Հունգարիայի իշխող կուսակցությունն աջակցել է շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը նախագահի պաշտոնում
Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտարարել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրեա Բույդոշոն, հայտնում է Reuters-ը:
Վարչապետ Պետեր Մադյարը կիրակի հայտնել էր, որ կառաջարկի Պոլգարին՝ որը ճանաչված է որպես պատմության մեջ մեծագույն կին շախմատիստ, զբաղեցնել նախագահի արարողակարգային պաշտոնը մինչև երկրի նոր սահմանադրության ընդունումը:
Շաբաթ օրը Թամաշ Շույոկը ստորագրել է «Տիսա» կուսակցության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվել են նրա լիազորությունները նախագահի պաշտոնում:
Նոր նախագահի ընտրությունը և նոր սահմանադրության մշակումը Մադյարի որդեգրած քաղաքականության հիմնական տարրերն են, որոնք ուղղված են նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանական ինստիտուտների ապամոնտաժմանը: Մադյարն ընդգծում է, որ ընտրողներից հստակ մանդատ է ստացել այդ վերափոխումների համար:
Խորհրդարանը, որտեղ Մադյարի կուսակցությունն ունի ձայների երկու երրորդի մեծամասնություն (ինչը հնարավորություն տալիս ցանկացած փոփոխություն մտցնել օրենսդրության մեջ), կընտրի նոր նախագահին: Նա կպաշտոնավարի կամ մինչև նախատեսվող սահմանադրության ուժի մեջ մտնելը, կամ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Խմբակցության ղեկավար Բույդոշոն հայտարարել է, որ «Տիսայի» պատգամավորները տևական քննարկումներից հետո հանգել են այն եզրակացության, որ 49-ամյա Պոլգարը «հայրենասեր, ազնիվ, ապրումակցող, խիզախ, ակնառու և իր գործին նվիրված անհատականություն է», ինչպես նաև ունակ է «արտահայտել ազգի միասնությունը»- խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է Մադյարը:
Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
