է ԵԽԽՎ-ից «լիակատար դուրս գալով»։ Մի կողմից՝ Արևմուտքը քննադատում է Բաքվին մարդու իրավունքների, մամուլի ազատության չպահպանման և Արցախում տիրող իրավիճակի համար, մյուս կողմից՝ ստորագրում է էներգետիկ համաձայնագրեր և խոսում ռազմավարական գործընկերության մասին։ ԵՄ-ն շահագրգռված է սեփական շահերի համար Ադրբեջանի հետ խաղալով՝ ադրբեջանական գազի մատակարարումներ, տրանսպորտային միջանցքներ, Ռուսաստանի զսպում և այլն։ Ալիևը հրաշալի տեսնում է այս երկակիությունը և, դատելով ամենից, իրեն թույլ է տալիս քննադատել ԵԽԽՎ-ն, ինչպես նաև սպառնում է կազմակերպությունից Ադրբեջանի դուրս գալով»։

«Ադրբեջանի նախագահն թույլ է տվել քննադատել Միացյալ Նահանգները,- ասաց Արմեն Վարդանյանն ու հավելեց,  որ ԱՄՆ-ին ուղղված հիմնական դժգոհությունները կապված են հակաադրբեջանական պատժամիջոցների բազմամյա գործողության և նախորդ վարչակազմի կողմնակալ քաղաքականության հետ, որն ուղղված էր Հայաստանի հետ հակամարտության սառեցմանը․«Ալիևը բազմիցս փորձել է չեղարկել 907-րդ ուղղումը, որն արգելում էր Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը։ Բաքուն իր դժգոհությունն էր հայտնում ԱՄՆ Կոնգրեսում հայամետ լոբբիից և խաղաղության գործընթացն Ադրբեջանի համար ոչ ձեռնտու պայմաններով առաջ մղելու Վաշինգտոնի պարբերական փորձերից։ Քանի դեռ Ալիևն ունի իր կշիռը, նա կփորձի լուծել տնտեսական և քաղաքական խնդիրները։ Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի է առել Բաքվի մտահոգությունները և բացատրել է Հայաստանին, որ TRIPP նախագիծն անհրաժեշտ է»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, քաղաքագետի կարծիքով, Ալիևն իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բնորոշել է որպես բարելավված։ «Մի կողմից՝ Ալիևն ընդունում է Ռուսաստանի հետ հարաբերությունների «կարգավորումը», մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ՌԴ-ի դեմ հակամարտությունում։ Ավելին, Ալիևը Կիևին խորհուրդ է տվել ոչ մի դեպքում չհամաձայնել զիջումների և չհաշտվել տարածքների կորստի հետ։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լուրջ խնդիրներ առաջացան, երբ անցյալ տարի Դաղստանում կործանվեց AZAL-ի ինքնաթիռը։ Այդ ժամանակ օդանավը, որով թռչում էր Ալիևը, ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ։ Այս միջադեպից հետո Ադրբեջանը փորձում է հեռավորություն պահպանել Ռուսաստանից։ Այս խնդիրներին գումարվեցին նաև Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ազդեցիկ դեմքերի ձերբակալությունները։ Բացի այդ, Բաքուն շարունակում է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակասությունների վրա՝ քաղելով առավելագույն օգուտներ ստեղծված իրավիճակից. Բաքուն միաժամանակ գազ է վաճառում Եվրոպային՝ հարստանալով հակառուսական պատժամիջոցների հաշվին»։

Եզրափակելով՝ Արմեն Վարդանյանը նշեց՝ Ալիևը գիտի՝ ոչ ոք չի կարող ստիպել իրեն փոխել կուրսը․«Նույնիսկ պետքարտուղար Վենսը Հայաստանում խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը, սակայն Ալիևն իրեն թույլ տվեց մերժել Վենսին։ Մենք տեսնում ենք, որ տվյալ պահին ոչ ոք չի կարող դիմակայել նրան»։

Զաբելա Ավագյան

Լուսանկարը՝ ԱԲ-ի

 

Նորություններ