Ավելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատները
Նոր ուսումնասիրությունն անսպասելի փաստեր է ի հայտ բերել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ընտանիքի ծագման վերաբերյալ։ Իտալացի հետազոտողը պարզել է, որ ֆուտբոլային աստղի նախնիներից մեկը ծնվել է բրազիլական Սան Պաուլու նահանգում, նախքան ընտանիքի՝ Արգենտինա տեղափոխվելը, իսկ այդ ճանապարհորդության ընթացքում փոփոխության է ենթարկվել նաև նրանց ազգանունը։
Բրազիլական «Globo» պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի գենեալոգիայի մասնագետ Ֆիորենցո Սանտինին տարիներ է ծախսել արգենտինացի ավագի տոհմածառը կազմելու համար։ Նրա հետաքրքրությունը «Մեսսի» ազգանվան ծագման նկատմամբ առաջացել էր դեռևս «Բարսելոնայում» ֆուտբոլիստի ելույթների վաղ շրջանում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Մեսսիի հայրական կողմի նախապապը՝ Անջելո Մեսսին, կնոջ հետ 1893 թվականին իտալական Ռեկանատի քաղաքից մեկնել է արգենտինական Ռոսարիո։
Սակայն ավելի ուշագրավ է մայրական կողմի պատմությունը։ Նրա նախապապ Ռանիերի Կոկիետինին, ծնված լինելով իտալական Սան Սևերինո Մարկե շրջանում, կնոջ՝ Ռոզա Ռիկեցայի հետ գաղթել է Բրազիլիա՝ «Վաշինգտոն» նավով 1899 թվականի սեպտեմբերի 20-ին ժամանելով Սանտոսի նավահանգիստ։
Պատմական փաստաթղթերը վկայում են, որ Բրազիլիայում ընտանիքի անունն ու ազգանունը փոփոխության են ենթարկվել, ինչը պայմանավորված էր այն ժամանակ օտարերկրյա անունների գրանցման բարդություններով։ Ռանիերին դարձել է «Ռամիերո Կոնչիետինի» (Ramiero Concchietini)՝ տիպիկ փոփոխություն այդ ժամանակաշրջանի ներգաղթյալների համար։
Հաստատվելով Սան Պաուլու նահանգում՝ նախապապն աշխատել է Ռինկաո շրջանի ֆերմաներից մեկում, որից հետո տեղափոխվել է Ռիբեյրան Պրետու քաղաք։ Հենց այնտեղ էլ ծնվել են ընտանիքի երեխաներից երկուսը, այդ թվում՝ Արդիրիգոն՝ 1904 թվականին։
Արդիրիգոյի ծնունդից մոտ մեկ տարի անց ընտանիքը լքել է Բրազիլիան և մեկնել Արգենտինա՝ հաստատվելով Ռոսարիոյի մերձակայքում։
Այնտեղ սկսվել է նոր փուլ։ Ավելի ուշ ծնվել է Մեսսիի պապը՝ Անտոնիո Կոկիետինին, այնուհետև նրա մայրը՝ Սելյա Մարիա Կոկիետինին, իսկ արդեն 1987 թվականի հունիսի 24-ին լույս աշխարհ է եկել Լիոնել Անդրես Մեսսի Կոկիետինին։
Սանտինին պարզաբանել է, որ 2019-ից 2022 թվականներին անցկացրած իր հետազոտությունների ընթացքում նկատել է՝ Իտալիայում «Կոկիետինի» ազգանվամբ որևէ գրանցում գոյություն չունի։ Փաստաթղթերի և Մեսսիի մոր բարեկամների միջոցով նա բացահայտել է, որ ազգանվան աղավաղումը տեղի է ունեցել հենց Բրազիլիայում ապրելու տարիներին։
Այս բացահայտումների շնորհիվ 2022 թվականին Մեսսին արժանացավ իտալական Սան Սևերինո Մարկե քաղաքի «պատվավոր քաղաքացու» կոչմանը՝ ի նշան իր ընտանեկան արմատների։
Ըստ ուսումնասիրության՝ չկան տվյալներ, որ 1905 թվականին Արգենտինա տեղափոխվելուց հետո Մեսսիի բարեկամներից որևէ մեկը մնացել է Ռիբեյրան Պրետուում:
Միակ խորհրդանշական կապը, որն այսօր արգենտինացի աստղին կապում է այդ քաղաքի հետ, Սան Պաուլու նահանգում գտնվող «Մարտինիկո Պրադո» անվամբ փողոցն է. այն կրում է այն ֆերմերի անունը, ով ժամանակին հյուրընկալել էր Մեսսիի նախնիներին՝ նախքան նրանց վերջնական արտագաղթն Արգենտինա։
Նորություններ
