Հայ-ամերիկյան TRIPP ծրագրում Բաքվի համար տեղ չկա․Ալիևի քարոզիչը նոր սպառնալիքներ է հնչեցնում․ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը | Region

Հայ-ամերիկյան TRIPP ծրագրում Բաքվի համար տեղ չկա․Ալիևի քարոզիչը նոր սպառնալիքներ է հնչեցնում․ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը

Հուլիս 25,2026 21:01

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, հայտնի քարոզիչ Թոֆիգ Զուլֆուգարովը, որը կարելի է ասել Ալիևի խոսափողն է, օրերս հայտարարել է, թե Իրանին սահմանակից Մեղրիի երկաթգծի հատվածը հանդիսանում է Ադրբեջանական Հանրապետության սեփականությունը՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ, միաժամանակ բարձրացնելով հետևյալ հարցը. «Ինչո՞ւ Հայաստանը չի վերադարձնում մեր սեփականությունը»։ Հատկանշական է, որ նա այս հայտարարությունն արել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման թեմայի ակտիվացման շրջանում։

«Հայաստանի հասցեին իր ագրեսիվ հայտարարություններով ու սպառնալիքներով հայտնի Զուլֆուգարովը վերջին շրջանում հաճախ է արծարծում այս միտքը»,-նկատում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ներկայացնել Հայաստանի զգալի տարածքների նկատմամբ․«Վերջերս Իլհամ Ալիևը պնդում էր, թե հայկական պետությունը «ստեղծվել է ուրիշի հողերի վրա», և որ ժամանակակից Հայաստանը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։ Ադրբեջանը ձգտում է զավթել Հայաստանի ավելի շատ տարածքներ և նոր պահանջներ է առաջ քաշում»։

REGIONSTV-ին տված հարցազրույցում Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է, որ հունիսի 13-ին բռնազավթված Շուշիում ընթացող գլոբալ ֆորումի ժամանակ Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհն անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ կիրառելով միջանցքային տերմինաբանությունը։

Փորձագետի կարծիքով՝ Զուլֆուգարովի հայտարարությունները սոսկ ինչ-որ նախկին արտգործնախարարի խոսքեր չեն, դա Ադրբեջանի քաղաքականություն է, իսկ տարբեր շրջանակներից ստացվող ազդակները հաստատում են, որ ամեն դեպքում իրենք դժգոհ են, որ այն անվանվում է Սյունիքի ճանապարհ։

«Ինչ վերաբերում է անկլավների փոխանակման թեմային, ադրբեջանական կողմը դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տեքստում փորձում էր ներառել Տիգրանաշենի, Սոֆուլուի և Բարխուդարլուի փոխանակման հարցը։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ջանքերով այդ թեման հանվեց օրակարգից։ Ավելի ուշ Ադրբեջանը նորից վերադարձրեց այդ թեման, իսկ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել անկլավների փոխանակման մասին։ Ընդ որում, նա կեղծ տեղեկատվություն տարածեց այն մասին, թե իբր ադրբեջանական թղթադրամի վրա, որտեղ պատկերված է Ադրբեջանի քարտեզը, Արծվաշենն առանձին նշված է այլ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։  Իրականում 2020 թվականից հետո տպագրված ադրբեջանական թղթադրամների՝ մանաթների բոլոր նմուշների վրա Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես Հայաստանի անկլավ, այլ որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Փաշինյանն մոլորեցնող հայտարարություն է արել՝ չհայտնելով, որ Բաքուն ոչ միայն Արծվաշենը, այլև Վերին Ոսկեպարը և Սոֆուլու-Բարխուդարլուն համարում է Ադրբեջանի տարածքներ»,-նշում է Հայրապետյանը։

Ադրբեջանագետի կարծիքով՝ «ելնելով Փաշինյանի հայտարարությունից՝ նա պատրաստ է քննարկել անկլավները, բայց, առնվազն, չի խոսում որևէ հանրաքվեի մասին։ Դրանով իսկ նա ինքն է հիմք, հող նախապատրաստում անկլավները առանց հանրաքվե անցկացնելու հանձնելու համար»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանը որպես Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ դիտարկելու մասին Զուլֆուգարովի հայտարարությանը, Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ «երբ իրեն հարմար է, նա ներկայիս Ադրբեջանը համարում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ երբ անհարմար է՝ Ադրբեջանը համարում է Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ։ Օրինակ՝ նույն Զուլֆուգարովը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, թե իբր Խորհրդային Միությունը զավթել է Ադրբեջանի տարածքները և տվել Հայաստանին և այլն։ Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ իրենք իրենց հռչակել են 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հաջորդներ, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջան Հանրապետության իրավահաջորդներ»։

