Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան | Region

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան

Հուլիս 22,2026 11:03

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Սահակյանը ՄԻԵԴ-ում կներկայացնի Ռուբեն Վարդանյանի շահերը։

Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:

Սահակյանի տարածած հայտարարության  մեջ նշվում է․«Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։

Ավելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։

Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։

Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։

Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:

Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»:

Նորություններ