«ՌԴ-ում էլ լարվածություն կա, ռուս գործարարները չեն ուզում հույս կապել հայկական ընկերությունների հետ»․ Վահրամ Միրաքյան | Region

«ՌԴ-ում էլ լարվածություն կա, ռուս գործարարները չեն ուզում հույս կապել հայկական ընկերությունների հետ»․ Վահրամ Միրաքյան

Հուլիս 24,2026 17:00

«Ռոսսելխոզնադզոր»-ի՝ հայկական մի շարք ապրանքների ներմուծման արգելքից հետո հայ գործարարների շրջանում անորոշությունը շարունակվում է։ Թեև կառավարությունն աջակցության ծրագրեր է իրականացնում ՌԴ սահմանափակումների տակ գտնվող հայ արտադրողներին, այդուհանդերձ, գործարարները դեռ մեծ վնասներ են կրում։

Այսօր հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) հուլիսի 27-ից սահմանափակելու է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից։

Մինչ այս ՌԴ ներմուծման սահմանափակումների տակ էին դրվել հայկական արտադրության ձուկը, ծիրանը, «Ջերմուկը», մի քանի տեղական արտադրողների կոնյակը, գինին, թարմ լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչեղենը, ելակը, բալը, սալորաչիրը, դեղձը, նեկտարը և այլն։ Ռուսական կողմը սա հիմնավորում է, թե տվյալ ապրանքները «չեն համապատասխանում սահմանված որակական չափանիշներին», սակայն, ըստ էության խնդիրը քաղաքական է։ ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ․ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Ռուսական այս սանկցիաներին արձագանքելով՝ ԵՄ-ն փորձում է օգնել Հայաստանին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս ամսվա սկզբին հայտարարել է․ «․․․ԵՄ-ն կբացի իր դռները հայկական արտադրանքի համար Եվրամիության 450 մլն-անոց սպառողների շուկայում»։

ՀՀ կառավարությունը սուբսիադավորում է սանկցիաների տակ գտնվող հայ արտադրողներին իրենց ապրանքը ԵՄ արտահանելու համար։ էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Ըստ նրա՝ նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում։

«Պրոցեսն, իհարկե, դրական է, բայց մի քիչ ուշացած, որովհետև եթե սա մեկ-երկու տարի առաջ սկսած լիներ, բիզնեսին պատրաստած լինեին, հիմա ավելի լավ վիճակ կլիներ»,- RegionsTV-ի հետ զրույցում ասում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը՝ գնահատելով կառավարության աջակցության ծրագրերը։ Նրա խոսքով՝ մի քանի տարի պետք կլինի, որպեսզի բիզնեսն ուշքի գա ու վերականգնվի այդ սանկցիաների հետևանքներից։

Միրաքյանը նշում է՝ «Մանթաշյանց» ակումբի անդամ գործարարների աջակցությամբ Լեհաստան ծիրան արտահանվեց, ակումբի անդամ գործարարներից մեկը կազմակերպեց դա․« Կարելի է ասել, որ այս տարի թեստային տարի էր, փորձաշրջան էր։ Մոտ հարյուր տոննա տարան, մյուս տարի մի քանի հազար տոննա կտանեն։ Ամեն դեպքում, ամենաքիչը երկու տարի կտևի մինչև բիզնեսը հունի մեջ ընկնի։ Լավ է, որ  տարբեր նախագծեր են արվում, բայց  պետք է  հաշվի առնել, որ արդյունքը երկու-երեք տարի հետո կլինի, նույնիսկ՝ ավելի շատ»։

Երբ ՀՀ խորհրդարանն անցած տարի մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը,  կարճ ժամանակ անց Կրեմլից կոշտ հայտարարություններ հնչեցին, նույն բովանդակությամբ, ինչ խորհրդարանական ընտրություններից առաջ էր՝ «ՀՀ-ն չի կարող միաժամանակ երկու միության անդամ լինել, Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ»։

Այսինքն, դեռ մեկ տարի առաջ կանխատեսելի էր, որ Կրեմլը կփորձի տնտեսական լծակներ օգտագործել Հայաստանի նկատմամբ, հետևաբար, կառավարությունը պետք է նախապատրաստեր բիզնեսին։

«Մինչև այսպես ասած կրակ չի լինում, քայլեր չեն ձեռնարկվում։ Սա միայն կառավարության վարքագծին չի վերաբերևում, սա նաև բիզնեսին է վերաբերում»,-ասում է Միրաքյանը։

