«էդ խոստումներով ո՛չ ձկներին կարող ենք կերակրել, ո՛չ էլ վարկերը սպասարկել»․ ձկնարտադրողները բողոքի ցույց են անում
Արարատի մարզի մի խումբ ձկնարտադրողներ իրենց աշխատակիցների հետ այս պահին բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ, որպեսզի քննարկեն խնդիրները։
Հայկական ձկնարտադրանքի ՌԴ շուկա ներմուծման արգելքից հետո հայ ձկնարտադրողները մեծ վնասներ են կրում։ Թեև կառավարությունը պնդում է, որ ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկների համար, սակայն արտադրողները նշում են, որ ԵՄ շուկայում իրացնելու խնդիրներ ունեն, ընդ որում, նրանք վստահեցնում են, որ վարկային պարտավորություններ ունեն, ուստի խնդրում են բանկերը «վարկային արձակուրդ» տրամադրեն իրենց։
Արտադրողները մի քանի խնդիր առանձնացրեցին՝ արտադրանքի ինքնարժեքի 80%-ը կերն է, որը շատ թանկ է, սրան գումարած այլ ծախսերը՝ փոխադրում և այլն, հայկական ձնկարտադրանքը բավականին թանկ է ստացվում, ինչը ԵՄ շուկայում իրացնելու համար մրցանուկ գին չէ։ Նրանք նշեցին, որ ծագած խնդիրների պատճաով երկու ամիս է՝ չեն կարողանում աշխատողների աշխատավարձերը վճարել, քանի որ չեն կարողանում ապրանքը վաճառել։ Բացի այս, նշեցին նաև, որ վարորդները ԵՄ մուտքի վիզա չունեն, վիզա ստանալն էլ բարդ գործընթաց է, այսինքն՝ եթե անգամ սառնարաններով բարձեն ապրանքը, համապատասխան վարորդներ չկան։

Հայկ Հովհաննիսյան
Հայկ Հովհաննիսյանը 2004 թվականից զբաղվում է ձկնաբուծությամբ, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում է ձկնաբուծարանը, իշխան, կարմրախայտ ու թառափ է արտադրում։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երկար տարիներ իր արտադրանքն իրացրել է ռուսական շուկայում, որտեղ ևս մրցակցությունը մեծ է եղել, հիմա ԵՄ շուկայում առվելևս բարդ է հայկական ձուկն իրացնել։
«Հա, կառավարությունն ասում է՝ կարող եք արտահանել, բայց ի վիճակի՞ ենք արտահանել։ Հո միայն խոսքով չէ։ Այս պահին ի վիճակի չենք արտահանել։ Ես 40 տոննա ձուկ ունեմ, հիմա ես չունեմ այն աշխատանքային թիմը, որը կարող է զբաղվել եվրոպական շուկաներով։ Նույնիսկ մեծ տնտեսություններն են ասում, որ ձեռնտու չէ ԵՄ շուկան, չենք կարող մրցակցել։ Նույնսիկ ՌԴ-ում չենք կարողացել մրցակցել, ո՞նց կարող ենք Եվրոպայում մրցակցել»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ հայկական ձկնամթերքով ԵՄ շուկան գրավելն անհնարին է։
Նա ասաց, որ գուցե վեց ամիս, կամ մեկ տարի հետո խնդիրը կարգավորվի, ստացվի որոշակի քնակի ձուկ արտահանել ԵՄ, բայց այս պահին իրական չէ, ու արտադրողները վնասներ են կրում։
«Մենք էկոնոմիկայի նախարարության հետ աշխատել ենք, քննարկել ենք հարցերը, ասել են, որ ծրագրեր են մշակում աջակցության, գոյատևման համար, վարկերի սառեցմա և այլ ուղղությամբ։ Եկեն էկոնոմիկայի նախարարն ասել է, թե ձուկ արտահանելն այլևս երազանք չէ, բայց էդ խոստումներով մենք ոչ կարող ենք մեր ձկներին կերակրել, ոչ էլ վարկերը սպասարկել։ Մեզ պետք է արդյունավետ աշխատանք»,-ասաց ձկնարտադրողը։

Հոհաննիսյանն առաջարկում է 1 կգ-ի դիմաց 820 դրամ աջակցությունը, որը տրամադրվում է արտադրողներին արտահանման համար, թող ուղղվի ներքին շուկայում սպառելուն, ասենք՝ բանակի համար գնեն։
Մեկ էլ ձկնարտադրող էլ՝ Արտյոմ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ կառավարությունից պահանջում ենք խելացի ծրագրեր․«Շատ դանդաղ են գործում, եթե այսպես շարունակվի, ոլորտը կփլուզվի»։
Բաից այս, նա նշեց, որ մոտ մեկ ամիս է՝ կառավարության որոշմամբ ջրօգտագործման նոր պայմաններն են գործում․«Ջրի կրճատման հարցն է։ Էս պահին մեզ ջուրը պետք է, որպեսզի կարողանանք ձուկը ջրի մեջ պահենք»։
Տնտեսվարողները նաև ասացին, որ հեշտ չէ ԵՄ-ում գործընկեր գտնելը, այս ուղղությամբ էլ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի։

