Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ | Region

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ

Սեպտեմբեր 15,2026 22:13

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 107 370–ով։

Ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած տվյալների` 2026 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 227,026 զբոսաշրջիկ. 2025–ի օգոստոսի ՀՀ էր այցելել 334 396 զբոսաշրջիկ։

«2026 թվականի հունվար–օգոստոսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 467 հազար 333 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 37 790-ով– խմբ.)։ Նույն այդ ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,– ասված է հաղորդագրությունում։

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է նաև 2025 թ․ հունվար-օգոստոսին զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների տասնյակը։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած Ռուսաստանին, Վրաստանին և Իրանին հաջորդում են Չինաստանը, Գերմանիան, ԱՄՆ–ն, Ուկրաինան, Ֆրանսիան, Իտալիան, Հնդկաստանը։
Ամենաշատն օդային սահմանը հատել են «Զվարթնոց» օդանավակայանով (58%, նախորդ տարվա համեմատ 1 տոկոսով նվազել է), ապա Գյումրու «Շիրակ» օդանավակայանով (2%)։ Ցամաքային սահմանն ամենաշատը հատել են Բագրատաշենի անցակետով (20%, 1 տոկոսով նվազել է), ապա Բավրայի (11%, 1 տոկոսով ավելացել է), Գոգավանի (2%) և Այրումի (1%) անցակետերով։

Նորություններ