Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ | Region

Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ

Սեպտեմբեր 15,2026 12:17
Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։
Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։ Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ։
Այսպիսով` ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք ընդհանուր առմամբ միտված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։

Նորություններ