ԵԱՏՄ շուկան, ըստ էության, ավելի մոտ էր հայ արտադրողներին, հարմարվել են, ու շատերը ԵԱՏՄ-ից դուրս այլ շուկաներ չեն  էլ փնտրել՝այդպիսով կախվածության մեջ մնալով այդ շուկայից։

Միրաքյանն այս առնչությամբ նշում է՝ այլ շուկաներ, այլ գործընկերներ գտնելու համար ֆինանսական ներդրումներ են պետք, ինչպես նաև՝ ժամանակ, պետք է անընդհատ մասնակցել էքսպոների, հանդիպումներ ընկերությունների հետ, ընդորում շատ դեպքում անարդյունք, բայց պետք է շարունակել այնքան, մինչև արդյունք ստանաս․«Իսկ դրա ռեսուրս է պետք ծախսել։ Օրինակ նույն սերտիֆիտակների վրա ներդրում անել և այլն։ Շատերը մինչ «դանակը ոսկորին չի հասել»,  ոչինչ չեն արել։ Ասենք՝ տարվա մեջ մի երկու էքսպոյի են գնացել ու վերջ, փորձել են քիչ ներդրումով աշխատել։ Իսկ այդպես նոր շուկաներ ու գործընկերներ չես կարող գտնել»։

«Մանթաշյանցը» ամենամեծ միջազգային բիզնես ակումբն է, որտեղ ներգրավված են շատ հայտնի գործարարներ։ RegionsTV-ի հարցին՝ ի՞նչ ազդակներ կան ակումբի անդամ գործարարներից, ինչպես են արձագանքում ռուսական այս սահմանափակումներին, Միրաքյանը պատասխանում է՝ ակտիվորեն այլ շուկաներ են փնտրում Եվրոպայում, արաբական երկրներում և այլուր։

Ինչ վերաբերում է ՌԴ շուկային, ակումբի նախագահը նշում է․«Ընդհանուր լարվածություն կա,  ընդ որում՝ ռուսական կողմում էլ լարվածություն կա՝ չեն հասկանում, թե ինչ կլինի, ու շատ էլ չեն ուզում հույս կապել հայկական  ընկերությունների հետ, նաև այն ոլորտների գործարարների, որոնք սահմանափակումների տակ չեն ընկել, քանի որ անորոշություն կա»։

Միրաքյանն ասում է՝ իհարկե, արտահանման անկում կա ու դեռ կլինի, բայց ռուսական այս սանկցիաները նաև հնարավորություն են նոր շուկաներ գտնելու համար։

«ԵՄ-ն երբեք այսքան բաց չէր եղել մեզ համար, մաքսային արտոնություն տրվեց։ Սա դրական առիթ է այդ շուկային ծանոթանալու համար, մուտք գործելու համար, ինչը նաև կվերափոխի հայկական բիզնեսը։ Ինչ էլ լինի, ԵՄ-ի հետ աշխատելը ավելի լավ է, քան ռուսականը։ Դա կնպաստի, որպեսզի մեր տեղական բիզնեսը համաշխարհային մակարդակի բարձրանա։ Իհարկե, Ռուսաստանում էլ կան լավ բիզնեսներ։ Բայց պետք է նշել, որ արևմտյան աշխարհի տնտեսությունն ավելի զարգացած է,  հետևաբար այդ տնտեսության, բիզնես մշակույթը կանդրադառնա տեղական բիզնեսի վրա, մեր տնտեսությունը կդարձնի ավելի մրցունակ։ Բայց այս ամենը կլինի որոշակի անկումներից հետո։ Հուսանք՝ մեծ չեն լինի»։

Վերջերս ձկնաբույծներն էին բողոքի ցույց անում, նրանք պնդում էին, թե որքան էլ կառավարությունն իրենց սուբսիդավորում է, չեն կարողանում իրենց արտադրանքը ԵՄ արտահանել։ Այս ընկերությունները մեծ չեն, ռեսուրս չունեն ԵՄ-ում գործընկերներ գտնելու համար։

Վահրամ Միրաքյանը խնդրի լուծման տարբերակ է կանխատեսում, նշում է՝ խոշորները միջին ու մանր ընկերություններից կգնեն, կհավաքեն ապրանքը ու կարտահանեն ԵՄ, ընդ որում, սահմանափակումներից առաջ էլ որոշ դեպքում այդպես էին աշխատում։ Կամ պետք այդ ընկերությունները վերափոխվեն, ներդրում անեն, ինչը ևս ծախսեր է պահանջում ու ժամանակ։

Նելլի Բաբայան

Նորություններ