«Որոշումը հեշտ չի ընդունվել»․ԿԲ նախագահը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին | Region

«Որոշումը հեշտ չի ընդունվել»․ԿԲ նախագահը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին

Սեպտեմբեր 15,2026 20:56

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25%-ով՝ սահմանելով 6,75%, ինչով, ըստ էության խստացնում է դրամավարկային պայմանները։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է՝ քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների առկայության, արտաքին պահանջարկի հետագա ընդլայնման եւ գնաճային սպասումների ավելացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Գալստյանի ներկայացմամբ՝ մյուս կողմց էլ ԿԲ խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումների հետեւանքով գնանկումային ռիսկերի ձեւավորման եւ ՀՀ տնտեսության ռիսկի ավելաճի հիմնարար նվազման հետ, որը ենթադրում է քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույք։

Այս ամենը հաշվիա առնելով՝ Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը կարևորելով՝ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով:

«Որոշումը հեշտ չի ընդունվել։  Կենտրոնական բանկի խորհրդում այսօր բավականին բարդ հանդիպում է եղել, որովհետև ունեցել ենք ձայների 4-4 բաշխվածություն։ Խորհրդի չորս անդամ կողմ է եղել տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն, սակայն մյուս չորսի, այդ թվում՝ իր դիրքորոշման արդյունքում որոշվել է տոկոսադրույքը բարձրացնել»,-հայտարարել է Գալստյանը:

Որո՞նք են այն հիմնական ռիսկերը, որոնց արդյունքում ԿԲ-ն այնուամենայնիվ որոշեց տոկոսադրույքը բարձրացնել Գալստյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Դա հիմնականում պայմանավորված էր պահանջարկի գործոնների ավելցուկային արտահայտմամբ։ Այժմ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ թե ներքին պահանջարկը, թե արտաքին պահանջարկը, որը պայմանավորված է Հայաստան ժամանողների նոր ալիքով, հանգեցրել են մի իրավիճակի, որ այնպիսի գներ, որոնք չպիտի էական շարժվեին՝ ծառայությունների ոլորտ եւ այլն, այդ գները սկսել են նորից արագացման տենդենցներ ցույց տալ»։

Իսկ թե ի՞նչ պետք է լինի, որպեսզի ԿԲ-ն վերադառնա տոկոսադրույքի նվազման քաղաքականությանը, այս հարցին էլ Գալստյանն այսպես պատասխանեց․ «Պիտի տեղի ունենա մի իրավիճակ, որտեղ մեր տնտեսական աճը պիտի էապես նվազի։ Այդպիսի սցենարներ կան, կարող է լինել իրավիճակ, որ ՀՀ-ում երկար տարիների աճից հետո տնտեսությունում տեղի ունենան որոշակի պրոբլեմներ։ Եթե այդ պրոբլեմները տեղի ունենան, մենք անպայման կարձագանքենք արդեն հակառակ ուղղությամբ։ Դա կնշանակի, որ Բ տիպի սցենարները դառնալու են դոմինանտ»։

Նա նաև հայտենց, որ Հայաստանում այսօր կա իրացվելիության ավելցուկ․«Այսինքն՝ կա շատ-շատ փող։ Եվ մարդիկ, այն բիզնեսները, ովքեր պատրաստ են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, ունեն հավակնոտ ծրագրեր, բաց են, թափանցիկ են, պիտի հայտ ներկայացնեն, այդ ավելցուկային ռեսուրսները վերցնեն ու անեն իրենց բիզնես պրոյեկտները, որովհետեւ կա փող, կա ենթակառուցվածք, պետք է դրանից օգտվել»։
Նրա ներկայացմամբ՝  մեր երկրում կա գրեթե բոլոր տեսակի ակտիվների աճ՝ սկսած անշարժ գույքի գների 20% աճից.« Հայաստանում բում է։ Երբ նայում ենք, տեսնում ենք, որ մեր պահանջարկն ավելի շատ է, քան մեր պոտենցիալ ՀՆԱ-ն»։

Թե որտեղից է այդ փողի ծագումը, եթե, օրինակ, արտահանման ծավալները նվազել են,  Գալստյանն այս հարցին ի պատասխան ասաց՝  մենք այսօր ունենք ընթացիկ հաշվի բացվածք, մեր երկրից ավելի շատ փող է գնում, քան մեր երկիր գալիս է․Բայց միևնույն ժամանակ վճարային հաշվեկշիռն ունի երկրորդ մասը, որը կոչվում է կապիտալի ու ֆինանսական հաշիվ, որն ուղղակի և անուղղակի ներդրումներն են, պորտֆելային ներդրումներ են։ Այդ հոդվածով Հայաստան գալիս են հսկայական գումարներ։ Գալիս է բանկային համակարգի միջոցով, որը հետո դառնում է վարկ, գալիս է մասնավոր ֆիրմաների կողմից՝ դրսից ներգրաված պարտքով, օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները գալիս, հայկական պարտատոմս են առնում»։

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է, բանկային համակարգով մեծ գումարներ են գալիս, կան ընկերություններ, որոնք Հայաստանում ներդրում են անում՝ գույք են գնում, գործարան են գնում՝ դրսից վերցված վարկերով կամ իրենց կապիտալով․«Դրա արդյունքում, եթե զուտ սալդոն ենք նայում, ԿԲ պահուստներն աճում են, որովհետեւ այնքան փող է գալիս, որը ծածկում է»։

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ  6,5%, էր անցած տարվա դեկտեմբերից, տոկոսադրույքը վերջին անգամ բարձրացվել էր չորս տարի առաջ։

Նորություններ