Ադրբեջանագետի խոսքով՝ «Զուլֆուգարովը փաստացի շատ դրվագային կերպով փորձում է տարբեր հարցեր ներկայացնել ու օգտագործել տարբեր ձևերով, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք այս առումով չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։ Ուստի Ալիևի քարոզիչն ու խոսափողը տարվել է և սկսել է Հայաստանի հասցեին սպառնալի տեքստեր հրապարակել՝ ընդհուպ մինչև ռազմական սցենարներ։ Պետք է խոստովանել, որ ադրբեջանական մեդիայում 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո սպառնալիքներ չէին լսվում»։

Տաթևիկ Հայրապետյանը ընդգծում է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը սկսել է ակտիվորեն հակահայկական արշավ վարել՝ նույնիսկ ակնարկելով հատուկ գործողության մեկնարկի մասին, այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնստանտին Սոկոլովին նշանակեց TRIPP+  հիմնադրամի ղեկավարի պաշտոնում, որը զբաղվում է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացմամբ․« Մոտ 10 օր առաջ նա Ֆեյսբուքում մի գրառում էր կատարել, որում ասվում էր. «TRIPP+-ի գործադիր տնօրեն է նշանակվել հրեա-ռուսական արմատներով ներդրող Սոկոլովը, իսկ Փաշինյանն առանց մեր թույլտվության թափառում է Զանգեզուրի լեռներում և ասում, թե չի շտապում փոխել Սահմանադրությունը։ Գուցե արդեն ժամանա՞կն է լեռնային հատուկ ջոկատայինների վարժանքներ անցկացնելու՝ Նախիջևանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ռեյդային երթեր մշակելու համար»»։

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանը, որը սովոր է իրեն համարել տարածաշրջանային գործընթացների առանցքային խաղացող, հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում հայտնվում է երկրորդ պլանում. «Ադրբեջանում այս պահին հարցեր են բարձրացնում և դժգոհություն արտահայտում որոշ գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում են TRIPP ծրագրի շուրջ։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ TRIPP երթուղով մուտքի և ելքի վերահսկողությունը լինելու է Հայաստանի ձեռքում, և դա դուր չի գալիս Բաքվին։ Ադրբեջանը ցանկանում էր լինել այս ամբողջ ծրագրի տերը, բայց իրականում հայ-ամերիկյան ծրագրում նրա համար տեղ չկա. պարզապես Ադրբեջանին պատրաստ են հնարավորություն տալ անցնելու այդ ճանապարհով բոլորին հավասար պայմաններով, ահա թե որն է խնդիրը»։

Նա կարծում է, որ Բաքուն դեռևս իր որոշ պահանջներն ու դժգոհություններն արտահայտում է Թոֆիգ Զուլֆուգարովի և նրա հայտարարությունների միջոցով։ «Զուլֆուգարովը բոլորովին վերջերս Vesti.az-ին  ասել էր, թե TRIPP նախագծի իրականացումը զարգանում է, և կարելի է արձանագրել, որ որոշակի չափով այն արդեն ստացել է գործնական մեկնարկ։ Նրա խոսքով՝ «դրա հետ է կապված նաև Փաշինյանի անսպասելի տարվածությունը ալպինիզմով այդ տարածաշրջանում (Սյունիքում)։ Ես դա կանվանեի քաղաքական ալպինիզմ։ Նրա վերելքները լեռներ կոչված են ցույց տալու, որ TRIPP նախագիծը գրեթե խորհրդանշում է Հայաստանի հաղթանակը և այդ տարածքի նկատմամբ նրա ինքնիշխանության պահպանումը։ Միևնույն ժամանակ, գործընթացը մնում է բարդ։ Հայկական կողմը հասկանում է, որ եթե փորձի ստեղծել Ադրբեջանի պահանջներին չհամապատասխանող պայմաններ, ամբողջ նախագիծը կարող է այդպես էլ չիրականացվել»»։

Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ պաշտոնական անձանցից կամ նրանց մոտ կանգնած փորձագետներից հնչող նմանատիպ հայտարարություններն ուղղված են ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանը՝ ձևավորելով Ադրբեջանին ձեռնտու որոշակի նարատիվ։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